
Մևլյութ Չավուշօղլու. «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում երրորդ երկիր չպետք է լինի»
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում երրորդ կողմի անհրաժեշտություն չկա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ։
«Մենք խոսում ենք խաղաղության և կայունության մասին։ Սակայն դրա համար Հայաստանում ևս պետք է այդ գիտակցումը լինի։ Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի։ Եղել է պատերազմ, եղել է բռնազավթում, սակայն ամեն ինչ ավարտվել է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն ամեն ինչ»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, որոնց թվում են փոխադարձ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչումը, միմյանց համար անվտանգության սպառնալիք չներկայացնելը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, համագործակցությունը տարբեր ոլորտներում և այլն։
Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն էլ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել