HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Բնակչությանն ինֆորմացիա չտալով՝ կառավարությունն ավելի է սրում գնաճի վերաբերյալ սպասումներն ու խուճապը»

«Կառավարությունը պետք է իր ունեցած բոլոր լծակներով բնակչությանը հասցներ այն միտքը, որ պարենային շուկայում իրավիճակը կառավարելի է, խուճապի և անհարկի գնումների կարիք չկա։ Հակառակ դեպքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, ինչի ականատեսն եղանք օրեր առաջ, երբ բնակչությունը շտապեց գնել ալյուր, ձեթ, շաքարավազ ու առաջնային այլ ապրանքներ՝ մտավախություն ունենալով, որ դրանց գծով առաջիկայում դեֆիցիտ կլինի, իսկ գներն է'լ ավելի կբարձրանան»,- կարծում է ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը։ 

«Հետքի» հետ զրույցում նա նշում է, որ Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկն (ԿԲ) այսօր համահունչ չեն աշխատում գնաճը կառավարելու գործում։ Եթե արտաքին տնտեսական գործոններով պայմանավորված՝ գնաճը երբեմն անխուսափելի է դառնում Հայաստանում, ապա գոնե բնակչության սպասումների ու սպառողական վարքագծի առումով կառավարությունն ու ԿԲ-ն ճիշտ քաղաքականության դեպքում կարող են զսպել գնաճը։ 

Մարտի 15-ին Կենտրոնական բանկը հայտարարեց, որ միանգամից 1.25 տոկոսային կետով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն տոկոսը, որով ԿԲ-ն վարկեր է տալիս բանկերին, բանկերն էլ նույն գումարով վարկավորում են քաղաքացիներին։

Տոկոսադրույքը բարձրացնելով՝ ԿԲ-ն փորձում է զսպել սպառումն ու գնաճը։ Երբ բանկային վարկերի տոկոսադրույքները բարձրանում են, բնակչությունը սկսում է ավելի քիչ վարկ վերցնել, ավելի քիչ ծախսել ու ավելի քիչ ազդել գնաճի վրա։

Այս անգամ ԿԲ-ն կտրուկ բարձրացրել է տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%, քանի որ գլխավոր դրամատան մասնագետները առաջիկայում գնաճի տեմպերի արագացում են կանխատեսում և այս քայլով փորձում են ազդել ապագա գնաճի վրա։ 

Բարձր գնաճի կանխատեսումները պայմանավորված են ռուս-ուկրաինական ընթացող պատերազմի հետևանքներով։ Ապրանքահումքային շուկաներում գնաճ է գրանցվում, որը ներմուծվող ապրանքների տեսքով ներթափանցում է  նաև Հայաստան։

«Արտաքին հատվածում՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության պայմաններում, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվել են տարբեր պատժամիջոցներ: Արդյունքում՝ դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական ավելացում: ԱՄՆ-ում և եվրագոտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Արդյունքում` արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն»,- բացատրում են Կենտրոնական բանկից: 

9.25% վերաֆինանսավորման տոկոսադրույքն ամենաբարձրն է 2015 թվականի տարեվերջից ի վեր։ Մինչ այդ, երբ կրկին արտաքին քաղաքական ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա ակնհայտ էին, տոկոսադրույքը 2015 թվականի ընթացքում ավելի բարձր մակարդակում է եղել՝ հասնելով 10.5%-ի։

«Վերջին երկու տարիներին գնաճային «երկրաշարժեր» են տեղի ունենում անընդհատ։  Առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջև չի սպասվում»,- մարտի 3-ին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարդան Արամյանի խոսքով՝ անթույլատրելի է քաղաքական այրերի կողմից բնակչությանը նման վատատեսական սպասումներ փոխանցելը։ Դրանով նրանք խուճապ են առաջացնում բնակչության մոտ և է'լ ավելի ազդում գնաճի տեմպի վրա։ Այլ խոսքով, բնակչությանն ինֆորմացիա չտալով՝ կառավարությունն ավելի է սրում գնաճի վերաբերյալ սպասումներն ու խուճապը։

«Եթե, օրինակ, շուկայում բրինձը թանկանում է, սպառողներն անմիջապես մտածում են, որ առաջիկայում այն ավելի է թանկանալու։ Սկսում են անհանգստանալ և, տրվելով այդ անհանգստություններին, այդ պահին սկսում են շատ բրինձ գնել՝ մտածելով, որ առաջիկայում ստիպված են լինելու ավելի թանկ գնով գնել։ Սրա հետեւանքով բրձի նկատմամբ պահանջարկը բարձրանում է եւ հագեցնում դրա գնի բարձրացմանը։ Եթե քաղաքացին իր հարցերի պատասխանները չի ստանում, չի լսում՝ պարենի պաշարներ երկրում կա՞ն, թե ոչ,  արդեն գրանցված թանկացումներն օբյեկտի՞վ են, թե սուբյեկտիվ, ապա խուճապ է սկսվում»,- նշում է տնտեսագետը։

Ըստ նրա՝ կառավարության ներսում համակարգված, հաղորդակցային աշխատանք է պետք։ Այն միտքը, որ պարենային շուկայում դեֆիցիտ չկա, պետք է տեղ հասցնել լրատվամիջոցներով, մամուլի ասուլիսներով, հաղորդակցման այլ օղակներով։ Պաշտոնյաների կցկտուր մեկնաբանությունները ոչինչ չեն նշանակում. «Ինֆորմացիայի տարափ պետք է լինի։ Հակառակ դեպքում հասարակությունը սկսում է սեփական դատողություններով ու անհամաչափ տեղեկությունների հիման վրա գնումներ անել»։

Մարտի 10-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելք կիրառել հացահատիկի արտահանման վրա, այդ թվում՝ դեպի Հայաստան արտահանման:  

Հաջորդ օրը հայտարարվեց, որ համապատասխան լիցենզիաների հիման վրա Հայաստանը կարող է ցորեն ներմուծել։ Բացի այդ, Հայաստանում ցորենի առնվազն մեկ տարվա պաշար կա։

Հացահատիկի արտահանման նախատեսվող արգելքի վերաբերյալ ռուսական մամուլում շրջանառվող տեղեկություններից հետո Հայաստանում շատերը շտապեցին խանութներ՝ ալյուր, շաքարավազ, ձեթ և առաջնային այլ ապրանքներ գնելու։ 

Մարտի 11-ին օրվա ընթացքում հանրության մոտ խուճապը ցրող որևէ պաշտոնական մեկնաբանություն կամ բացատրության չեղավ։ Միայն ժամը 19:00-ի սահմաններում Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հավաստիացնելով, որ որևէ ապրանքատեսակի գծով Հայաստանում պարենի դեֆիցիտ չկա։

Այս հայտարարությունը բավական ուշացած էր և տեղադրվել էր միայն Ֆեյսբուքյան էջում, մինչդեռ հասարակության մի մասն արդեն «դատարկել» էր խանութներն ու սուպերմարկետները՝ արհեստական դեֆիցիտ ստեղծելով ալյուրի ու շաքարավազի շուկաներում։ Իբրեւ հետեւանք՝ մեկ օրում դրանց գները կտրուկ բարձրացան։

Ըստ Վարդան Արամյանի՝ այս համատեքստում Կենտրոնական բանկին այլ տարբերակ չի մնում, քան կոշտ քայլով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով փորձել զսպել հետագա ամիսների գնաճը։ 

«Բանկային համակարգը ոչ անմիջապես է արձագանքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը։ Բարձրացումից հետո` մինչև մեկ ամսվա ընթացքում, բանկերն են ճշգրտում իրենց վարկերի տոկոսադրույքները։ Դրանից հետո վարկառուն ստիպված է լինում ավելի շատ տալ բանկին, կրճատվում է նրա ունեցած եկամուտը։ Ստիպված է լինում կրճատել իր մյուս ծախսերը։ Արդյունքում, երբ սպառումը համատարած կրճատվում է, գնաճի տեմպերը դանդաղում են։ Այս վարքագծի «գագաթնակետը» հասունանում է վեց ամսում, որից հետո սկսում է մարել»,- բացատրում է Արամյանը։ 

Կենտրոնական բանկը 2021 թվականի ընթացքում պարբերաբար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հավաստիացնելով, որ 2022 թվականի սկզբից արդեն գնաճի տեմպերի դանդաղում կնկատվի։ 

Այդ ժամանակ ԿԲ-ն չէր կարող կանխատեսել, որ Ուկրաինայում պատերազմ կսկսվի ու էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։

Մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը շեշտեց, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված այս իրավիճակը չլիներ, ապա գնաճի տեմպերը կնվազեին, որի ապացույցը փետրվարի ցուցանիշն է։

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում գրանցվել է 6.5% գնաճ: 12-ամսյա գնաճը վերջին երեք ամիսներին աստիճանաբար դանդաղել է։

Սակայն, ինչպես սպասվում է, արդեն մարտից հակառակ միտումն է լինելու։ 

Բացասաբար ազդելով սպառման ու վարկավորման ծավալների վրա՝ ԿԲ-ն իր որոշումներով երբեմն «արգելակում է» տնտեսական աճը։ Վարկերի ծավալի կրճատումը, հատկապես՝ բիզնես վարկերի, խոչընդոտ են տնտեսության համար՝ տնտեսության իրական հատվածում շրջանառվող փողն է պակասում։ 

2021-ի տարեվերջի դրությամբ՝ Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 968 մլրդ դրամ։ 2020 թվականի վերջի համեմատ այս ցուցանիշը նվազել է շուրջ 214 մլրդ դրամով կամ 5.1%-ով։

Այդուհանդերձ, վարկերի կրճատումը պայմանավորել միայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ՝ սխալ կլինի, քանի որ դրանց վրա ազդել են նաև բանկերի զգուշավորությունը և մարդկանց եկամուտների նվազումը։

Ըստ Վարդան Արամյանի՝ մինչև վերջին բարձրացումը վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանված 8%-ն էլ է բարձր եղել Հայաստանի տնտեսության համար։ Սակայն, երբ կառավարությունն ու ԿԲ-ն համահունչ չեն աշխատում, գնաճը զսպելու կոշտ միջոցներն անխուսափելի են դառնում։ 

«ԿԲ-ն կարող էր քիչ բարձրացնել տոկոսադրույքը, եթե կառավարությունն աջակցեր։ Սակայն, կառավարությունն իր գործողություններով ավելի է բարդացնում Կենտրոնական բանկի խնդիրը՝ արդյունավետ կառավարելու գնաճային սպասումները»,- նկատում է Արամյանը։

Կենտրոնական բանկի նոր կանխատեսումներով, որոնք հրապարակվել են երկու օր առաջ՝ մարտի 15-ին, 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1.6%: Մինչդեռ նախորդ տարեվերջին կանխատեսվում էր 5.3% աճ։ 

ԿԲ-ն ավելի հոռետես է դարձել կանխատեսումներում՝ առաջին հերթին հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ 

Կանխատեսվող ցուցանիշի նվազումը պայմանավորված է հիմնականում արդյունաբերական ճյուղի զարգացումներով։ Նախկինում կանխատեսվել էր, որ 2022 թվականին արդյունաբերության ճյուղը կաճեր 1.6%-ով, սակայն նոր զարգացումների արդյունքում սպասվում է, որ արդյունաբերությունը կկրճատվի 4.7%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter