HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաղավարդցի Հովիկ Ավագյանը զոհվելուց մեկ օր առաջ շրջափակումից դուրս է բերել 52 հոգու

2020թ. հոկտեմբերի 23-ին Թաղավարդ գյուղի բնակիչ, կամավոր Հովիկ Ավագյանը Քիրս լեռան մոտակայքում Հադրութից նահանջող 52 զինծառայողի հանում է շրջափակումից և հասցնում այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Զարդանաշեն գյուղ։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, Հովիկ Ավագյանը զոհվում է Զարդանաշեն-Թաղավարդ գյուղերի միջև գտնվող դիրքում, դիպուկահարի կրակոցից։

Հովիկը ընտանիքի հետ ապրում էր Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Հովիկն ու կինը՝ Էմման, 3 դուստր ունեն։

Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հովիկ Ավագյանը կնոջ հետ Ստեփանակերտում է եղել։ Ռումբերի պայթյունի ձայներ են լսել, Հովիկը կնոջ հետ Թաղավարդ է վերադարձել։

Երկու օր անց, տեսնելով, որ իրավիճակն ավելի է լարվում, Էմման աղջիկների հետ տեղափոխվել է Երևան։

Անգելինան՝ երեք աղջիկներից փոքրը, թեթև աթլետիկայով էր զբաղվում ունի, 15 մեդալ, 9 գավաթ, հանդես է եկել Արցախի, Հայաստանի դրոշի ներքո տարբեր երկրներում, Հայաստանի չեմպիոն էր: Պատերազմի օրերին հայրը կատակում էր՝ «էսքան մեդալ ու գավաթ ո՞նց եք տեղափոխելու, մեքենան տեղից չի շարժվի»։

Հովիկ Ավագյանը Արցախյան առաջին պատերազմի ընթացքում վիրավորվել էր, ուներ երկրորդ կարգի հաշմանդամություն։ Կինը՝ Էմման, պատերազմի օրերին ամուսնուն հորդորել է, որ նա էլ դուրս գա գյուղից, սակայն Հովիկը մնացել է գյուղում․ «Չեմ թողի գյուղը, ո՞նց եմ հետո գյուղացիների դեմքին նայելու»,- ասել է Հովիկը։

Հադրութից նահանջող 52 հոգանոց վաշտը, տեղանքում չկողմնորոշվելով, մոլորվել էր Քիրս լեռան մոտակայքում։ Վաշտի հետ է եղել նաև գումարտակի հրամանատարի տեղակալ, թաղավարդցի Աշոտ Գրիգորյանը, որը կապվում է գյուղացիների հետ և խնդրում, որ գան իրենց դիմավորեն, դուրս բերեն շրջափակումից։ Բացատրում են գտնվելու մոտավոր վայրը, Հովիկը և գյուղացիներից Վարուժան Միրզոյանը ձիերով գնում են ընդառաջ և կարողանում են դուրս բերել վաշտին և զինամթերքը։

«Հովիկը պատմում էր, որ էդ ժամկետային էրեխեքը էնքան հյուծված ու սոված էին, որ ճանապարհին ինչ գտնում, ուտում էին, իրա սրտին էլ դարդ ա եղել, ասել է` տղե՛րք, արխայի՛ն եղեք, ես ասել եմ, ձեր համար ճաշ են պատրաստում, հասնենք Զարդանաշեն։ Էնտեղ ասել էր մի մեծ ղազանով խաշլամ էին պատրաստել»,- պատմում է Էմման։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, «Ճոխտ Պըռվածառ» վանքի դիրքերի մոտ՝ Զարդանաշեն և Թաղավարդ գյուղերի միջև գտնվող հատվածում, Հովիկ Ավագյանը զոհվում է։

Վերջին անգամ Հովիկին տեսել է Զարդանաշենի գյուղապետ Վոլոդյա Դանիելյանը։ Գյուղ եկած պահեստազորին դիմավորելու ճանապարհին տեսել է Հովիկին՝ մենակ ծառի մոտ դիրքավորված, ասել է, որ պահեստազորի տղաներն են գալիս․ «Ասել եմ՝ արի, դու իջի՛, ասել է՝ հա՛, գնացե՛ք, ես կգամ»- պատմում է գյուղապետը։ Երբ հասել են գյուղ, կրակոցի ձայներ են լսել:

Իմացել են, որ մի հոգի գյուղից զոհվել է, հերթով սկսել են զանգել բոլոր նրանց, ովքեր եղել են մոտակա դիրքերում։ Միայն Հովիկը չի պատասխանել:

«Ադրբեջանական զորքը Զարդանաշենի կողքով մտնելիս է եղել Սարգսաշեն, դեռ Զարդանաշենի վրա չեն եկել, կողքով են անցել։ էդ ճանապարհին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվում է Հովիկը»,- պատմում է Էմման։

Հովիկի ավագ դստեր՝ Գայանեի ամուսինը զոհվելու օրվա առավոտյան զանգահարել է Հովիկին, հարցրել, թե ինչու՞ դուրս չի գալիս գյուղից, քանի որ արդեն մյուս բոլոր գյուղացիները դուրս են եկել։ Հովիկն ասել է, որ արդեն ուշ է։ Ընտանիքի անդամները կարծում են, որ կա՛մ նա եղել է շրջափակման մեջ, կա՛մ էլ վիրավոր ու չի կարողացել դուրս գալ։

Աշոտ Գրիգորյանը՝ Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալը պատմում է, թե ինչպես է Հովիկ Ավագյանը իրենց մոլորված վաշտին դուրս բերել շրջափակումից:

«Հադրութից նահանջելու ճանապարհին 52 հոգանոց վաշտում նաև կար մեկ կամավորական՝ զինվորի ծնող, և գումարտակի բուժքույրը, ընդհանուր՝ 52 հոգի: Թութակները (տեղամաս Հադրութի շրջանում, խմբ․) ադրբեջանցիները վերցրել էին, արդեն մտել էին Դրախտիկ, Ազոխ։ Ճանապարհը արդեն փակվել էր, մեզ էլ ավտո չի եղել, մենակ մնացել էինք մենք, վերևները գիտեին արդեն՝ մենք չկանք, կոտորվել ենք:

Տող գյուղից՝ Թութակների տակից ոտքով մտել ենք Տումի գյուղ, ուզում էինք մտնել Մեծ Թաղեր, բայց արդեն գյուղը վերցրած էր, նորից էդտեղ ձախ ենք թեքվել, որպեսզի չմտնենք մարտի մեջ, զինամթերքը քիչ էր։ Թեքվել ենք դեպի ձախ, դեպի Քիրս, որ իրանց դեմ չգանք, իրանք արդեն անտառում էին։ Հովիկը երբ որ եկել ա մեր հետևից, ադրբեջանցիները արդեն Մեծ Թաղերի անտառում են եղել՝ դեպի Քիրս: Հովիկն ու Վարուժանը ձիերով էին եկել, մեզ մոտ ծանր զենքեր կային, որ բարձեինք բերեինք։ Մեզ բացատրեցին, թե որտեղ հանդիպենք, ու իրենք մեզ դիմավորեցին: Հովիկը ճանապարհին վատացավ, առողջականը շատ վատ էր, մեր բուժքույրը ասեց՝ ձին բեռներից ազատենք, Հովիկը նստի ձիու վրա իջնի, չհամաձայնեց, ասեց՝ ես եկել եմ ձեզ հանեմ ստեղից, ու ոչ մի րոպե չկանգնեց: Հասանք, գիշերը Զարդանաշենի վերևը սրբատեղի կա՝ Ճոխտ Պըռվածառ, էդտեղ։ Ինքը մնաց դիրքերում, մեր հետևից հաջորդ օրը եկան, տեղափոխեցին Մարտունի: Երբ իմացանք՝ Հովիկը զոհվել է, ամբողջ վաշտը լացում էր։ Հոկտեմբերի 26-ին գնացել եմ Թաղավարդ՝ մեր վաշտին փրկած Հովիկի գերեզմանին»,- պատմում է գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Գրիգորյանը:

Հովիկի մարմինը դուրս է բերել կնոջ՝ Էմմայի եղբայրը։ Հովիկի հեռախոսն ու զենքն իր հետ չի եղել, բայց անձնագիրը գրպանում էր։

Հովիկին հուղարկավորել են հոկտեմբերի 25-ին Թաղավարդի գերեզմանատանը։ Գերեզմանատունը գտնվում էր Վերին Թաղավարդում, որը հոկտեմբերի 27-ին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

2020-ի դեկտեմբերի 19-ին Հովիկ Ավագյանի ու Թաղավարդում հուղարկավորված ևս 4 գյուղացիների աճյունները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով դուրս են բերվել Վերին Թաղավարդից և վերահուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը։

Ավագյանների տունը Թաղավարդի բարձունքի վրա էր, ադրբեջանցիները տունը հողին են հավասարեցրել ու այդտեղով ճանապարհ են կառուցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter