HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է պաշտոնյաների վարքագծի կանոնները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում։

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները, իսկ հանրային ծառայող է համարվում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձը։

«Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հաստատելու մասին» որոշման նախագծի համաձայն՝ հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներն են համարվում հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, ինչպես նաև բարեխղճությունն ու  օբյեկտիվությունը։

Հանրային ծառայողի տիպային կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի բաղադրիչ։ Պարտադիր կանոնները իրենցից ներկայացնում են որոշակի վարքագծի հետևելու պարտադիր կանոնների համախումբ, իսկ խրախուսելի կանոնները օրինակելի չափանիշների շարք են, որը պարտադիր նվազագույնից ավելին է և բնորոշում է գերազանցությունը հանրային ծառայության համակարգում: Հանրային ծառայողը չի կարող պատժվել խրախուսելի կանոններին չհետևելու համար։

Ինչպես նշված է որոշման նախագծի հավելվածում, հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոնների թվում են հարգալիրությունը և գնահատանքը, օրինականությունը, բարեխղճությունն ու հավատարմությունը հանրային շահին, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, բարեկրթությունը, նվերների ընդունման արգելքը և այլն։

Խրախուսելի կանոնների թվում են գործընկերներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը, կոռուպցիոն բնույթի դեպքերի մասին հաղորդում ներկայացնելը խրախուսելը, աշխատանքային բարոյահոգեբանական բարենպաստ և առողջ միջավայր ստեղծելը և այլն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախագծի ընդունման արդյունքում ակնկալում է ամրապնդել հանրային ծառայության բարեվարքության համակարգը, ապահովել հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ, ստեղծել հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործիք, ինչպես նաև բարձրացնել հասարակության քաղաքացիական պահանջատիրությունը՝ հանրային ծառայության համակարգում ակնկալվող վարքագծի առնչությամբ։

Հավելենք, որ այս որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն Կառավարության հավանությանն արժանանալուց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter