HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանն անգամ այս թույլ վիճակով ունի սփյուռքի լծակը, բայց չի օգտագործում՝ ի նպաստ իր դիրքի հզորացման»

«Հետքի» հարցերին պատասխանում է ֆրանսաբնակ լրագրող, արեւելագետ Տիգրան Եգավյանը։ Այս տարվա փետրվարին հրատարակվել է նրա «Հայաստանի աշխարհաքաղաքականությունը» գիրքը (ֆրանսերեն)։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ֆրանսիա կատարած այցին եւ հայ-ֆրանսիական համաժողովին, նշել է, որ պետք է նոր լիցք հաղորդել Ֆրանսիայի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը։ Ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում հայ-ֆրանսիական, այսպես կոչված, առանձնաշնորհյալ հարաբերությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից։

-Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապշեցուցիչն ու նշանակալիցը սենտիմենտալ հարթության, բարեկամության, հիշողության, մշակույթի եւ երկկողմ առեւտրի կառուցվածքային թուլության միջեւ առկա խոր անհավասարակշռությունն է: Չնայած երկու կողմերի ջանքերին՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը մնում է 100 միլիոն եվրոյից ցածր։

Ֆրանսիայի մասնաբաժինը շուկայում ցածր է (մոտ 2 %), Հայաստանը փոքր շուկա է՝ սահմանափակված Եվրասիական տնտեսական միությունը կարգավորող կանոններով։ Ֆրանսիան Հայաստանի արտահանման գործընկերների տասնյակում չկա. մատների վրա կարելի է հաշվել Հայաստանում հիմնադրված ֆրանսիական ընկերությունների թիվը։ Եթե ​​Հայաստանը տարիներ շարունակ հյուրընկալում է ֆրանսիացի բարձրաստիճան քաղաքական գործիչների, ապա ներդրողները բացակայում են հայաստանյան շուկայից, բացառությամբ մի քանիի, ինչպիսիք են «Veolia»-ն, «Crédit Agricole»-ը, «Carrefour»-ը, «Pernaud Ricard»-ը:

Օրինակ՝ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ առեւտուրը 2019 թ․ կազմել է 749 միլիոն եվրո, նույնիսկ եթե այն մեծապես կախված է ածխաջրածիններից, ինչը բացատրում է տարեցտարի խիստ տատանումները:

Քաղաքական մակարդակում արդեն ավանդույթ է դարձել հարաբերությունների գերազանց մակարդակը ողջունելը, բայց մենք հաճախ մոռանում ենք որ բարեկամությունը, զգացմունքներն ու մշակույթը միջազգային հարաբերություններում որեւէ ազդեցություն չունեն։ Ֆրանսիան եւ Հայաստանը չհայտարարված պատերազմական վիճակում գտնվող աշխարհաքաղաքական մրցակից դաշինքներին են պատկանում։ 2016-ի 4-օրյա եւ 2020-ի 44-օրյա պատերազմները ցույց տվեցին, որ Փարիզը չի թռչի Հայաստանին օգնության։ Որպես ընդհանուր կանոն, ներկայումս այս հարաբերություններում ռազմավարական բաղադրիչ չկա: Ֆրանսիան Հայաստանին զենք չի վաճառում, չկա էական համագործակցություն, ինչպիսին օրինակ ատոմային էներգետիկան է։

Պարոն Մակրոնը, այնուամենայնիվ, հայտարարեց, որ Ֆրանսիայի կառավարությունը կստեղծի հատուկ հիմնադրամ, որը նախատեսված է Հայաստանին լայնածավալ օգնություն տրամադրելու համար։ Նա հորդորեց Ֆրանսիայի շրջաններին եւ բարեգործական կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում: Երկու կառավարությունները մշակել են «ֆրանկո-հայկական տնտեսական ճանապարհային քարտեզ» առաջիկա հինգ տարիների համար, ինչպես նաեւ նախատեսում են ավելի շատ համատեղ ծրագրեր, որոնք, ըստ Մակրոնի, օգուտ կբերեն Հայաստանի հանրային ենթակառուցվածքին, առողջապահական համակարգին եւ մշակութային ու պատմական ժառանգությանը։

-Փաշինյանի հետ հանդիպմանը Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի պատերազմը չի կարող հետեւանքներ չունենալ Հայաստանի եւ տարածաշրջանի համար։ Ապա ավելացրել, որ ստեղծված իրավիճակում չի մոռացվել 2020 թ աշունը, որտեղ դեռ չլուծված հարցեր կան։ Արդյոք Մակրոնի ասածն ակնարկ է այն մասին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են օգտվել Ուկրաինայում ստեղծված խառը իրավիճակից, ինչպես դա արեցին 2020 թ աշնանը, երբ «մեծ խաղացողները» զբաղված էին այլ գործերով։

-Նշենք, որ նախագահ Մակրոնի ելույթն առաջին հերթին ուղղված է Ֆրանսիայի հայ համայնքին ընտրական տեսանկյունից։ Իր կամքից անկախ պատճառներով նա չէր կարողացել ներկա գտնվել «CCAF»-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ) տարեկան ընթրիքին, եւ դա առիթ էր նշել նախընտրական ծրագիրն իր վերընտրման քարոզարշավի կեսին։ Այն փաստը, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, իրեն չի հուզում, քանի որ մենք գիտենք, որ նա միաժամանակ մեծ էներգիա է գործադրում Ադրբեջանի հետ մերձենալու համար։

-Փաշինյանն ու Մակրոնը կարեւորել են ղարաբաղյան հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ղեկավարը, փաստորեն, կրկին հիշեցնում է, որ հակամարտությունը լուծված չէ, իսկ լուծման միակ ձեւաչափը Մինսկի խմբի ձեւաչափն է։ Մակրոնի եւ մյուս համանախագահների հայտարարությունները լուծման սպասող հարցի մասին արդյոք կարող են որեւէ լուրջ ազդեցություն ունենալ Ալիեւի բռնապետական ռեժիմի վրա, որը 44-օրյա ագրեսիայից հետո հարցը համարում է փակված։

-Մակրոնը նշեց նաեւ Մինսկի խումբը եւ ֆրանսիացի համանախագահի առաջիկա այցը Ստեփանակերտ, բայց դա շատ քիչ հավանական է, հատկապես որ ուկրաինական պատերազմը հավանաբար ստորագրել է իր տեսակի մեջ այս եզակի դիվանագիտական ​​մեխանիզմի մահվան հրամանը, որը միավորում է ամերիկացիներին եւ ֆրանսիացիներին։

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի ելույթը մեկնաբանվեց որպես Հայաստանին ի վերջո Եվրամիությանն անդամակցելու հրավեր: Խնդիրն այն է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը ի վիճակի չեն Հայաստանի անվտանգության նվազագույն երաշխիք տալ։ Փարիզը նույնիսկ չի նշել այն դերը, որը Հայաստանը կարող է ունենալ որպես միջնորդ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ։ Ուստի մենք պետք է հասկանանք, որ այս երկար ծրագրված ֆորումը «փոխհատուցում» էր Արեւմուտքի կողմից լքված Հայաստանի համար, որը, բացի 2,6 միլիարդ դոլարի պայմանական տնտեսական օգնության խոստումից, ակնկալելու բան չունի իր եվրոպացի ընկերներից։

Այս ֆորումը չնայած որոշակիորեն անկազմակերպ էր, ուներ ֆրանս-հայկական հարաբերություններում տնտեսական խաղացողներին համախմբելու արժանիք: Չորս կետ, որ արժանի է հիշատակել․ 1) Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ ԹՈՒՄՈ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի շրջանակներում առաջարկվող որակյալ ուսուցումը 2) հարկման հետ կապված խնդիրները 3) Հայաստանի ակտիվը, որը, չնայած իր աշխարհագրական մեկուսացմանը, ցանկանում է դարպաս դառնալ դեպի Եվրասիա 4) Ֆրանսիական զարգացման գործակալության շնորհիվ կրիտիկական ենթակառուցվածքների (ճանապարհներ, ոռոգման համակարգեր) զարգացման հնարավորություն (օրինակ՝ Սյունիքի ճանապարհը կամ Վեդիի ջրամբարը)։ Սրանք դեռ զենք չեն, բայց արդեն նշանակալի քայլ են։

-Պարոն Եգավյան, առհասարակ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, եւ ի՞նչ քայլեր պետք է անի ՀՀ-ն արտաքին քաղաքական ճակատում։

-Ցավոք սրտի, Հայաստանի դիվանագիտությունը շատ տկարացավ «թավշյա հեղափոխությունից» հետո։ Ակնհայտ է, որ ներկա վարչակազմը նախընտրեց արժեւորել ԱԳՆ-ում աշխատող այն անձանց, որոնք զուտ հնազանդություն եւ վստահություն էին ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով տաղանդավոր եւ փորձառու։ Դա, իսկապես, ցավալի երեւույթ է։ Հայաստանի դիվանագիտությունը շատ գործնական չէ եւ կարող ավելի մեծ ճկունություն ցուցաբերել, չնայած Հայաստանի ներկա դիրքը շատ թույլ է։

Այս հարցին անպայման պետք է անդրադառնալ այն տեսնակյունից, որ Հայաստանի մարդկային ռեսուրսներն այլեւս գտնվում են երկրի սահմաններից դուրս, եւ որքան Հայաստանը մաշվի, չի նշանակում, թե սփյուռքը կհզորանա։ Բայց սփյուռքում կան արհեստավարժ լրագրողներ, քաղաքագետներ, համալսարանականներ, նույնիսկ դիվանագետներ, որոնք կարող են ծառայել Հայաստանի պետականության շահերին։

Վերջերս Ֆրանսիայում նկատեցինք, որ Վրաստանի նախագահը՝ Սալոմե Զուրաբաշվիլին, որը փայլուն ֆրանսախոս է, ծագումով ֆրանսիացի, նախկին ֆրանսիացի դիվանագետ, ցույց տվեց, որ վրացիներն այդ լծակը կարող են օգտագործել ի նպաստ իրենց ազդեցության։ Հայաստանն անգամ այս թույլ վիճակով ունի սփյուռքի լծակը, բայց չի օգտագործում՝ ի նպաստ իր դիվանագիտության, արտաքին քաղաքականության եւ դիրքի հզորացման։

Հետեւաբար, ուզում եմ նշել, որ մենք այլեւս կանգնած ենք երկու մարտահրավերների առաջ՝ կա՛մ այս պետությունը կհզորացնենք սփյուռքի տարրերով, կա՛մ կշարունակենք Հայաստանի ռուսացման գործընթացը եւ կդառնանք ռուսական մարզ, ինչպես նշեց Ռոբերտ Քոչարյանը։ Միտքս առանց հոռետեսության ավարտելով՝ պիտի նկատի ունենանք, որ Հայաստանն ունի սփյուռքի լծակը․ այս գիտակցությունը պետք է ունենանք։

Մեկնաբանություններ (1)

Harry Milian
Comments are well said. We need good communications, motivational advocacy, activism. There needs to learn to be more interaction to establish good strategy , encouragement and support as a united global community. WE NEED VISION !!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter