HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Բորիս Բախշիյանի և Աշոտ Մինասյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն, ով ԲԴԽ-ում ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները, այսօր  «Հետք»-ի  հետ զրույցում պատասխանել է գործի հետ կապված որոշ հարցերի, ինչպես նաև անդրադարձել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցին:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ:

Դատախազի հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

-Պարո՛ն Բաղդասարյան, դատավոր Բորիս Բախշիյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեղադրանք է առաջադրել: Ո՞ր հանգամանքներն են դատավորի որոշումն ակնհայտ ապօրինի դարձնում, որոնց պայմաններում քրեական վարույթ է նախաձեռնվել:

-Ակնհայտությունը այն է, որ տվյալ դատական նիստում կալանավորման հիմքերը քննարկվել են: Որպեսզի կարճ պատասխանեմ՝ որևէ տվյալ չի եղել, որը կվկայեր կալանավորման անհրաժեշտության մասին: Անձի բացակայությունը պայմանավորված է եղել նրա կողմից առանց պաշտպանի դատական նիստին չներկայանալու հանգամանքով, քանի որ գործով  հաստատված է, որ նրա նկատմամբ անօրինական ազդեցություն է եղել: Ակնհայտ է եղել, որովհետև դատական նիստում քննարկման ժամանակ բոլորն, այդ թվում՝ պաշտպանության կողմը հայտարարել են, որ, որպես դատավարության մասնակից, այնքան էլ դրական վերաբերմունք չունեն կալանավորված ամբաստանյալի նկատմամբ, բայց շեշտել են, որ չի կարելի կալանավորել նրան, որովհետև մինչև դա կան հարկադրանքի այլ միջոցներ, այդ թվում՝ բերման ենթարկելը: Ակտը կայացնելուց անմիջապես առաջ քննարկման ժամանակ ի ցույց է դրվել դատավորին, որ պետք է ապահովել անձի լսված լինելու իրավունքը՝ թեև այդ հանգամանքը դատավորի համար ակնհայտ է եղել: Ակնհայտ է եղել, որովհետև նա տվյալ նիստում անմիջապես ակտը կայացնելուց առաջ արձանագրել է, որ ավելի մեղմ հարկադրանի միջոց՝ դատական սանկցիա պաշտպանի նկատմամբ կիրառելու համար պետք է լսված լինելու իրավունքն ապահովի, իսկ ամբաստանյալի դեպքում նման անհրաժեշտություն չկար: Թեև այս դեպքում ամբաստանյալը չի խուսափել քննությունից՝ բայց դատավորն իր դատական պրակտիկայում շատ ակնհայտ խուսափելու դեպքերում նման խափանման միջոց չի կիրառել: Մեկ տարի դատական նիստին չներկայացած մեղադրյալին մի քանի անգամ նույնիսկ զանգով խնդրել են ներկայանալ դատական նիստի, չի ներկայացել, այդ ժամանակ խափանման միջոցը՝  հսկողության հանձնված լինելը, փոխվել է, և  ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այսինքն՝ մի տարի չեն ներկայանում, խափանման միջոցը դառնում է չհեռանալու մասին ստորագրություն, մեկ դատական նիստի չի ներկայանում այն մեղադրյալն, որը ցուցմունք է տվել, որ իր վրա ազդեցություն կա և այդ նիստին չի գալիս, որովհետև իր պաշտպանը հայտնել է, որ չի գալու, իրեն կալանավորում են:

-Դուք խոսեցիք լսված լինելու իրավունքի մասին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի լսված լինելու իրավունքը ևս ապահովված չէր, բայց նրա նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

-Երբ Արթուր Սարգսյանի գործով համադրություն է արվում, տպավորություն է ստեղծվում, որ Բորիս Բախշիյանի մեղադրանքում անօրինականությունը կապվում է բացառապես լսված չլինելու իրավունքի հետ: Կրկնում եմ՝ կալանավորման հիմքերը բացակայել են, լսված չլինելն այս մեղադրանքի ընդամենը մի փոքր բաղադրիչն է:

-Այսինքն՝ լսված լինելու իրավունքն առանց ապահովելու, անձին կալանավորելն ակնհայտ ապօրինի չի՞ դարձրել դատավոր Բորիս Բախշիյանի որոշումը:

-Դա էլ է դարձրել, բայց ի տարբերություն այս դեպքի՝ Վերաքննիչ քրեական դատարանում կողմերի մասնակցությունը պարտադիր չէ, և մի շատ կարևոր հանգամանք. քանի որ նախորդ անգամ այդ հարցերը տալիս էին, իմ  գործընկերներին խնդրել եմ Արթուր Սարգսյանի գործով պատմությունն ինձ մի քիչ ներկայացնել: Արթուր Սարգսյանը Վերաքննիչ դատարանում չի կալանավորվել՝ այդ նիստին չներկայանալու պատճառով, իսկ Բորիս Բախշիյանի կողմից անձը կալանավորվել է կոնկրետ այդ նիստին արդեն նշված պատճառով չներկայանալու համար: Գուցե ինչ-որ չափով այս դեպքերը համադրելի լինեին, եթե Արթուր Սարգսյանը Վերաքննիչ դատարանի նիստին չներկայանալու համար կալանավորվեր, բայց անգամ այդտեղ նմանություն չկա: Իսկ ամենաէական տարբերությունն այն է, որ Վերաքննիչ դատարանում անձանց մասնակցությունը պարտադիր չէ:

-Բայց այդ անձինք ցանկություն են ունեցել մասնակցելու այդ նիստին և ասում են՝ չեն ծանուցվել դրա մասին:

-Ծանուցվել են, ինձ ներկայացված տվյալներով, համենայն դեպս, ծանուցվել են:

-Դուք ինչպե՞ս եք ստուգել, որ դատարանը ծանուցել է կողմին:

-Հավանաբար այդ հարցը քննարկվել է դատական նիստում, այդ գործով դատախազին եմ հարցրել՝ լրագրողների խնդրանքով, այդ գործով լիազորություն չեմ իրականացնում, ներքին կանոնը խախտել եմ, այլ գործով տեղեկություն ստացել, որ գամ, ձեզ ասեմ:

-Դատավոր Բորիս Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով է մեղադրանք առաջադրված, այսինքն՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Կնշե՞ք, թե ակնհայտ ապօրինի կալանավորելու առաջացրած ծանր հետևանքը ո՞րն է եղել:

-Անձը գտնվել է անազատության մեջ, և դրա ընթացքում նրա նկատմամբ անօրինական ազդեցություն է ցուցաբերվել՝ նրան հարկադրել են հրաժարվել ցուցմունք տալուց, և այդ դեպքով ևս քրեական գործ կա հարուցված:

-Այսինքն՝ ծանր հետևանքները երկուսն են: 

-Ծանր հետևանքը երկու բաղադրիչ ունի:

-Պարոն Բաղդասարյան, դատարանը որոշել է անձին կալանավորել, կալանավայրում տեղի է ունեցել մեկ այլ հանցագործություն՝ անձին հարկադրել են ցուցմունք տալուց  հրաժարվել: Սա ինչո՞ւ է կապվում դատավորի արարքի հետ՝ թեկուզ և որպես նրա արարքի անզգույշ հետևանք: Ստացվում է, որ կալանավայրում չեն ապահովել այնպիսի պայմաններ, որ այնտեղ գտնվող կալանավորի վրա հարկադրանք չլինի, բայց դա կապվում է դատավորի արարքի հետ:

-Իսկ ինչո՞ւ եք դուք ակնկալում, որ ես հիմա այդ գործով ներկայացնեմ ամեն ինչ, ինչն, օրինակ կներկայացնեի մեղադրական ճառ ասելու ժամանակ: 

-Դուք ասում եք՝ քանի որ դատավորի պաշտպանները հրաժարվել են դատավորի վերաբերյալ վարույթի գաղտնիությունը պահպանելու իրավունքից, ուրեմն դուք իրավունք եք ստանում խոսել: Այդ նույն տրամաբանությամբ՝  խնդրում եմ այս հարցին էլ պատասխանել:

-Ամեն դեպքում այդ հատվածով դեռևս քննություն է իրականացվում: Որպես ազատությունից զրկելու համաձայնություն տալու հիմք այդ հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը և այդտեղ Բորիս Բախշիյանի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու անհրաժեշտությունը դրվել է նրան կալանավորելու անհրաժեշտության հիմքում: Այդտեղ հանգամանքներ կան,  որոնք պետք է պարզվեն: Մի կարևոր բան. մենք ձեր նշած հանգամանքների մասին խոսում ենք հիմնավոր կասկածի մակարդակում, դուք հարցադրումներ եք անում, թե արդյոք ապացուցված է, որ այդ հանգամանքները կապ ունեն իրար հետ: Հենց որ ապացուցվի, շատ ուրիշ մեղադրանքներ էլ կլինեն՝ այլ հետևանքներով:

-Մեղադրանք առաջադրելիս հիմնավոր կասկածի շեմը պետք է հաղթահարել, և դուք հիմնավոր կասկածի շեմը արդեն հաղթահարել ու դատավորին 348-րդ  հոդվածի 3-րդ մասով՝ այսինքն՝ անզգուշությամբ ծանր հետևանք առաջացնելու մեղադրանք եք առաջադրել:

-Լրագրողների հետ մեղքի ձև չեմ քննակելու:

-Ինչո՞ւ:

- Որովհետև դա նշանակում է այս քրեական գործի դետալային  ապացույցներով քննարկում այստեղ: Մի գործի, որը հարուցվել է շուրջ տասը օր առաջ: Դա ճիշտ չէ, քանի որ Ձեր հարցադրմանն ուղիղ առնչվող հանգամանքներն այս պահին ակտիվ քննության առարկա են: Գուցե տպավորություն է ստեղծվում, որ ես խուսափում եմ հարցերին պատասխանելուց, բայց այդտեղ պարզելու շատ հարցեր կան, որոնք պարզում ենք: Չեմ պատասխանում հարցերի այդ հատվածին:

-Դուք ասում եք՝ ակնհայտ է եղել, որ անձի նկատմամբ հարկադրանք է եղել: Ո՞ր փուլում է հայտնի եղել, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ հարկադրանք է եղել, արդյոք դատավոր Բորիս Բախշիյանը նրան կալանավորելու պահին տեղյակ էր նրա նկատմամբ հարկադրանքից:

-Քրեական գործով անձը մինչ այդ հայտնել է, որ իր նկատմամբ եղել են ազդեցություններ, նկարագրել է, թե ինչ ազդեցությունների մասին է խոսքը, հայտնել է, թե ովքեր և ում անունից են մոտեցել և ինչ են պահանջել:

-Խոսքն ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի մասի՞ն է:

-Այս, դեռևս նախաքննության ընթացքում, և դա դրված է եղել գործով այլ ամբաստանյալների անազատության մեջ գտնվելու հիմնավորումների տակ:

-Փաստացի և՛ ազատության մեջ, և՛ կալանավայրում այդ անձի նկատմամբ եղել է հարկադրանք: Այդ դեպքում ինչո՞ւ է կալանավայրում հարկադրանքը դիտարկվում որպես դատավորի արարքի ծանր հետևանք:

-Ազատության մեծ եղած հարկադրանքը և այդ հարկադրանքը բովանդակությամբ շատ են տարբերվել՝ հետևանքով էլ: Որովհետև երկրորդ հարկադրանքի արդյունքում անձը հաջորդ դատական նիստին ներկայացել է, մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո սահմանվել է ապացույցների հետազոտման հաջորդականություն, որոշվել, որ ամբաստանյալները պետք է հարցաքննվեն վերջում, հետո մեկ այլ ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու հարցը ներկայացնելուն հետո  դատավորի նախաձեռնությամբ միայն այս ամբաստանյալի հարցաքննության  հերթականությունը փոխվել է, այդ ամբաստանյալի պաշտպանն առարկել է դրա դեմ, դատավորն, այդուհանդերձ, փոխել է հերթականությունը, հարցաքննել ամբաստանյալին, վերջինս հարցաքննելուց առաջ ասել է, որ կտա ցուցմունք, իսկ հարցաքննությունը սկսելուց հետո հայտարարել, որ ցուցմունք չի տալիս, պատասխանել միայն մեկ հարցի, որ իր նկատմամբ ոչ մի ազդեցություն չի եղել: Մինչև այդ եղած ազդեցության պայմաններում ինքը չէր հրաժարվել, դրա համար էլ կալանավորումից հետո ազդեցության փաստով է քրեական գործը հարուցվել: Հետո մինչև կալանավորումն ազդեցությունը ինչո՞ւ պետք է ծանր հետևանք դիտեինք, որ ասում եք՝ ծանր հետևանք չէր, ենթադրենք՝ ծանր էր, ինչի՞ ծանր հետևանքներն էր: 

-Ես ասում եմ, որ ազատության մեջ էլ անձի նկատմամբ հարկադրանք է եղել:

-Հետո՞:

-Պարոն Բաղդասարյան, ենթադրենք՝ դատավորը անձին կալանավորել է առանց նրա ներկայության և հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերջինս չի ներկայացել դատական նիստին: Այսինքն՝ անձի խափանման միջոց ստորագրությունն ավելի խիստ խափանման միջոցով է փոխվել, քանի որ չի ներկայացել: Այս դեպքում լսված լինելու իրավունքն ի՞նչպես պետք է ապահովվեր:

-Իսկ անձը որևէ կերպ դատարանին չի՞ բացատրել, թե ինչու չի գալիս: Պաշտպանը դիմում է ներկայացրել, հայտնել, որ ինքն անհետաձգելի գործողության մասնակցելու պատճառով չի ներկայանալու դատական նիստին և հայտնել է իր պաշտպանյալին, ով առանց ինձ չի ցանկանում մասնակցել դատական նիստի: Ես մի հարց տամ. այս գործով իրավիճակ ենք ունեցել, որ նույն տրամաբանությամբ ամբաստանյալներից մեկին, հնարավոր է, կալանավորած լինեին: Որ միջնորդեի կալանավորել, դուրս գայի, շնորհակալություն կհայտնեիք, թե՞ հակառակ հարցերն էինք տալու:

-Միջնորդելուց հետո պարզ կլիներ…Պարոն Բաղդասարյան, Դատախազությունը չի բողոքարկել դատավոր Բորիս Բախշիյանի այն որոշումը, համաձայն որի՝ Նվեր Մկրտչյանը կալանավորվել է: «Դատախազության մասին» օրենքով՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել այն դատական ակտը, որն, իր կարծիքով՝ հիմնավոր չէ կամ անօրինական է: Օրենքը չի նախատեսում որևէ բացառություն կամ նախապայման այն դեպքերի համար, երբ արդեն իսկ ներկայացված է դատական ակտի դեմ բողոք: Դուք ասում եք՝ քանի որ արդեն դատական ակտը բողոքարկված էր, Դատախազությունը չի բողոքակել: «Դատախազության մասին»  օրենքի տրամաբանությամբ՝ ինչպե՞ս եք նման պնդում անում:

-Նախքան պատասխանը մի փոքր հարցադրում՝ եթե կցանկանաք՝ պատասխանեք. այս փաստարկն ինչի՞ն է ծառայում: Ուզում ենք ասել, որ  դատախազն ունեցել է այլ կարծիք, հետո փոխե՞լ կարծիքը:

-Ուզում ենք պարզել՝ արդյոք դատախազն ունեցել է կարծիք, որ դատական ակտը անհիմն կամ անօրինական է եղել, բայց այն չի բողոքարկել, իսկ այժմ Դատախազությունը ոչ միայն պնդում է, որ դատական ակտը անհիմն և անօրինական, այլև ակնհայտ ապօրինի է եղել:

-Կրկնում եմ՝ ի՞նչ ենք ուզում ասել: Դատախազը չի բողոքարկել: Ուզում ենք ասել, որ եթե դատախազը չի բողոքարկել, ուրեմն այլևս երբեք չի՞ կարող այդ դատական ակտն ապօրինի համարել, թե՞ ուզում ենք ասել, որ դատախազը չի բողոքարկել, որովհետև կարծել է, որ օրինական է:

-Եկեք  հերթով պարզենք. գործին մասնակցող դատախազը կարծել է, որ այս որոշումն օրինակա՞ն է: 

-Ոչ, որովհետև կա դատական նիստի ձայնագրություն, որտեղ դատախազը մանրամասն փաստարկներ է բերում, թե ինչո՞ւ չի կարելի կալանավորել անձին:

-Ու հետագայում, երբ դատարանը կալանավորել է անձին, ինչո՞ւ չի բողոքարկել այդ դատական ակտը:

-Արդեն ասացինք՝ քանի որ բողոք արդեն իսկ ներկայացվել էր:

-Պարո՛ն Բաղդասարյան, հարցն այն մասին է, որ «Դատախազության մասին» օրենքը պարտականություն է սահմանում դատախազի համար բողոքարկելու:

-Հետո՞

-Ինչո՞ւ չի բողոքարկվել Բախշիյանի դատական ակտը՝ «Դատախազության մասին» օրենքի համաձայն:

-Որևէ պատճառով չի բողոքարկվել, դա այս մեղադրանքի հետ ի՞նչ կապ ունի:

- Իսկ դատախազի նկատմամբ որևէ վարույթ հարուցվե՞լ է այն փաստով, որ ինքը կարծել է, որ Բորիս Բախշիյանի կայացրած դատական ակտն ապօրինի է, բայց չի բողոքարկել այն:

-Ոչ, որովհետև դրա համար հիմք չկա: Նույնիսկ եթե պետք է բողոքարկվեր, բայց չի բողոքարկվել, դա կարգապահական վարույթ չի ենթադրում, որովհետև ֆորմալ «պարտավոր է» ձևակերպմամբ կանոնի չկատարումը որևէ հետևանք  չի առաջացրել և չի փոխում այդ որոշման անօրինական լինելու հանգամանքը:

-Ինչպե՞ս հետևանք չի առաջացրել, եթե անձը գտնվում էր կալանքի տակ: Պարզ է, որ հետագայում ազատ է արձակվել, բայց, համենայն դեպս, գտնվել է կալանքի տակ:

 -14  օր հետո ազատ է արձակվել, ըստ որում՝ ներկայացված էր բողոք: Ուզում եք ասել՝ եթե Դատախազությունը բողոք բերեր, 14 օրվա ընթացքում ամբաստանյալն  ազատ արձակվա՞ծ էր լինելու:

-Ես չեմ կարող կանխատեսել: 

-Ոչ, այդ ժամանակ Նվեր Մկրտչյանի պաշտպանին փոխեցին, նոր եկած պաշտպանը եկավ, բողոքը հետ վերցրեց: Դա որ պարզենք, հետո հարցերին կպատասխանենք:

-Դուք ասում եք՝ այլ ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու համար դատարանն ապացույցների հաջորդականությունը փոխել է և Նվեր Մկրտչյանին հարցաքննել: Ամբաստանյալի իրավունքն է ցանկացած փուլում ցուցմունք տալը, և այդ դեպքում ամբաստանյալը չի առարկել, որ ցուցմունք տա: Ինչո՞ւ եք այս հանգամանքը արտառոց կամ բացասական գնահատում:

 -Այդ գործով դատական նիստին մասնակցելուց, դատական նիստի ձայնագրությունը լսելուց հետո դուք նույնպես իմ տպավորությունից կստանաք:

-Դուք ասում եք նաև, որ դատարանը Մանվել Փարամազյանին ազատ արձակելու համար է փոխել ապացույցների հաջորդականությունն ու Նվեր Մկրտչյանին սահմանված հաջորդականությունից շուտ հարցաքննել: Դատարանը գտել է, որ Փարամազյանի կալանքի տակ մնալու պատճառն այն է, որ Մկրտչյանը դեռևս չի հարցաքննվել, ուստի Մկրտչյանին հարցաքննել է և Փարամազյանին ազատել կալանքից, այլապես գուցե մեկ տարի հետո Մկրտչյանին հարցաքննելու ժամանակը գար: 

-Քննության տասը օրվա ընթացքում այդ ամենը՝ սկզբից մինչև վերջ տարօրինակ չի՞ թվում…

-Անդրադառնանք նաև Աշոտ Մինասյանի գործին: Մինասյանի պաշտպանը գործով նախաքննության ավարտին Դատախազությանը միջնորդել է նրա խափանման միջոց կալանավորումը փոխել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով, սակայն Դատախազությունն այս միջնորդությունը չի բավարարել: Օրեր անց, երբ գործով ոչ մի հանգամանք չէր փոխվել, գործն ուղարկվել էր դատարան, դատավոր Բորիս Բախշիյանը փոխել է Մինասյանի խափանման միջոցն ու նրան ազատ արձակել: Դուք ասում եք՝ այդ որոշման հետ համաձայն եք և չեք բողոքարկում: Եթե համաձայն էիք, ինչո՞ւ եք նախաքննության ավարտին մերժել Մինասյանին ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը:

-Համաձայն չենք, պարզապես այնքան չէ անհամաձայնությունը, որ բողոքարկենք:

Վճռաբեկ դատարանի որոշում է եղել, որով Աշոտ Մինասյանին չկալանավորելիս դատական սխալ է արձանագրվել: Դրանից հետո Մինասյանը կալանավորվել է: Քանի որ այդ դատական ակտը նոր էր, հետո գործը՝ մեղադրական եզրակացությամբ ստացվեց՝ դատարան ուղարկելու համար, մենք մերժել ենք միջնորդությունն ու գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան:

- Վճռաբեկ դատարանի՝ Ձեր մատնանշած որոշումը մինչև Ձեր կողմից պաշտպանի միջնորդությունը մերժելն էր: Ես հարցնում եմ՝ գործի ավարտին,  ձեր գնահատմամբ, Մինասյանին կալանքի տակ պահելու հիմքերն առկա են եղել, օրեր անց դատարանը համարել է, որ առկա չեն կալանքի հիմքեր, և Դուք չեք բողոքարկել:

-Նաև առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ կային, դրա համար չենք բողոքարկել:

-Այսինքն՝ գործը դատարան ուղարկելուց հետո՞ են առողջական խնդիրներն առաջացել:

-Չէ նախաքննության ավարտին էլ… Եթե ցանկանում եք ինձնից ստանալ  պատասխան, որ Բորիս Բախշիյանին մեղադրանք ենք առաջադրել, որովհետև ինքն Աշոտ Մինասյանին ազատ էր արձակել, դա սուտ է:

-Հարցս բացառապես Աշոտ Միասյանի գործի մասին է: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է ստացում, որ հունվարի 4-ին գործն ուղարկել եք դատարան, համարել եք, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է պահպանվի, հունվարի 26-ին, երբ գործով ոչինչ չէր փոխվել, դատարանը նրան ազատ է արձակել և չեք բողոքարկել այդ դատական ակտը:

-Գտել ենք, որ դատարանի վարույթում է արդեն գործը, դատարանն ինքն է գնահատում այդ հանգամանքը, մեր վարույթում մենք այդ կերպ ենք գնահատել, իսկ դատարանի վարույթում պատշաճ վարքագծի ապահովման պատասխանատվությունը փոխվում է: Գտել ենք, որ դատարանի վարույթում է, մեր անհամաձայնությունն էլ այնքան շատ չէ, որ բողոքարկենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter