HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքական եւ արեւմտյան պրոպագանդան փորձում է Հայաստանը ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ

Բրիտանական «BBC» հեռուստաընկերությունը երեկ մի տեսանյութ է տարածել, որում հղում անելով թուրքական մեդիային, նշվում է, թե իբր սիրիացի վարձկանները Հայաստանի տարածքով տեղափոխվում են Ռուսաստան: Իր կողմից «BBC»-ն հավելում է, թե գտել է այն ինքնաթիռը, որը հայտնի է վարձկաններ տեղափոխելով: Խոսքը ՌԴ օդուժի «Տու-154Մ» տեսակի օդանավի մասին է, ռուսական գրանցումը՝ RA-85041: Բրիտանական լրատվամիջոցը նշում է նաեւ Լաթաքիա-Երեւան-Մոզդոկ երթուղին, որով ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից օրեր անց թռել է RA-85041-ը: Ըստ այդմ՝ «Տու-154Մ»-ը, սիրիական Լաթաքիայից օդ բարձրանալով, տարանցել է Իրաքի եւ Իրանի օդային տարածքները, մտել Հայաստան՝ վայրէջք կատարել Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում, ապա կրկին Իրանի տարածքով ու Կասպից ծովի վրայով անցել Ռուսաստան՝ Մոզդոկ:

Նախ՝ ուշագրավ է այն, որ «BBC»-ն Հայաստանի մասին ինֆորմացիա հաղորդելիս հղում է անում թուրքական մեդիային: Անշուշտ, բրիտանական լրատվամիջոցում լավ գիտեն հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց դա նրանց չի խանգարել այս միակողմանի ինֆորմացիան իրենց լսարանին մատուցել «ճշմարտության» քողի տակ: Իբրեւ թուրքական աղբյուրների հաստատում «BBC»-ն ցույց է տալիս օդանավի անցած ճանապարհը: Բայց բրիտանական հեռարձակողը, որ թվում է, թե անաչառ լրագրության կողմնակից պիտի լինի, «մոռանում է» մեջբերել ՀՀ պաշտպանության նախարարության հերքումը՝ թեկուզ միայն պահելու համար բոլոր կողմերին լսելի դարձնելու էթիկական պարզ կանոնը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր հետեւյալը. «Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս «Սու-30» ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. ՀՀ զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են եւ կատարում են առաջադրված խնդիրները։ Իրականությանը չի համապատասխանում նաեւ նշված հրապարկման մեջ արվող եւս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար»։

Հիմա խոսենք փաստերով:

RA-85041 գրանցումով «Տու-154Մ»-ը ՌԴ ռազմաօդային ուժերի 223-րդ թռիչքային ջոկատի ինքնաթիռ է: Այս ջոկատի գործունեության հիմնական նպատակը ՌԴ նախագահի, կառավարության եւ ՊՆ-ի հանձնարարություններով փոխադրումներ կատարելն է: Ջոկատի օդանավերը բազավորվում են մերձմոսկովյան «Չկալովսկի» ռազմական աերոդրոմում:

Տարբեր ոչ ռուսական լրատվամիջոցներ, այդ թվում՝ ուկրաինական, RA-85041-ը նախկինում կապել են «Վագների խմբի» վարձկանների հետ: Հղում անելով ՄԱԿ-ի փորձագետներին եւ Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ լրատվամիջոցները նշել են, որ այս օդանավով «Վագների» մարտիկները նախկինում տեղափոխվել են Աֆրիկա՝ Մալի, Սուդան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն:

Ու հիմա «BBC»-ն, հղում անելով թուրքական մեդային, գրում է, թե Սիրիայից Հայաստանի տարածքով Ռուսաստան են մեկնել սիրիացի վարձկաններ, եւ այս օդանավի անցած երթուղին է ցույց տալիս: Բայց ամբողջ հարցն այն է, որ ո՛չ թուրքական լրատվամիջոցները, ո՛չ նրանց ցիտող «BBC»-ն չեն բերում գեթ մեկ ապացույց առ այն, որ Լաթաքիա-Երեւան-Մոզդոկ չվերթի ժամանակ օդանավում սիրիացի վարձկաններ են եղել: Ապացույց ունենալու դեպքում, անշուշտ, այն առանց մեկ վայրկյան ուշացնելու կհրապարակվեր:

Այստեղ չենք կարող չշեշտել թուրք-ադրբեջանական մեդիայի շարժառիթը՝ Հայաստանը ցույց տալ որպես վարձկանների տարանցիկ երկիր: 44-օրյա պատերազմի օրերին թե՛ միջազգային մամուլը, այդ թվում՝ բրիտանական, թե՛ հայկական կողմը, թե՛ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ հետախուզության ներկայացուցիչներ, հայտարարել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է հավաքագրում եւ ուղարկում Ադրբեջան: Այդ ամենն ապացուցվել է Սիրիայում ու Ադրբեջանում հենց վարձկանների ձեռքով արված տեսանյութերով, տարբեր լուսանկարներով: Այդ ամենն իրենց ցուցմունքներում մանրամասն փաստել են նաեւ այն երկու վարձկանները, որոնք բռնվել են հայկական զինուժի կողմից Արցախում: Վարձկանները պատմել են իրենց անցած ճանապարհի մասին՝ ներկայացնելով թուրքերի ծրագրած լոգիստիկ սխեման: Պատերազմի ժամանակ Բաքվում վայրէջք են կատարել նաեւ օդանավեր Լիբիայից ու Աֆղանստանից:

Ու հիմա ակնհայտ է թուրքական ձեռագիրը. փորձել դիմացինին վերագրել այնպիսի քայլեր, ինչպիսիք ինքն է արել տակավին վերջերս: Այսինքն՝ նպատակը կշեռքի նժարները հավասարեցնելն է:

Բացի նրանից, որ թուրքերն ու բրիտանացիներն առանց ապացույցների խոսում են Հայաստանի տարածքով Ռուսաստան մեկնող վարձկանների մասին՝ նույն «BBC»-ն, ըստ էության, չի ցանկացել ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա, ինչը նրա տեսանյութը դարձրել է խիստ մանիպուլյատիվ եւ «ֆեյք»: Խոսքն այն մասին է, որ ռուսական օդանավը թռիչքներ է կատարել այնպիսի կետերի (աերդրոմների) միջեւ, որտեղ բազավորված են ռուսական միավորումներ:

Այսպես՝ թռիչքներին առցանց հետեւող flightaware.com կայքում տեսնում ենք, որ RA-85041-ը փետրվարի 27-ին սիրիական Լաթաքիայի օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան 8-ի կողմերը, իսկ Երեւանի «Էրեբունիում» վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով կեսօրին մոտ:

Թե՛ Լաթաքիայի, թե՛ «Էրեբունու» աերոդրոմները համատեղ բազավորման են, այսինքն՝ այստեղ բազավորվում են եւ՛ քաղաքացիական, եւ՛ ռազմական օդանավեր: Լաթաքիայի աերոդրոմից են օգտվում «Խմեյմիմ» ավիաբազայի օդանավերը: Այս ավիաբազան գործում է 2015-ից, շահագործողը Սիրիայում տեղակայված ռուսական զորքերն են: «Էրեբունի» օդանավակայանում էլ ռուսական ավիաբազան տեղակայվել է 1994-ից: Այս ավիաբազան ՀՀ-ում գործող ՌԴ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն բաղադրիչն է: Այլ կերպ ասած՝ փետրվարի 27-ին RA-85041-ը թռել է ռուսական մի բազայից մյուսը:

Բայց չմոռանանք նաեւ, որ 2019-ի փետրվարից Սիրիայում գործում է ՀՀ հումանիտար սակրավորներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմից բաղկացած խումբը: Հայ մասնագետները Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: 2021-ի տարեվերջի տվյալներով՝ հայ մասնագետների կողմից ականազերծվել էր ընդհանուր 880.000 քմ ականապատ տարածք: Հայտնաբերվել ու վնասազերծվել է 594 հատ չպայթած զինամթերք: Վիրաբույժներից, թերապեւտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժշկական անձնակազմն էլ օգնություն է ցուցաբերել ընդհանուր 42.000 հիվանդի: 2021-ի նոյեմբերին էլ Դամասկոս է մեկնել հումանիտար ականազերծողների մեկ այլ խումբ, որը պետք է մաքրի Դամասկոսի մոտ գտնվող շուրջ 2 մլն քմ գյուղատնտեսական հողատարածք: 2021-ի ընթացքում հայ մասնագետներն արդեն մաքրել էին 70.000 քմ տարածք:  

Վերադառնալով RA-85041-ին՝ նշենք, որ փետրվարի 27-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 16-ի սահմաններում, օդանավն «Էրեբունուց» թռել է Ռուսաստան՝ Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքի ավիաբազա, որտեղ վայրէջք է կատարել տեղական ժամանակով 17:30-ի սահմաններում: 

Փետրվարի 27-ի գիշերը օդանավը Մոզդոկից վերադարձել է Լաթաքիա: Հարց է ծագում. եթե թուրքերը պնդում են, թե օդանավը Սիրիայից վարձկաններ է տեղափոխել, ինչու՞ են թույլատրել, որ ամսի 27-ին այն Ռուսաստանից Սիրիա վերադառնա իրենց օդային տարածքով:

Փետրվարի 28-ին՝ կեսօրին մոտ, ռուսական օդանավը Լաթաքիայից կրկին թռել է «Էրեբունի», որտեղ վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով 16:30-ի սահմաններում: Ինչպես տեսնում ենք, թե՛ փետրվարի 27-ին, թե՛ 28-ին ինքնաթիռը օրվա լուսավոր ժամերին է թռիչքներ իրականացրել դեպի Երեւան:

Վարձկաններ տեղափոխելու գործում մասնագիտացած թուրքերն իրականում սեփական փորձով գիտեն, որ նման բան անելու ամենահարմար ժամանակը գիշերն է՝ հեռու ամեն տեսակ աչքից: Փետրվարի 28-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ի սահմաններում, RA-85041-ը ուղղություն է վերցրել դեպի Ռուսաստան եւ տեղի ժամանակով մոտավորապես 21:30-ին վայրէջք կատարել Աստրախան քաղաքի մոտ գտնվող «Պրիվոլժսկի» ավիաբազայում:

Այսպիսով՝ փետրվարի 27-ին եւ 28-ին ռուսական «Տու-154Մ»-ը երկու անգամ Լաթաքիայից թռել է Ռուսաստան՝ Մոզդոկ եւ Աստրախան՝ միջանկյալ վայրէջք կատարելով Երեւանի «Էրեբունիում»: Այս բոլոր կետերը ռուսական օդուժի բազավորման աերոդրոմներ են, իսկ ինքնաթիռը՝ տարբեր փոխադրումներ կատարող բորտ: Որեւէ ապացույց չկա, որ օդանավը օրը ցերեկով վարձկաններ է տեղափոխել Հայաստանի տարածքով, մնացածը թուրք-ադրբեջանական եւ արեւմտյան պրոպագանդա է, «ֆեյք նյուզ»:

Գլխավոր լուսանկարում՝ RA-85041-ը՝ «Չկալովսկի» օդանավակայանում. 31.08.2021, հեղ.՝ Ալեքսանդր Սոց, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter