HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու եղբայրները զոհվել են նույն օրը՝ Շուշիում

«Ես չգիտեմ՝էս ի՞նչ պատերազմ էր, էս ի՞նչ էր, որ մեր երկու տղերքին տարավ»,-ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա և Արամ Արզումանյանների հայրը՝ Սուրեն Արզումանյանը։

Սուրենը մեզ ուղեկցում է գերեզմանատուն, որն անմիջապես նրանց տան կողքին է։ 

Ցույց է տալիս Արալեզի զոհված տղաների շիրիմները, ապա՝ իր որդիներինը։ 

«Ամբողջ օրը ստեղ ենք»,- հազիվ լսելի ձայնով ասում է նա։

Ժորա և Արամ Արզումանյանները զոհվել են 2020-ի նոյեմբերի 7-ին, Շուշիում։ 

Եղբայրները ծառայում էին ոստիկանության ներքին զորքերում։ Բնակվում էին Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրում։

«Ժորան ու Արամը միշտ միասին էին»,- հիշում է նրանց մայրը՝ Անահիտ Արզումանյանը։ Անգամ ոստիկանության զորքերում ծառայելիս են եղել միասին։ Ժորան ներքին զորքերում ծառայում էր 2013 թվականից, Արամը՝ ավագ եղբայրը, 2019-ից։ Ծառայությանը զուգահեռ շինարարությամբ էին զբաղվում։ Աշխատասեր էին, իրենց ընտանիքների ապրուստն ապահովելու համար ամեն ինչ անում էին, կազմակերպված, խելացի»,-պատմում է Անահիտը։

Պատերազմի առաջին օրը Ժորան ու Արամը հերթապահության չեն եղել։ Աշխատավայրից զանգահարել ու ասել են, որ պատերազմ է սկսվել, կանչել են աշխատանքի։ Եղբայրները մեկնել են առաջնագիծ, առաջին օրերին եղել են Քարվաճառում։ Հոկտեմբերի 24-ին եկել են հերթափոխի։ 

Ծնողներն ու կանայք նրանց խնդրել են չգնալ։ Ժորան ու Արամն ասել են, որ չեն կարող։

Հետո նորից առաջնագիծ են մեկնել։ Տնեցիներին ասել են, թե Վարդենիսում են լինելու։ «Մեզ ասեցին՝ մի անհանգստացեք, մեզ ուրիշ տեղ չեն տանելու, Վարդենիս ենք գնում»,-պատմում է մայրը։

Միայն որդիների զոհվելուց հետո է Անահիտ Արզումանյանն իմացել, որ նրանք Շուշիում են եղել։

Վերջին անգամ զանգահարել են նոյեմբերի 7-ի առավոտյան։ Շատ կարճ են խոսել, ասել են, որ ամեն բան կարգին է։ Ժորայի կինը՝ Լիլիթը, հետո է իմացել, որ Արամն ու Ժորան շրջափակման մեջ են եղել։

Հարազատները տեղեկացել են, որ Արամը զոհվել է ցերեկը՝ ժամը 3-ին, Ժորան` երեկոյան ժամը 6-ին։

Ամուսնու զոհվելուց հետո Լիլիթ Ղազարյանը որոշել է ծառայության անցնել ոստիկանության ներքին  զորքերում։ 

«Շատ պահատական էր որոշումս, երբեք նման ցանկություն չէի ունեցել, բայց մի օր որոշեցի, որ ուզում եմ շարունակել ամուսնուս գործը»,-ասում է նա։

Նոյեմբերի 13-ին ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Շուշիից աճյուններ են դուրս բերվել։ Նրանց մեջ էին նաև Արամի ու Ժորայի աճյունները։

Սուրեն Արզումանյանին օրեր առաջ են սրտի ստենտավորում արել։

Հարցնում եմ՝ առողջական խնդիրներ ունե՞ր, Ժորայի կինը՝ Լիլիթը, պատասխանում է. «Հեշտ բան չի երկու որդի կորցնել ու դիմանալ, պատերազմից հետո է առաջացել»։

Արամ Արզումանյանը 36 տարեկան էր, ամուսնացած էր, ունի 2 դուստր։ 

Ժորա Արզումանյանը 31 տարեկան էր, ամուսնացած էր, ունի 1 որդի։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter