
Պատգամավորը տարբերակված մոտեցում է առաջարկում սահմանային գոտու բնակիչների համար
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն առաջարկում է օրենսդրության շրջանակում ապահովել սահմանային գոտու բնակավայրերի՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման համակարգված մոտեցում: Պատգամավորի ներկայացրած օրենսդրական առաջարկը շրջանառության մեջ է դրվել մարտի 21-ին:
Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում նախատեսել սահմանային գոտու բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորում՝ ոչ պակաս քան 20 %-ի չափով: Պատգամավորն առաջարկում է մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմի դեպքում սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով զենք տրամադրել` Կառավարության սահմանած կարգով և տեսակի:
Սոցիալական աջակցություն է նախատեսվում նաև մարտական գործողությունների և տարերային աղետների հետևանքով տուժած սահմանամերձ համայնքների բնակիչներին: Նախագծում ֆինանսական հաշվարկներ չեն ներկայացվել:
Նշենք, որ նախագիծը նախ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը պետք է ստանա, որից հետո միայն կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը՝ մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:
Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին՝ մինչև մեկ կիլոմետր լայնությամբ:
Հիշեցնենք, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի` 2020 թվականին արված փոփոխություններով սահմանամերձ համայնքների բնակիչները նոր արտոնություններ ստացան:
Գործող օրենքով` սահմանապահ համայնքների բնական գազի, սպառած էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի ծախսերի հիսուն տոկոսը փոխհատուցում է Կառավարությունը: Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած նախագծով` ևս երեք տարով օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց, նաև այլ արտոնություններ ներառվեցին` այդ թվում հողի գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցում Կառավարությունից:
Հիշեցնենք նաև, որ դեռ նախորդ գումարման խորհրդարանում սահմանամերձ համայնքների բնակիչների՝ զենք կրելու թույլտվության մասին նախագիծ էր շրջանառվել, սակայն այն այդպես էլ չհայտնվեց լիագումար նիստերի օրակարգում:
Մեկնաբանել