HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ այս օրերին ընթանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Այդ մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։ Հանդիպումը կայանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Երևանն ու Անկարան քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

Նախապես կողմերը պաշտոնապես չէին հայտարարել կայանալիք հանդիպման մասին։

Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են երկու անգամ՝ Մոսկվայում և Վիեննայում։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։ Flyone Armenia-ն Ստամբուլ առաջին չվերթն իրականացրեց փետրվարի 2-ին։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

 

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter