HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Տիգրան Սիմոնյանը Քրեական օրենսգրքի հեղինակներից է. Բախշիյանի պաշտպանները նրա առջև հարցեր են բարձրացրել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, երեկ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին:

Բախշիյանը կալանավորվել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ՝ փետրվարի 7-ին, այսինքն՝ արդեն շուրջ մեկուկես ամիս կալանքի տակ է: Դատավորը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ: Ամբաստանյալը կալանավորվել է այն բանից հետո, երբ գործով նշանակված դատական նիստին վերջինիս պաշտպանը չի ներկայացել և դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ պաշտպանյալը նույնպես չի ցանկանում առանց իրեն ներկայանալ: Բորիս Բախշիյանի կայացրած դատական ակտը Դատախազությունը չի բողոքարկել, սակայն այժմ պնդում է, որ այն եղել է ակնհայտ ապօրինի:

Դատավորի պաշտպան Երեմ Սարգսյանը Վերաքննիչ դատարանում գործի քննության վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել էական հարցերի վերաբերյալ:

Դրանցից մեկը վերաբերում է առաջին ատյանի, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարան լինել-չլինելու հարցին:

Բախշիյանի պաշտպաններն առաջին ատյանում գործի քննության ընթացքում հարց են բարձրացրել, որ գործը դատավորին մակագրելիս պատահական ընտրության սկզբունքը չի պահպանվել, դատարանի նախագահն իր ցանկությամբ է գործը մակագրել: Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո, Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրենք նախագահող Արղամանյանին հարցրել են՝ արդյոք ճի՞շտ հասկացանք, որ այս դեպքում չի գործում պատահական ընտրության սկզբունքը, և դատավորը պատասխանել է՝ այո: 

«Միայն այն նախադասությունը, որ դատավորը գտնում է, որ կալանավորման դեպքերում  պատահականության սկզբունքը չի գործում, մինչդեռ այդ սկզբունքը նախատեսված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածով, բավարարել է՝ համարելու համար, որ Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից չի քննվել»,- ասաց Սարգսյանը:

Պաշտպաններին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը գրավոր հայտնել է, որ Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը Դավիթ Արղամանյանին է մակագրվել, քանի որ վերջինս համեմատաբար քիչ ծանրաբեռնվածություն է ունեցել: Առաջին ատյանում գործի քննության ընթացքում պաշտպանական կողմը դատավորի առջև հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ կալանավորման միջնորդությունը ստանալուց հետո այն անհապաղ չի քննել: Դավիթ Արղամանյանը պատասխանել է, որ խիստ ծանրաբեռնված է, ավելին, հայտնել է, որ ձերբակալման դեմ երկու բողոք է եղել իրեն մակագրված, սակայն դատարանի նախագահին խնդրել է դրանք ուրիշ դատավորի վերամակագրել: 

«Հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը չհանձնեցիք վերամակագրման, ասաց՝ որովհետև ձերբակալման բողոքներն ավելի ուշ է մակագրվել և ստացել է ավելի ուշ, սակայն մենք դատարանի նախագահից գրություն ստացանք, որ ձերբակալման որոշումները ժամը 16:00-ի սահմաններում են մուտքագրվել, իսկ  Բախշիյանի գործը՝ 18:00-ին, այսինքն՝ ավելի ուշ, քան ձերբակալման բողոքները»,- ասաց Երեմ Սարգսյանը և նշեց, որ իրենք վերը նշված հիմնավորումները հաշվի առնելով են հայտնում, որ Արղամանյանին դիտավորյալ է մակագրվել Բախշիյանի գործը: Նշենք, որ մակագրման հետ կապված հարցով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվել է նաև Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննող դատավոր Տիգրան Սիմոնյանին, սակայն վերջինս նույնպես մերժել է միջնորդությունն ու քննել գործը:

Երեմ Սարգսյանն ընդգծում է, որ Տիգրան Սիմոնյանը քրեական իրավունքի մասնագետ է, Երևանի պետական համալսարանում ուսանողներին Քրեական իրավունք է դասավանդում,  «Քրեական նոր օրենսգրքի» համահեղինակներից է: Պաշտպանական կողմը, հաշվի առնելով նաև դատավորի մասնագիտական ուղղվածությունը, դատարանի առջև մի շարք հարցe8 է բարձրացրել, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ նրանից:

Մանսավորապես, պաշտպանական կողմը հարց է բարձրացնում՝ դատավորը կարո՞ղ է իր կայացրած որոշման համար քրեական պատասխանատվության ենթարկվել` անկախ նրանից դա օրինակա՞ն, թե՞ անօրինական է: Նշենք, որ Քրեական  օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է սահմանում ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար:

Բախշիյանի գործի վերաբերյալ ի սկզբանե պնդում է եղել, որ վերջինս անձին կալանավորել է, որպեսզի նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկում ճնշում գործադրվի և  նա ցուցմունք տալուց հրաժարվի: Այս հարցն ի սկզբանե քննարկման առարկա է դարձել և պաշտպանական կողմը հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս պետք է Բախշիյանն իմանար, որ Նվեր Մկրտչյանը չի գալու դատական նիստին, որպեսզի պլանավորեր  նման պայմաններում նրան կալանավորելը: Դատավորն, ըստ պաշտպանի, ամեն քայլ ձեռնարկել է, որ դատական նիստը կայանա, սակայն նիստից կես ժամ առաջ պարզվել է, որ  Նվեր Մկրտչյանի պաշտպանը չի ներկայանալու, պաշտպանյալն  էլ չի ցանկանում առանց նրա ներկայանալ:

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի կողմին վերաքննիչ դատարանում հարց է տրվել՝ Բախշիյանը դիտավորություն ունեցե՞լ է Մկրտչյանին կալանավորելու, որպեսզի քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ ճնշում գործադրվի՝ ցուցմունք տալուց հրաժարվելու համար, և մեղադրանքի կողմը միանշանակ պնդում է, որ ոչ, նման դիտավորություն չի ունեցել:

Այդ դեպքում Երեմ Սարգսյանը հարց է բարձրացնում՝ դատավորի կայացրած այս որոշումն ինչո՞վ է տարբերվում կալանավորման վերաբերյալ մյուս բոլոր որոշումներից, առավել ևս, որ  Բախշիյանի կողմից կայացված որոշումը օրինական ուժի մեջ մտած որոշում է, չի բեկանվել՝  ի տարբերություն կալանավորման շատ այլ որոշումների:

Բախշիյանի մեղադրանքի որոշման մեջ նշված է, որ դատավորը ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելով է հանցանք կատարել: Սարգսյանը հարց է բարձրացնում՝ քննիչն ու դատախազն իրավունք ունե՞ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մասին նման եզրահանգում կատարել: 

«Իրենք գտնում են, որ Բախշիյանը կարող  էր այլ խափանման միջոց կիրառել, որ կալանքի հիմքեր չկային, բայց դա վերաքննիչ դատարանի ֆունկցիա է: Առաջին ատյանի դատարանն էլ ուղիղ արձանագրել է, որ Բախշիյանի որոշումն օրինական ուժի մեջ մտած է, որևէ մեկը, բացի վերադաս ատյաններից, իրավունք չունի կասկածի տակ դնել դրա օրինականությունը»,- ասաց Սարգսյանը:

Որպես Բորիս Բախշիյանին վերագրվող արարքի ծանր հետևանք դիտարկվում է այն հանգամանքը, որ Նվեր Մկրտչյանը 14 օր կալանքի տակ է գտնվել ու նաև այդ ընթացքում նրա նկատմամբ ճնշում է գործադրվել: Սարգսյանի խոսքով՝ 14 օր կալանքի տակ պահելը ակնհայտ ապօրինի կալանավորելու հանցակազմի  դրսևորում է, և  այս դեպքում չի կարող ծանրացնող հանգամանք լինել: Դիտարկմանը, թե գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ դատավորի արարքի ծանր հետևանքը երկու բաղադրիչ ունի` անձը 14 օր կալանքի տակ է գտնվել, որի ընթացքում նրա նկատմամբ ճնշում է գործադրվել, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ եթե այդ երկու բաղադրիչներից մեկը չլինի, ապա մյուսը նույնպես լինել չի կարող:

Պաշտպանը պնդում է, որ առկա չէ հիմնավորում, որ Բախշիյանի որոշմամբ կալանավորված անձի նկատմամբ ճնշում է գործադրվել, որպեսզի ցուցմունք տալուց հրաժարվի: Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է այն քննիչի զեկուցագիրը, որտեղ վերջինս ապացույցներ է ներկայացրել ու նշել, որ դրանցով հիմնավորվում է ճնշման հանգամանքը. դրանում ընդամենն այդ անձի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի այլ կալանավորների միջև խոսակցություն է, բայց ոչ խոսակցություն այն մասին, որ նրա նկատմամբ ճնշում գործադրվի, որ վերջինս հրաժարվի ցուցմունքից:

Ավելին, Երեմ Սարգսյանն ասում է, որ փաստորեն, այս գործընթացը օպերատիվ հսկողության տակ է եղել, սակայն օպերատիվ մարմինը դրանում հանցագործության նախապատրաստում չի տեսել, հակառակ դեպքում պետք է կանխեին, նախականխեին հանցանքը, ոչ թե թույլ տային այն իրականացնել:

«Անձին դատարանում հարցրել են՝ ցանկանո՞ւմ ես ցուցմունք տալ, պատասխանել է՝ այո՛, դատարանը տասը րոպե ընդմիջում է տվել՝ պաշտպանի հետ խորհրդակցելու համար, հետո Մկրտչյանը ցուցմունք տալուց հրաժարվել է, և դատարանում հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքները, Մկրտչյանը դրանցից չի հրաժարվել: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է պնդել, որ առկա է ծանր հետևանք»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը նաև նշեց, որ երբ Մկրտչյանը չի ներկայացել դատարան, գործով դատախազը հայտարարել է, որ նրա  չներկայանալը անհարգելի է, իսկ հիմա դատարանում մեղադրանքի կողմն ասում է, որ նրա չներկայանալը եղել է հարգելի:

«Ինչո՞ւ, որովհետև իրենց մեղադրանքի մեջ նշվում է, որ դատարանը նախ պետք է բերման ենթարկելու որոշում կայացներ, իսկ մենք ասում ենք, որ եթե անհարգելի չի ներկայացել, ուրեմն խափանման միջոցի պայմանը խախտել է, որը հիմք է խափանման միջոցն ավելի խիստ խափանման միջոցով փոխելու»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Լուսանկարում՝ դատավոր Տիգրան Սիմոնյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter