HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներն անորոշության ու սպասման մեջ են

Ուկրաինայում ընթացող պատերազմի 17-րդ օրն է: Բազմաթիվ ռուսաստանցիներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում։ Երևանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նրանց։  

Սաշա և Անյա

Անյան ռուս է, Սաշան՝ ուկրաինացի։ Մինչ պատերազմը նրանք բնակվում էին և՛ Ռուսաստանում և՛ Ուկրաինայում։ Անյան նախքան Հայաստան տեղափոխվելը աշխատում էր որպես մենեջեր, Հայաստան տեղափոխվելու համար ազատվել է աշխատանքից։ Սաշան ծրագրավորող է, այժմ հեռավար է աշխատում։ Հայաստան են տեղափոխվել երկու օր առաջ։ Բնակվում են հոսթելում։ Եվրոպայում հարազատներ ունեն, առաջիկայում պատրաստվում են տեղափոխվել այնտեղ։ 

«Այստեղ անվտանգ է, մեր հարազատները Ռուսաստանում են, մենք՝ այստեղ, նրանց համար ենք մտահոգվում, եկել ենք, քանի որ սանկցիաների պատճառով մեզ համար այնտեղ ամեն ինչ գրեթե սահմանափակված է»,-ասում է Անյան։ 

Զույգն առաջին անգամ է Հայաստանում։ Նրանց զարմացրել է հայերի ընդունելությունը։ 

«Մեզ ապշեցրել է այստեղի հյուրընկալությունը, սկսած օդանավակայանից՝ անընդհատ գտնվում են մարդիկ, որոնք սիրով փորձում են մեզ օգնել, մեզ համար այստեղ շատ հարմար է, խանութի վաճառողներից մինչև հոսթելի աշխատակիցներ՝ բոլորը ջերմ են»,-պատմում է Անյան։

Պատերազմի մասին նրանք իմացել են համացանցից, այնուհետև զանգահարել են Ուկրաինայում բնակվող իրենց ընկերներին ու հարազատներին ու տեղեկացել, որ Ուկրաինան ռմբակոծվում է։

«Դժվար էր հատկապես առաջին շաբաթը, ուրիշ ոչ մի բանի մասին մտածել հնարավոր չէր, աշխատել հնարավոր չէր, որոշեցինք դուրս գալ Ռուսաստանից ինչքան հնարավոր է շուտ, քանի որ չվերթները կամ հետաձգվում էին կամ՝չեղարվում»,-ասում է Սաշան։

Ավիատոմսերի գները բարձրանում են ամեն ժամ։ Նրանց առաջին չվերթը չէր կայացել։ Ավիաընկերությունը պարզապես չեղարկել էր բոլոր չվերթները։

Սաշան մտածում է նոր աշխատանք գտնելու մասին։ Ռուսական ռուբլին արժեզրկվում է, ժամանակի ընթացքում նրանց խնայողությունները կվերջանան, իսկ աշխատավարձը, որը ստանում է ռուբլով, չի բավականացնի Հայաստանում նորմալ ապրելու համար։ 

Դիմա և Սաշա (Ալեքսանդրա)

Սաշան (Ալեքսանդրա) և Դիման աշխատում են  տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում։ Հայաստան են տեղափոխվել մեկ շաբաթ առաջ, Ռուսաստանի Կրասնոյարսկ երկրամասի Ռիբինսկի շրջանի Ուրալ գյուղաքաղաքից՝ նախնական 1 ամսով։ Պատերազմի մասին իմացել են համացանցից։ «Ամեն ինչ ռիսկի տակ էր, սանկցիաներ են կիրառվում ամեն ինչի վրա, ու անհասկանալի է՝ վաղը դու կարո՞ղ ես աշխատե,լ թե՞ ոչ, որոշել ենք տեղափոխվել, մինչև ինչ-որ լուծում լինի»,-ասում է Սաշան։

Երկուսն էլ միջազգային ընկերությունում են աշխատում։ Նրանց համար առավել ապահով է առայմ Ռուսաստանից դուրս աշխատել։ Ապրում են հյուրանոցում։ Մեկ շաբաթվա համար վճարում են 150 000 դրամ։ «Մենք հասկանում ենք, որ գնաճ է եղել, բայց նաև հասկանում ենք, որ Հայաստան տեղափոխվողները շատ են, պահանջարկն է մեծացել, բայց  դեռևս դիմանում ենք»,-ասում է Սաշան։

Նրանց ընկերները նախորդ տարի եկել էին Հայաստան, խորհուրդ էին տվել անպայման այցելել, բայց Սաշան և Դիման չէին էլ կարող ենթադրել, որ առաջին անգամ Հայաստան կգան պատերազմի պատճառով։ 

Զույգի ընտանիքի անդամներն ու հարազատները Ռուսաստանում են։ «Մեր հնարավորության չափով եթե կարողանանք, այստեղից գումարով կօգնենք մեր հարազատներին, քանի որ ես և Դիման աշխատում ենք, եթե, իհարկե, ինչ-որ պատճառով չկորցնենք աշխատանքը։ Այդ պատճառով էլ տեղափոխվել ենք Հայաստան»,-ասում է Սաշան։

Առաջին հայացքից Հայաստանը գրավել է նրանց։ Ասում են՝ այստեղ ավելի տաք է, քան Կրասնոյարսկում։

Ալեքսեյ  և Տատյանա 

Ալեքսեյն ու Տատյանան ապրում էին Մոսկվայում։ Ունեն երկու զավակ։ Ալեքսեյը թարգմանիչ է։ Տատյանան երկրորդ երեխայի ծննդից հետո դեռևս չի աշխատում։ Ալեքսեյն այս պահին հեռավար է աշխատում։ 

Հարցնում եմ՝ ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է սկսվել։ Տատյանան սկսում է արտասվել։ Ալեքսեյը գրկում է կնոջը.

-Տատյան, ուզու՞մ ես չխոսենք, կներեք մեզ, բայց…

-Չէ չէ, ինչու՞, ավելի լավ է խոսենք։ Պատերազմը սարսափելի բան է, մենք դա չենք ուզում։ Առավոտյան ես բոլորից շուտ էի արթնացել, վերցրի հեռախոսս ու սկսեցի արտասվել։ Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան։ Ահավոր էր։

Հայաստան են տեղափոխվել մարտի 4-ին։ Մինչ այդ տոմսեր էին գնել դեպի Վրաստան։ «Ավելի վաղ տոմսեր էինք գնել, որպեսզի Վրաստան գնանք, հետո գտանք ավելի արագ տարբերակ՝ մարտի 4-ին Հայաստան, որոշեցինք այստեղ գալ»,-ասում է Ալեքսեյը։

Այժմ ընտանիքն ապրում է հյուրանոցում։ Նրանց ծնողներն ու հարազատները դեռևս Մոսկվայում են։

Ալեքսեյն ու Տատյանան չգիտեն, թե դեռ ինչքան  կմնան Հայաստանում։ 

«Իմ կարծիքով՝ այստեղ հիմա ամեն ինչի գինը կրկնակի բարձրացել է, բնակարաններն են թանկ, նաև ռուբլու փոխարժեքն է նվազել, չգիտենք, թե ինչ կլինի, հիմա ուղղակի հարմարվել ենք հյուրանոցին, բայց այսպես երկար չենք կարող»,-ասում է Ալեքսեյը։

 Տատյանան հավելում է, որ սահմանափակումներ են կիրառվել նաև իրենց բանկային հաշիվների վրա։

«Բոլոր նրանց համար, ովքեր լքել են պետությունը, սանկցիաներ են կիրառված, վիզա և մաստեր քարտերը չեն գործում, օնլայն ոչ մի գործարք չենք կարող անել, այսինքն՝ եթե մեր կանխիկ գումարը վերջանա, մենք չենք կարող վերադարձի կամ այլ տեղ գնալու տոմս գնել»,-ասում է Տատյանան։

Սոֆյա և Ալեքսանդր

Ալեքսանդրը ծրագրավորող է, Սոֆյան՝ սոցիալական մեդիայի մասնագետ։ Հայաստան են եկել երեկ՝ մարտի 11-ին, հայկական ավիաընկերության չվերթով։ 

«Մենք տոմսերը ձեռք էինք բերել նախապես, հիմա ավելի բարդ է, այն ժամանակ դեռ թռիչքները չէին հետաձգվել, օրինակ՝ ռուսական ԶԼՄ-ները գրում էին, որ օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության  (ФСБ) աշխատակիցները ստուգումներ էին անում, հարցնում, թե ի՞նչ նպատակով և ինչքա՞ն ժամանակով են պատրաստվում մեկնել, բայց մեզ չստուգեցին, գուցե եթե ստուգեին, չթույլատրեին հատել սահմանը»,-ասում է Ալեքսանդրը։

Նրանք այժմ բնակվում են հոսթելում, բայց բնակարան են փնտրում, քանի որ առաջիկա մի քանի ամիսներին Հայաստանում կլինեն։ Ալեքսանդրն ասում է՝ եթե Հայաստանն իրենց դուր գա, գուցե մշտական բնակության տեղափոխվեն։

Նրանք առաջին անգամ են Հայաստանում։ Ծնողները դեմ չեն եղել տեղափոխվելու  նրանց որոշմանը, քանի որ Ռուսաստանում Սոֆյան և Ալեքսանդրը չէին կարողանա շարունակել աշխատել։ Եթե որոշեն հիմնական բնակություն հաստատել Հայաստանում, ծնողներն ու հարազատները հյուր կգան նրանց։

Տեղափոխվելու համար Հայաստանի ընտրությունը ընկերների խորհրդով են կատարել, որոնք նախկինում այցելել են։ «Մեզ ասել են, որ այստեղ մարդիկ բարեհամբույր են, հեշտ է շփվել, հյուրասեր են, բնությունն է արտակարգ, շատ էին դրական կարծիքները։ Եվ, իրոք, կարծես թե այդպես է, ասում էին էժան է ամեն ինչ, բայց դրա հետ այնքան էլ համաձայն չեմ, ռուբլին արժեզրկվել է, ստացվում է, որ կրկնակի ենք վճարում ամեն ինչի համար»,-ասում է Սոֆյան։ 

Զույգը մտածում է այլ արժույթով (դրամ, դոլար) վճարվող աշխատանք գտնելու մասին։

Ալեսյա 

Ալեսյան ընտանիքի՝ ամուսնու և երեխայի հետ Ռուսաստանի Դաշնության Դուբնա քաղաքից Հայաստան է եկել մարտի 2-ին։ Բնակարան են վարձել Մաշտոցի պողոտայում։ Ալեսյան մասնագիտությամբ բժիշկ է, ամուսինը՝ ՏՏ մասնագետ։ 

«Մեր ինքնաթիռը օդում էր, երբ պարզվեց, որ ընկերությունը, որտեղ աշխատում է ամուսինս, սանկցիաների պատճառով Ռուսաստանում փակվեց։ Պատկերացնու՞մ եք, ինքնաթիռի մեջ իմացանք։ Ամերիկյան ընկերություն է»,-պատմում է Ալեսյան։

Այդ ընկերությունը Հայաստանում ներկայացուցչություն ունի, ուստի այստեղ բնակվելն ընտանիքի համար այս պահին առավել նպատակահարմար է։

Ալեսյան 10-ից ավելի հայ ընկերներ ունի, նրանք են խորհուրդ տվել Հայաստան տեղափոխվել։ Շատ է մտածում, թե ինչ է լինելու հետո։ «Ինչքան էլ փորձում եմ չմտածել, չի ստացվում, չգիտեմ՝ ինչ է լինելու, ոչ ոք չգիտի, բայց ոչ մի լավ բան չեմ սպասում, ուզում ենք տուն վերադառնալ, դժվար է, Ռուսաստանում ենք թողել նաև մեր շանը, նրան էլ ենք կարոտում»,-ասում է նա։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter