HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բարձր գնաճ, ցածր տնտեսական աճ. Fitch-ը՝ Հայաստանի տնտեսական հեռանկարի մասին

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի «ճգնաժամի» հետևանքները՝ հաշվի առնելով երկու տնտեսությունների միջև կարևոր կապերը։ Սակայն, գործակալությունը ներկայում ակնկալում է, որ Հայաստանը կարող է առանց լուրջ ցնցումների ու արժեզրկումների հաղթահարել այդ հետևանքները։ 

Այսօր հրապարակված զեկույցով Fitch Ratings-ը վերահաստատել է Հայաստանի ՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով:

Վարկանիշը հիմնվում Հայաստանում մեկ շնչի հաշվով եկամուտների, կառավարման, գործարար միջավայրի, «հուսալի»  մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության վրա։ 

Հակառակ դրան, ըստ գործակալության՝ Հայաստանի համար ռիսկային է այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, համեմատաբար թույլ են արտաքին ֆինանսները, առկա են  աշխարհաքաղաքական ռիսկեր։

Այդուհանդերձ, երկիրը, ըստ Fitch-ի, առաջիկայում վճարունակություն խնդիրներ չի ունենա։

«2021 թվականի դրությամբ Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ապրանքների արտահանման 28%-ը, ներմուծման՝ 37%-ը, զբոսաշրջային հոսքերի, օտարերկրյա ուղղակի ներդրումների և դրամական փոխանցումների 40%-ը»,- նշված է գործակալության զեկույցում, որի հիման վրա կանխատեսվում է, որ Ռուսաստանի տնտեսական անկումը և ռուսական ռուբլու էական արժեզրկումը կհարվածեն հայկական արտահանմանը։

Նաև կանխատեսվում է, որ տրանսֆերտների՝ դրամական փոխանցումների սպասվող կրճատմանը զուգահեռ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից սպառումը կկրճատվի՝ բացասաբար ազդելով տնտեսական աճի վրա։ 

Նախկինում գործակալությունը կանխատեսում էր, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 5.3%, նոր կանխատեսմամբ՝ 1.3%-ով։  

Ստեղծված իրավիճակում, ըստ Fitch-ի վերլուծաբանների, գնաճի տեմպերը կրկին կարագանան։

Ըստ նրանց՝ 2022 թվականին գնաճը Հայաստանում կկազմի միջինում 8.5%, որը բարձր է Կենտրոնական բանկի նախանշած թիրախից՝ 4% +/- 1.5%-ից։ Իսկ 2023 թվականի համար գործակալությունը կանխատեսում է  5% գնաճ։ Համեմատության համար՝ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 6.5%, հունվարին՝ 7.1%:

Ըստ գործակալության՝ Կենտրոնական բանկը կշարունակի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը մեղմելու համար, սակայն Հայաստանի տնտեսության դոլարայնացման բարձր մակարդակը դրան կխոչընդոտի։

«Կառավարությունը, որը վերընտրվել է 2021 թվականի հունիսին, կայուն է և ամրապնդում է իր ձեռքբերումները։ Չնայած երբեմն բռնկումներին, Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն վատթարացել, ռուս խաղաղապահները շարունակում են զինադադար պահպանել վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»,- նշված է զեկույցում։

Ինչ վերաբերում է բանկերին, գործակալության գնահատմամբ՝ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի բանկային ոլորտում չափավոր ռիսկ է պարունակում։ 

Առանց անուն նշելու ընդգծվում է, որ ռուսական միայն մեկ  բանկին 2021 թվականի արդյունքներով բաժին է ընկել Հայաստանի բանկային համակարգի ակտիվների 5%-ը. «Սակայն, այն հիմնականում հիմնված է տեղական ֆինանսավորման վրա, և ներկայում նրա գործառնություններն, ըստ էության, չեն տուժել»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter