HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բերդիմուհամեդովի որդին ընտրվել է Թուրքմենստանի նոր նախագահ

Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը՝ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, հաղթող է ճանաչվել երկրի նախագահի ընտրություններում։ Այդ մասին հայտնում է «Туркменистан сегодня» պետական տեղեկատվական գործակալությունը։

Ըստ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ քվեարկության արդյունքում Բերդիմուհամեդով կրտսերը հավաքել է ձայների 72,97 %-ը։ Մնացած թեկնածուները հավաքել են 1-ից մինչև 11,09 % ձայն։

Սերդար Բերդիմուհամեդովի երդմնակալության արարողությունը կկայանա մարտի 19-ին Օղուզխան պալատական համալիրում։

Ընդհանուր առմամբ ընտրությունների մասնակցել է 3 362 052 մարդ, ինչը կազմել է գրանցված ընտրողների 97,17 %-ը։

Արտահերթ նախագահական ընտրություններում կրտսեր Բերդիմուհամեդովի առաջադրման մասին հայտարարվել էր 2022 թվականի փետրվարի 14-ին։ Փետրվարի 12-ին հայտնի էր դարձել, որ այդ երկրի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է իր հրաժարականի մասին և նշել «երիտասարդ կառավարիչներին ճանապարհ տալու մտադրության մասին»: Բերդիմուհամեդովը Թուրքմենստանը նախագահում է արդեն 15 տարի՝ 2007 թվականի փետրվարից։ 

Ի՞նչ է հայտնի Սերդար Բերդիմուհամեդովի մասին։

Սերդար Բերդիմուհամեդովի 40 տարեկանը լրացել է 2021 թվականի սեպտեմբերին, որով հաղթահարել է այդ երկրի սահմանադրությամբ ամրագրված նախագահի նվազագույն տարիքային շեմը։ Փորձագետների կարծիքով՝ Բերդիմուհամեդով ավագից կրտսերին իշխանության փոխանցումն իրականացվում է մի քանի տարի շարունակ և «եզրափակիչ փուլ» է դուրս եկել դեռ մեկ տարի առաջ, իսկ դրան կարող է խանգարել միայն վատթարացող տնտեսական իրավիճակն ու երկրի բնակչության դժգոհության աճը։

Ինչպես նշել է «Хроника Туркменистана»-ն, մինչև 2016 թվականի աշուն, Բերդիմուհամեդովի որդու մասին գրեթե ոչինչ հայտնի չէր։ Առաջին անգամ լրատվամիջոցները նրա մասին պատմել էին 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հոր հետ միասին ժամանել էր ընտրատեղամաս։ 

Բերդիմուհամեդով կրտսերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն սկսեց հայտնվել այն բանից հետո, երբ 2016 թվականին նա առաջին անգամ ընտրվեց Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավոր, իսկ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պետական լրատվամիջոցները հրապարակեցին նրա ամբողջական կեսագրությունը։

Այդտեղից պարզ է դառնում, որ Բերդիմուհամեդովը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 22-ին, ամուսնացած է և ունի 4 երեխա։ Առաջին մասնագիտությամբ ինժենետ-տեխնոլոգ է։ Մի քանի տարի աշխատել է սննդի արդյունաբերության և նավթագազային ոլորտներում։

Քաղաքական կարիերայից առաջ սովորել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում, իսկ Քաղաքականության և անվտանգության Ժնևի կենտրոնում ստացել եվրոպական և միջազգային անվտանգության մագիստրոսի աստիճան։ Սովորելը համատեղել է Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանի խորհրդականի և Ժնևում ՄԱԿ-ի կառույցներում Թուրքմենստանի մշտական ներկայացուցչի պաշտոնների հետ։

Պետական ծառայության ժամանակ Բերդիմուհամեդով կրտսերը հասցրել է աշխատել Թուրքմենստանի ԱԳՆ-ում, գլխավորել արդյունաբերության նախարարությունը, ինչպես նաև եղել Ահալի վիլայաթի (մարզ) նահանգապետ, որտեղ, իր նախկին աշխատակիցների խոսքով, ենթակաների հետ նրա խոսակցության ժամանակ սիրելի արտահայտությունը եղել է «վիզդ կոլորեմ»-ը։ Բացի այդ, նրանց արգելվում էր առանց անհրաժեշտության դուրս գալ աշխատասենյակներից, իսկ եթե դուրս էին եկել, չաղմկել, քանի դեռ Բերդիմուհամեդով կրտսերը գտնվում էր շենքում։

2021 թվականի փետրվարին նա նշանակվել էր Թուրքմենստանի փոխվարչապետի պաշտոնում։ Այդ ժամանակ Բերդիմուհամեդով կրտսերը փաստացի դարձել էր հոր տեղակալը, քանի որ այդ երկրում չկա վարչապետի պաշտոն, իսկ կառավարությունը գլխավորում է նախագահը։

Լուսանկարը՝ Թուրքմենստանի կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter