HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական ակտ հօգուտ ընդերքօգտագործողի․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանն անվավեր ճանաչվեց

Վարչական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ հանքարդյունահանողի՝ Երևանում Սպանդարյանի բազալտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Մեգերյան» ՍՊԸ-ի։ Գործը քննող դատավոր Մերի Համբարձումյանն անվավեր է ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այդ ժամանակ՝ Սուրեն Պապիկյանն էր) 2021թ․ հունիսի 4-ի հրամանը, որով դադարեցվել է «Մեգերյան» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Սպանդարյանի բազալտի հանքավայրի նկատմամբ։

ՏԿԵՆ-ն էլ դադարեցրել էր ընկերության ընդերքօգտագործման իրավունքը արդյունահանում չիրականացնելու հիմքով։ «Մեգերյան» ՍՊԸ-ն էլ արդյունահանման աշխատանքներ չէր իրականացրել համայնքի կողմից հողօգտագործման պայմանագիր չկնքելու պատճառով:

«Մեգերյան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Մարտիրոսյանը դատարանին հայտնել է, որ ընկերությունն ընդերքօգտագործման իրավունքը ստանալուց հետո բազմիցս դիմել է Երևանի քաղաքապետարանին պայմանագիր կնքելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը մշտապես ձգձգել է այդ գործընթացը՝ տարբեր պատճառաբանություններով։ Ընկերությունն այդ պատճառով չի կարողացել սկսել արդյունահանման աշխատանքները։

ՏԿԵՆ-ն էլ վարչական վարույթ է հարուցել, զգուշացում տվել՝ 90-օրյա ժամկետում խախտումը վերացնել։ Տվյալ դեպքում ընկերությունը չի կարողացել այդ ժամկետում սկսել արդյունահանման աշխատանքները, քանի որ քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելու գործընթացը, բազմաթիվ գրություններից հետո, նոր է մեկնարկած եղել։

Դատարանն արձանագրել է, որ գործի փաստերից հետևում է, որ «Մեգերյան» ՍՊԸ-ի կողմից ընդհանրապես արդյունահանման աշխատանքներ չեն իրականացվել այն պատճառով, որ «Մեգերյան» ՍՊԸ-ն չի ունեցել հողամասի օգտագործման իրավունք:

«Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնակարգումներից հետևում է, որ «Մեգերյան» ՍՊԸ-ն չէր կարող սկսել արդյունահանման աշխատանքներն առանց Երևանի քաղաքապետարանի հետ կնքած հողօգտագործման պայմանագրի, որը տվյալ դեպքում առկա չի եղել: Ավելին, սույն գործի քննությամբ ձեռք բերված գրություններից, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի համապատասխան գրություններից հետևում է, որ «Մեգերյան» ՍՊԸ-ն միջոցներ է ձեռնարկել հողամասի օգտագործման իրավունք ձեռք բերելու համար, այդ կապակցությամբ իրականացվել է որոշակի գործընթաց, և 18.09.2020 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է «Սպանդարյանի բազալտի հանքավայրի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու մասին» թիվ 2985-Ա որոշումը, որով Սպանդարյանի բազալտի հանքավայրի զբաղեցրած հողամասը վարձակալության իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրվել է «Մեգերյան» ՍՊԸ-ին: Վերոգրյալ փաստերից հետևում է, որ «Մեգերյան» ՍՊԸ-ն վերոնշյալ պատճառներով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 09․04․2020 թվականի խախտումները վերացնելու վերաբերյալ զգուշացումը տալուց հետո սահմանված 90-օրյա ժամկետում չէր էլ կարող սկսել և իրականացնել արդյունահանման աշխատանքներ»,- նշել է դատարանը:

Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ պատասխանողը վարչական վարույթի ժամանակ չի ապահովել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, չի բացահայտել գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակցի օգտին առկա հանգամանքները՝ արդյունքում կայացնելով չհիմնավորված վարչական ակտ։

Դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտը կայացվել է օրենքի խախտմամբ, հիմնավորված չէ, և ենթակա է անվավեր ճանաչման:

Այդպիսով, դատարանը որոշել է «Մեգերյան» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանը:

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter