HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աղաջանյան. «Արցախում կատարվողը սադրանք է՝ խաղաղության օրակարգը հեղինակազրկելու համար»

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների կարևոր առաքելությունն է՝ չշեղվել խաղաղության դարաշրջան բացելու օրակարգից: Այս մասին Աղաջանյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Այն ինչ տեղի է ունենում, մենք գնահատում ենք որպես սադրանք՝ ամեն կերպ հեղինակազրկելու խաղաղության օրակարգը, որի մասին  կառավարությունը բազմիցս խոսել է և որի իրականացումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է»,- ասաց նա:

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում իրավիճակի սրումը և ադրբեջանական ստորաբաժանումների կողմից Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը գրավելը, ըստ Աղաջանյանի՝ որոշակի կապ ունի Բաքվի 5 կետանոց առաջարկին ի պատասխան ուղղված հայկական կողմի առաջարկների հետ:

«Իմ ընկալումը միանշանակ է, որ դրանք ուղիղ կապ ունեն իրար հետ. և ժամանակագրությունը ևս բավականին խոսուն է, եթե չեմ սխալվում ԱԳ նախարարի կողմից արտահայտած դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական կողմի առաջարկներն ընդունելի են հայկական կողմի համար, այլ բան, որ դրանք ամբողջությամբ չեն հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը, որի արդյունքում հնարավոր կինի հասնել այդ խաղաղությանը: Նաև հայկական կողմը լրացրել է այդ հարցերի շրջանակը առաջարկի տեսքով ու ուղարկել ադրբեջանական կողմին»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանի այդ հայտարարությունից հետո նույն օր երեկոյան Արցախում գազամատակարարումը դադարեցվել է: Ըստ Աղաջանյանի՝ սա դիպուկ օրինակ է նկարագրելու համար այն, որ չնայած միջազգային հարթակում Ադրբեջանը հայտարարում է, որ կողմ է խաղաղության հաստատմանը, սակայն գործնականում որևէ քայլ չի անում դրա համար:

Անդրադառնալով իր այն հարցազրույցին, որտեղ հայտարարել է, թե Արցախի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում, պատգամավորն ասաց, թե շատերի մոտ իր հարցազրույցը թյուրընկալում է առաջացրել: Աղաջանյանը պարզաբանեց, որ որևէ կողմը մինչ բանակցությունների մեկնարկը չպետք է նախապայման առաջադրի: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի առաջ քաշած հինգ կետերը նախապայման չեն, այլ՝ օրակարգի ձևավորման առաջարկներ:

«Մենք դա այդպես ենք ընկալում, զուգահեռաբար արտահայտել ենք, որ նախքան բանակցությունների սկիզբը որևէ նախապայման ասելն անընդունելի է: Նույն տրամաբանությամբ երբ մենք առաջարկներով ենք հանդես եկել և փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով Բաքվին, դրանք ոչ թե նախապայման են, այլ հնարավոր օրակարգ՝ բանակցություններ սկսելու համար: Եւ այս համատեքստում է, որ իմ հարցազրույցում ասել եմ, որ պետք է քննարկվեն մոտեցումներ, բայց և դրան զուգահեռ պետք է արձանագրվի, որ որևէ նախապայման չպիտի է առաջ քաշվի»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter