HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Միակ բանը, որ մտածում էի ՝ ամեն ինչ անեմ նրանց ցավը թեթևացնելու համար»․ բժիշկ Մարիամ Խաչատրյան

Շտապօգնության բժիշկ Մարիամ Խաչատրյանը պատերազմում կորցրել է ընկերոջը: Պատերազմի մասին լուրը նա իմացել է սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան։ Հերթապահությունից նոր էր վերադարձել: Մտքին միայն մի բան էր՝ մեկնել Արցախ: Նրա ընկերը՝ բժիշկ Դավիթ Հակոբյանը, ծառայության մեջ էր, Մարիամ Խաչատրյանը որոշեց որպես շտապօգնության բժիշկ մեկնել Արցախ: Մարիամն ուսմանը զուգահեռ աշխատում էր Երեւանի Շենգավիթի շտապօգնությանում: 

«Ես ուղղակի ուրիշ տարբերակ չունեի։ Ես գիտեի, որ Դավիթն Արցախում էր, իմ տեղն էլ պիտի լիներ նրա կողքին, ուրիշ ձևով հնարավոր չէր։ Ինձ ոչ մեկը չէր ստիպել, ուղղակի այլ տարբերակ չէի տեսնում»,- պատմում է Մարիամը։

Շենգավիթի շտապօգնության բուժանձնակազմի տղաներին ռազմաճակատ էին ուղարկել, կանայք ևս դիմել էին ղեկավարությանը՝ իրենց տանելու խնդրանքով: Հոկտեմբերի սկզբին Մարիամը թույլտվության ստացավ Շենգավիթի շտապօգնության բրիգադով մեկնել Արցախ։ 

Նա տնեցիներին չէր տեղեկացրել, որ ընդգրկվելու է ռազմաճակատ մեկնող խմբում: Մորն ասել էր, թե Գորիս են գնալու՝ այնտեղից վիրավորներին Երևան տեղափոխելու։ 

Մարիամը սովորում է ԵՊԲՀ օրդինատուրայի 3-րդ կուրսում, ապագա նյարդաբան է, սակայն կորոնավիրուսային համավարակի բռնկումից ի վեր՝ 2020-ից մայիսից, աշխատել է Նոր Հաճնի, ապա՝ Շենգավիթի շտապօգնություններում։

Մարիամը կենսուրախ է, ժպիտի տակ թաքնված են 26-ամյա բժշկի դառը հիշողությունները 44-օրյա պատերազմից։

Պատերազմի օրերին Շենգավիթի շտապօգնության անձնակազմով գնում էին Գորիս, Ստեփանակերտ, վիրավորներին տեղափոխում Երեւանի տարբեր հիվանդանոցներ: 

Հոկտեմբերի 9-ի առավոտյան Հադրութում էին, սակայն քաղաք չմտան, մնացին Տող գյուղում, որտեղ տեղակայված էր հոսպիտալը: Տեղ հասնելուց անմիջապես հետո սկսվեց ռմբակոծությունը։ Մարիամը հիշում է, որ ամբողջ ընթացքում ուժեղ ձայներ էին լսվում, հետո ասացին, որ ԱԹՍ-ներն են։ Առաջին օգնություն վիրավորներին ցույց էին տալիս արվեստի դպրոցում, որը վերածվել էր հոսպիտալի։

Մարիամի խոսքով՝ իրար հետևից անընդհատ վիրավորներ էին բերում, և բժիշկները չէի հասցնում նույնիսկ առաջին օգնություն ցույց տալ։ Այդ օրը շտապօգնության անձակազմը միացավ Տողի հոսպիտալի բժիշկներին։ 

Բուժանձնակազմը հերթափոխով էր քնում, մեկը մի ժամ քնում էր, մինչև մյուսն աշխատեր։ Փորձում էին ամեն ինչ անել մեքենայում հնարավորինս շատ վիրավոր տեղավորելու համար։

«Ստեփանակերտի հոսպիտալում ֆոսֆորային այրվածք ունեցող կար, վիրակապել էին, բայց կարծես ամբողջ մարմինը հալված լիներ, շատ խորը այրվածքներ էին։ Երկու եղբայրներ էին, փոքրը այրվածքներով, մեծը՝ բեկորային վնասվածքներով, բայց փոքրը ամբողջ ընթացքում մեծի մասին էր անհանգստանում։ Ընդհանրապես, միշտ ամբողջ ճանապարհին տագնապի մեջ էինք։ Դժվար էր, ծանր վիրավորներ կային, կային նաև այնպիսի տղաներ, ովքեր ամբողջ ճամփին մի բառ չէին ասում, ու կային նաև անդադար խոսողներ․ իրենց զոհված ընկերների մասին էին պատմում: Չէի փորձում կենտրոնանալ, միակ բանը, որ մտածում էի՝ ամեն ինչ անեմ նրանց ցավը թեթևացնելու համար։ Նույնիսկ չէի մտածում մեր անվտանգության մասին»,- ասում է Մարիամը։

Արցախում Մարիամն այդպես էլ չի կարողացել հանդիպել ընկերոջը: Հոկտեմբերի 25-ին վերջին անգամ եղել է Գորիսում, հերթական հերթափոխից հետո վերադարձել է Երևան ու իմացել Դավիթի զոհվելու լուրը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter