HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայ ազատ ոճայինները 3 մեդալ նվաճեցին ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց մրցելույթներն ավարտեցին ազատ ոճային ըմբիշները։ Այստեղ Հայաստանը ներկայացնում էր յոթ մարզիկ, որոնցից երեքը՝ Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանն ու Մանվել Խնձրցյանը կարողացան մեդալ նվաճել։

Ամենամեծ հաջողությունը գրանցեց 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որն իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նման արդյունքի նա հասել էր նաև 2019 թվականին։ 22-ամյա ըմբիշը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ 5։0 հաշվեց հաղթեց հյուսիսմակեդոնացի Բեսիր Ալիլիին։ Կիսաեզրափակչում նա 13։8 հաշվով առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Էդուարդ Գրիգորևի նկամտմամբ, իսկ եզրափակչում 15։3 հաշվով ջախջախեց թուրք ըմբիշ Սուլեյման Ատլըին։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նա մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթթին Քըլըչսալայանին։ Քառորդ եզրափակչում Անդրեասյանը 5։1 հաշվով հաղթեց Կևին Կրիստոֆեր Հենկելին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 6։2 հաշվով առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գռահմեզի նկատմամբ։ Ոսկու համար գոտեմարտում, ցավոք, Արման Անդրեասյանը նվազագույն՝ 2։1 հաշվով զիջեց վրացի ըմբիշ Զուրաբի Յակոբիշվիլիին։ Հիշեցնենք՝ Արման Անդրեասյանը Եվրոպայի 2021թ․ առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել։

57 կգ քաշային կարգում էլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խնձրցյանը։ Նա պայքարի մեջ մտավ որակավորման փուլից, որտեղ 11։6 հաշվով հաղթեց մոլդովացի Անատոլի Բուրուիանին։ Քառորդ եզրափակչում նա 14։4 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեթ Քարավուսին։ Կիսաեզրափակչում Մանվել Խնձրցյանը 10։0 հաշվով զիջեց հյուսիսմակեդոնացի Վլադիմիր Եգորովին, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։2 հաշվով կարողացավ առավելության հասնել գերմանացի Նիկլաս Շթեխելի նկատմամբ։ 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս չորս անդամներին՝ Գևորգ Թադևոսյանին, Հրայր Ալիխանյանին, Արման Ավագյանին ու Հովհաննես Մխիթարյանին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել։

Ապրիլի 1-ից Եվրոպայի առաջնությունում իրենց մրցելույթները կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այստեղ Հայաստանը կրկին կներկայացնեն 7 մարզիկներ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Լուսանկարները՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter