HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Աբրահամյան. «Արցախում ստեղծված վիճակը շատ ավելի խորացման և բարդացման միտումներ է դրսևորում»

Արցախում ստեղծված վիճակը, մասնավորապես` գազամատակարարման դադարեցման հարցը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անվտանգության տեսակետից աղետ է որակում:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասաց պատգամավորը:

«Անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում  են բանակցությունները գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, ցավալիորեն նույնիսկ դա դեռևս երաշխիք չի տալիս, որ սրան հաջորդող ժամակահատվածում Արցախում ճգնաժամային նոր իրավիճակներ չենք ունենա»,- ասաց նա:

Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, և երկարաժամկետ կտրվածքով այս պահին որևէ լուծում դեռևս տեսանելի չէ: Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ գազամատակարարումը միայն ջեռուցման խնդիր չի լուծում, սկսած նախակրթարաններից, հանրակրթական դպրոցներից, հիվանդանոցներից, վերջացրած տարբեր հիմնարկ-ձեռնարկություններով` աշխատանքը կաթվածահար է:

«Ցավոք, տեսնում եմ` Արցախում ստեղծված վիճակը շատ ավելի խորացման և բարդացման միտումներ է դրսևորում: Այդ հարցերը չլուծելը կարող է բերել երկու խոշոր հետևանքի՝ կամ Արցախի բնակչության մեծ ծավալով հայաթափման, կամ երկրորդ տարբերակի՝ նոր պատերազմի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ գազատարի վնասված տեղանքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է: Տիգրան Աբրահամյանը, սակայն, հակադարձում է՝ Արցախում ստեղծված վիճակն իշխանություններն ամբողջությամբ չեն կարող բարդել ռուսական կողմի վրա հենց միայն այն պատճառով, որ ցանկացած պարագայում Հայաստանն է Արցախի անվտանգության և բնականոն զարգացումն ապահովելու երաշխավորը:

«Ռուս խաղաղապահ զորքերի առաքելությունն է Արցախում անվտանգություն ապահովելը, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ տեսնում եմ բոլոր ուղղություններով մեզ համար բարենպաստ վիճակ, բայց ռուսական կողմը 1,5 տարվա ընթացքում Արցախում իրավիճակի կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել: Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ քաշվի, իրավիճակի պատասխանատվությունը բարդի ռուսական կողմի վրա»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter