HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ գործը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները մարտի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանին:

Վարդազարյանի պաշտպաններից Հունան Բաբայանը հայտնեց, որ գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակագրվել է ձեռքով՝ նորմատիվ կարգավորումներով նախատեսված կարգի կոպիտ խախտմամբ:

Համաձայն «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի՝ դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝

  1. Դատավորների միջև գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ՝ Համակարգչային ծրագիր), որի շահագործման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
  2. Բարձրագույն դատական խորհուրդն ապահովում է Համակարգչային ծրագիրը մշակելը, կատարելագործելը, դրա գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելը, Համակարգչային ծրագիրը գործարկելը և սպասարկելը:
  3. Համակարգչային ծրագրին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
  4. Եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը, ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, հաշվի առնելով սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները, դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը:
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին: Բարձրագույն դատական խորհուրդը ծանուցումն ստանալուց հետո քննարկում է պատճառները և դրանց վերացման ուղղությամբ տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ Դատական դեպարտամենտին:

Համաձայն ԲԴԽ 23-ո-49 որոշման՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները անհապաղ մուտք են արվում ծրագիր և նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև՝ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի՝ որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների:

Պաշտպանը, դատական պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային հղում կատարելով, նշեց նաև, որ արդար դատաքննության պահանջի պահպանումը ենթադրում է, որ գործը քննող դատարանը բոլոր դեպքերում պետք է լինի օրենքի հիման վրա ստեղծված: Այս հասկացությունն արտացոլում է օրինականության սկզբունքը, որը հանդիսանում է պաշտպանության համակարգի անբաժանելի մասը:

«Օրենքի հիման վրա ստեղծված» արտահայտությունը վերաբերում է ոչ միայն դատարանի գոյության իրավական հիմքերին, այլ նաև ամեն առանձին գործով դատարանի կազմին։ Դրա նպատակը ապահովելն է, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանակազմությունը կախված չլինի գործադիրի հայեցողությունից, այլ կարգավորված լինի օրենքով, որն ընդունվել է օրենսդրի կողմից: Այն երկրներում, որտեղ օրենքը կոդիֆիկացված է, դատարանակազմությունը չի կարող թողնվել դատական համակարգի հայեցողությունը, ինչը, սակայն, չի նշանակում, որ դատարանները չունեն հնարավորություն՝ մեկնաբանելու ներպետական օրենսդրությունը»,- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած դիրքորոշումներից մեջբերումներ կատարեց Հունան Բաբայանը և նշեց, որ ՄԻԵԴ-ի հայտնած իրավական դիրքորոշումն այն  է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենքով դատարանի կազմին ներկայացված պահպանջներն ապահովված չեն, խախտվում է օրինականության սկզբունքը, ինչով անձը  զրկվում է օրենքի հիման վրա ստեղծված դատարանի առջև կանգնելու իրավունքից:

Այսպիսով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդար դատաքննության իրավունքի խախտում է համարում, երբ դատարանի կազմը ձևավորվում է ներպետական օրենսդրության խախտմամբ և այդ խախտումը հետագում չի վերացվում:

Ըստ Հունան Բաբայանի՝ այն պարագայում, երբ գործը քննող ատյանը չի հանդիսանում օրենքի հիման վրա ստեղված ատյան, գործի քննության իրավաչափությունն անհնարին է ապահովել, եթե անգամ դատարանն իրականացրել է պատշաճ քննություն:

Տվյալ դեպքում օրենսգիրքը, որպես գործերի մակագրման հիմնական կարգավորում, նախատեսել է էլեկտրոնային մակագրման եղանակը, հետևաբար այս գործի շրջանակներում դատարանը, նախագահությամբ Շահվերդյանի, չի հանդիսանում օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ գործի բախշումը դատարանի նախագահի կողմից իրականացնելը չի համապատասխանում օրենսդրական պահանջներին:

Մասնավորապես՝ մակագրումը պետք է իրականացվեր էլեկտրոնային եղանակով. հայտնի չէ որևէ տեղեկատվություն, որը կփաստեր անհաղթահարելի ուժի առկայության մասին, ինչպիսի պայմաններում օրենքը նախատեսում է հիմնական կանոնից, այսինքն՝ էլեկտրոնային մակագրումից շեղում:

Պաշտպանն ասաց, որ իրենց մոտ առկա է ողջամիտ կասկած այն մասին, որ քրեական գործերի էլետրոնային մակագրման համակարգի խափանումը պայմանավորված է եղել այս և նմանատիպ գործերի՝ այլ կազմով մակագրելու անհրաժեշտությամբ: Պաշտպանի խոսքով՝ առաջացած իրավիճակի շտկման տարբերակը արդեն իսկ թույլ տրված խախտումը վերացնելն է: Պաշտպանը հիշեցրեց նաև, որ օրեր առաջ դատախազությունը հայտարարություն է տարածել, որ վերադարձվել են մակագրման համակարգի բանալիները:

Պաշտպանը նաև մեջբերեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի՝ գործերի ձեռքով մակագրման վերաբերյալ արտահերթ զեկույցի և Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումից հատվածներ, որոնցում ՄԻՊ-ը անդրադարձել է այն հարցին, որ ձեռքով մակագրումն  առանց հստակ չափորոշիչների է իրականացվում՝ առաջացնելով մի շարք խնդիրներ: Պաշտպան Բաբայանը դատարանին միջնորդեց ինքնաբացարկ հայտնել՝ միաժամանակ հայտնելով, որ խնդիրը դատավորի անձը չէ:

Վարդազարյանի մյուս պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, ևս առանձին ինքնաբացարկի միջնորդություն էր պատրաստել: Սարգսյանը նշեց, որ գործերի մակագրման կարգի խախտումը հանգեցրել է դրանց բաշխման և դատավորների ընտրության պատահականության սկզբունքի խախտման: Սարգսյանը նշեց, որ ինքը Երևանի դատարանի նախագահին հարցումներ է կատարել և փորձել մակագրման հետ կապված որոշակի պարզաբանումներ ստանալ, որի արդյունքում համոզվել է, որ գործերի մակագրումը օբյեկտիվ չափանիշների հիման վրա չի իրականացվել:

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանում գործերը, այդ թվում՝ Վարդազարյանի գործը, ձեռքով է  մակագրվել՝  թեև առկա չէ անհաղթահարելի ուժ: Անհաղթահարելի ուժն, ըստ պաշտպանի, չի կարող կախված լինել անձանց սուբյեկտիվ ցանկություններից, մոտեցումներից վարքագծից: Դրանք պետք է լինեին հանգամանքներ, որոնք իրականում կզրկեին համակարգը գործարկելուց, օրինակ՝ տարերային աղետ կամ նմանատիպ մի իրավիճակ:

«Իսկ այս դեպքում մենք գործ ունենք ԱԱԾ-ի պաշտոնատար անձանց սուբյեկտիվ մոտեցման, մակագրման  համակարգի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելու հետ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը հարցում է ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ու փորձել պարզել, թե այն օրը, երբ Ռուբեն Վարդազարյանի գործը մակագրվել է, քանի՞ գործ է մուտքագրվել դատարան: Ինչպես պարզվել է, նույն օրը՝ 2021 թվականի սեկտեմբերի 14-ին, մուտքագրվել է 19 քրեական գործ, որևէ տվյալ չի ներկայացվել, թե այդ գործերից որը որ ժամին է մուտքագրվել և չի ներկայացվել որևէ ապացույց, որ մակագրումը դատավորների ազգանունների այբբենական հաջորդականությամբ են կատարվել:

Հարցումների արդյունքում պաշտպանի համար պարզ է դարձել, որ տվյալ օրը դատարանի գրասենյակ մուտքագրված բոլոր գործերը ստացվում են և պահվում մինչև համապատասխան ժամը, որպեսզի ստացված գործերի քանակը շատանա և  հնարավորություն ունենան որոշելու՝ որ գործն ում պետք է հանձնեն և ըստ այդ հերթականության՝ մուտքագրում են համակարգ, այլ ոչ թե գործերը դրանց ստանալու  ժամին են մուտքագրում համակարգ, դրանց տալիս համարներ ու ըստ դատավորների ազգանունների՝ այբբենական կարգի մակագրում:

Պաշտպանը մեջբերեց նաև «Հետքի»՝ «Անհաղթահարելի ո՞ւժ, թե՞ գործերը ձեռքով մակագրելու անհաղթահարելու ցանկություն» հոդվածից հատվածներ, որտեղ մակագրման, ինչպես նաև համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու իրավիճակի հետ կապված պարզաբանումներ են առկա պաշտոնատար անձանց կողմից։ Այն նույնպես միջնորդությանը կից ներկայացրեց դատարանին:

Սարգսյանը դիտարկեց, որ, փաստացի, այլ պաշտոնատար անձի կողմից կատարված գործողությունների արդյունքում Վարդազարյանի գործը քննող դատավորը չի համարվում օրենքի հիման վրա ստեղծված:

Դատախազ Աշոտ Ժամկոչյանը դիտարկեց, որ պաշտպանական կողմից միջնորդություններն ամբողջությամբ մակագրման խնդրի մասին են, դրանցում որևէ հանգամանք չի մատնանշվել գործը նախագահող դատավորի անկողմնակալության վերաբերյալ: Դատախազն ասաց, որ բոլորին է հայտնի, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ համակարգչային ծրագրով գործերի մակագրումը հնարավոր չէ, և դատարանների նախագահներն անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում օրենքով սահմանված կարգով են իրականացնում մակագրումը: Ըստ դատախազի՝ պաշտպանական կողմը որևէ  փաստական տվյալ չի մատնանշում, ըստ որի՝ որևէ ընթացակարգ է խախտվել՝ ուղղակի նպատակ հետապնդելով գործը մակագրել հենց դատավոր Մանվել Շահվերդյանին։ Չի ներկայացվել որևէ փաստարկ նաև այն մասին, որ Շահվերդյանը նման պայմաններում  կարող էր լինել անկողմնակալ: Դատախազը նաև նշեց, որ կոնկրետ Վարդազարյանի գործը մուտքագրվել է այն ժամին, երբ ստացվել է դատարան:

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, ինչը նշանակում է, որ կշարունակի քննել Վարդազարյանի վերաբերյալ գործը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից, զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:

Վարդազարյանի վերաբերյալ գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, «Signal» հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա համոզմունք ունի, որ իրեն մեղադրանք առաջադրելու նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն է եղել:

Գլխավոր լուսանկարում՝ Երեմ Սարգյանը (ձախից), Հունան Բաբայանը (մեջտեղում), Ռուբեն Վարդազարյանը (աջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter