HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

0։9․ Հայաստանի հավաքականն իր պատմության խոշորագույն պարտությունը կրեց

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 0։9 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում։

Խաղը հենց մեկնարկից սկսած շատ վատ դասավորվեց Հայաստանի հավաքականի համար։ Նորվեգիայի առաջատար Էրլինգ Հոլանը մշտապես լարվածություն էր ստեղծում մեր հավաքականի տուգանային հրապարակի մատույցներում։ Նրա հերթական անցումներից մեկն ավարտվեց Հայաստանի հավաքականի կարմիր քարտով։ Վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը, որը խախտումը կատարելիս ինքը վնասվածք ստացավ և դաշտից դուրս եկավ պատգարակի օգնությամբ։ Հաշված րոպեներ անց՝ 24-րդ րոպեին նորվեգացիներն ի վերջո բացեցին խաղի հաշիվը, ստանալով թիմակցի գեղեցիկ փոխանցումը՝ Էրլինգ Հոլանը Յուրչենկոյի վրայով գնդակն ուղարկեց դարպասը։ 10 հոգով մնացած Հայաստանի հավաքականն սկսեց մեկը մյուսի հետևից գոլեր բաց թողնել։

29-րդ րոպեին արդեն դաշտի տերերը կրկնապատկեցին իրենց առավելությունը․ Կամո Հովհաննիսյանը տուգանային հրապարակում գցեց մրցակցին, նշանակված 11-մետրանոցն էլ դիպուկ իրացրեց Ջոշուա Քինգը։ Անցավ մեկ րոպե, և հաշիվն արդեն խոշոր դարձավ, աչքի ընկավ Քրիստիան Թորսթվեդտը։ 34-րդ րոպեին հաշիվը դարձավ 4։0․ անկյունայինի խաղարկման արդյունքում կրկին գոլի հեղինակ դարձավ Ջոշուա Քինգը։ Առաջին կեսի վերջում՝ 46-րդ րոպեին, Էրլինգ Հոլանը ևս մեկ գնդակ ուղարկեց Յուրչենկոյի դարպասը, և թիմերն ընդմիջման գնացին 5։0 հաշվի պայմաններում։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում նորվեգացիները փոքր-ինչ թուլացրին իրենց գրոհների տեմպը, սակայն նույնիսկ այդպես ամբողջությամբ վերահսկում էին խաղն ու ոչ մի շանս չէին տալիս մեր ընտրանու խաղացողներին։ 58-րդ րոպեին հերթական անկյունայինի խաղարկման արդյունքում 6-րդ գնդակը հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջոշուա Քինգը։ 80-րդ րոպեին հաշիվը դարձավ 7։0, աչքի ընկավ Մաթս Դեհլին։ 86-րդ րոպեին Խոակին Կապառոսի սաները 8-րդ գոլն ընդունեցին, և կրկին ակնյունայինի խաղարկումից, գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Սորլոթը։ 4 րոպե անց Սորլոթը հաշիվը դարձրեց 9։0՝ դնելով հանդիպման վերջակետը։

Նշենք, որ սա Հայաստանի հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում կայացած ընկերական խաղում 1։0 հաշվով առավելության էր հասել Մոնտենեգրոյի ընտրանու նկատմամբ։

Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ հանդիպումները կանցկացնի այս տարվա հունիսին՝ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում։ Մեր հավաքականն ընդգրկված է B դիվիզիոնի առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։

Գլխավոր լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter