
Արցախում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները սկսվել են
Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների արդյունքում՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի։
«Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա:
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով»,- ասվում է տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ 2022թ․ մարտի 8-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական դիրքի մոտ վնասվել է ՀՀ-ից Արցախ մտնող գազատար խողովակը, և ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքների իրականացմանը։
Մեկնաբանել