Հայաստան ներմուծվող թռչնամսի 34%-ը Ուկրաինայից է. հայ-ուկրաինական առևտուրը
Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը իր հետքերն է թողնում ռուսական և ուկրաինական կողմի տնտեսությունների և նրանց գործընկեր-երկրների վրա։
Ինչպես արդեն գրել ենք, Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է և որոշ ապրանքների, այդ թվում՝ պարենամթերքի հիմնական մատակարաներից մեկը։
Ուկրաինայի հետ Հայաստանը նույնպես առևտուր է անում, սակայն՝ շատ ավելի համեստ ծավալներով, քան Ռուսաստանի։
Ե՛վ ներմուծման, և՛ առավել ևս արտահանման մեջ սահմանափակ է այն ապրանքների թիվը, որոնց գծով Ուկրաինան Հայաստանի գլխավոր գործընկերն է։
Հայ-ուկրաինական առևտուրը բացասական հաշվեկշռով է։ Հայաստանը հիմնականում ներմուծողի կարգավիճակում է։
Թռչնամիս, շոկոլադ, շաքար. Ուկրաինայից Հայաստան ներմուծման առաջին «եռյակը»
Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ՝ 2021 թվականի տվյալներով՝ Ուկրաինային է բաժին ընկել Հայաստանի արտահանման ընդամենը 0.9%-ը։ Դա կազմել է 26 մլն դոլար։
Հայաստանի ներմուծման կազմում Ուկրաինայի կշիռը 2.7% է։ Խոսքը 143 մլն դոլարի մասին է:
Քանի որ Հայաստանի մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել ներմուծումն ու արտահանումը երկիր-ապրանք կտրվածքով, հետևաբար՝ հասկանալու համար հայ-ուկրաինական առևտրի ապրանքային կառուցվածքը, դիտարկել ենք 2020 թվականը։
2020 թվականին Հայաստանը Ուկրաինայից ներմուծել է 123 մլն դոլարի ապրանք:
Ամենաշատ ներմուծվող առաջին 10 ապրանքների կազմում պարենային մթերքից թռչնամիսն է, հաջորդում են շաքարը, շոկոլադը, հրուշակեղենը, կարագը:
Իսկ ոչ պարենային ապրանքներից Հայաստանը Ուկրաինայից ամենաշատը ներմուծում է ծխախոտ, երկաթից կամ պողպատից գլանվածք, որոնք ներմուծման առաջին տասնյակում են:
Տասնյակից դուրս բոլոր ապրանքների ծավալները անհամեմատ ավելի փոքր են:
Ասել, որ Հայաստանի համար Ուկրաինական շուկան կարևորագույններից է պարենային անվտանգության տեսանկյունից, չափազանցված կլինի:
Միայն ներմուծվող թռչնամսի մասով է, որ հայկական կողմը ուկրաինական կողմից որոշակի կախում ունի, քանի որ թռչնամսի գծով Ուկրաինան Հայաստանի խոշոր մատակարարներից է:
2020 թվականին Հայաստանը ներմուծել է ընդհանուր առմամբ 34 հազար տոննա թռչնամիս (մեծամասամբ՝ հավի միս), որի արժեքը կազմել է 30 մլն դոլար: Ըստ արժեքի՝ ներմուծված թռչնամսի 34%-ը Ուկրաինայից է:
Թռչնամսի հայկական շուկան դեռևս բավականին հեռու է ինքնաբավ լինելուց: Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում սպառվող հավի մսի միայն շուրջ 30%-ն է տեղական արտադրությամբ բավարարվել, մնացածը՝ ներմուծվածի հաշվին է։
Հայաստան ներմուծվող թռչնամսի զգալի հատված գալիս է Ուկրաինայից, որի հետ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում՝ նշված երկրից ներմուծված թռչնամսի համար մաքսատուրքը չի գանձվում, 0% է։
- Թռչնամսի հայկական շուկայում գերիշխում է ներմուծվածը. ինչպես կազդի մաքսատուրքի բարձրացումը
- Ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը «ձևական է». տեղական թռչնամիս արտադրողները թույլ դիրքերում են
Բացի Ուկրաինայից, Հայաստան թռչնամիս է ներմուծվում հիմնականում Բրազիլիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից ու Բելգիայից:
Ուկրաինայից Հայաստան ներմուծվող շոկոլադի, շաքարի և ալյուրից հրուշակեղենի կազմում Ուկրաինայի կշիռը 20%-ի չի հասնում:
Այս ցուցանիշը փոքր-ինչ ավելի բարձր է խտացրած կաթի և շաքարից պատրաստված հրուշակեղենի (սպիտակ շոկոլադ, մաստակ, կարամել և այլն) գծով:
Հայկական ապրանքները Ուկրաինայում գործնականում մեծ պահանաջարկ չունեն։ Եթե բացառվի սիգարետն ու կոնյակը, ապա կստացվի, որ հայկական մյուս ապրանքները Ուկրաինայում վաճառվում են չնչին ծավալներով։
2020 թվականին Հայաստանը դեպի Ուկրաինա է արտահանել ընդամենը 26 մլն դոլարի ապրանք, որի մոտ կեսը միայն կոնյակն է եղել:
Արտահանվել է 1.1 մլն լիտր կոնյակ՝ 13 մլն դոլարով: Հիշեցնենք, որ հայկական կոնյակի արտահանման գլխավոր շուկան Ռուսաստանն է, ուր ուղղվում է հայկական կոնյակի մոտ 80%-ը, իսկ դեպի Ուկրաինան ուղղվել է 6%-ը։
Հայաստանից Ուկրաինա արտահանվող մյուս խոշոր ապրանքախումը սիգարետն է: 2020-ին արտահանվել է 8 մլն դոլարի սիգարետ: Դա կազմում է նույն տարում Հայաստանից արտահանված սիգարետի 3%-ը:
Վերջին տասը տարիներին հայ-ուկրաինական առևտրաշրջանառությունը՝ ներմուծումն ու արտահանումը միասին, չեն գերանազանցել 170 մլն դոլարը։
Գլխավոր լուսանկարը՝ Rastislav Sedlak /Getty Images/ iStockphoto
Մեկնաբանել