HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

54 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի BMW-ին ուղեկցող 3 Toyota-ների ձեռքբերման համար

Կառավարությունը վերաբաշխում կկատարի պետական բյուջեում և 54 մլն դրամ կուղղի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW ծառայողական մեքենային ուղեկցող Toyota մակնիշի RAV 4 մոդելի երեք մեքենաների ձեռքբերման համար։ Հարցն ընդգրկված է Կառավարության ապրիլի 7-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.7լ, 2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA, 2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.0լ, 2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը:

ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ԱԺ նախագահի ուղեկցման համար:

Ինչպես նշված է նախագծում, հարցի կարգավորման նպատակով ԱԺ աշխատակազմը նշված տրանսպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն։ Մասնավորապես, կատարվել են հարցումներ «Մուրան», «Գրանդ մոթորս»,, «Սքայ մոթորս» և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ներում, որի արդյունքում նպատակահարմար է համարվել ձեռք բերել Toyota RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենա, քանի որ «Տոյոտա Երևան» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ 

«Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշենք, որ «Տոյոտա Երևան» ընկերության 60 %-ը պատկանում է «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանին, որն այժմ հետախուզման մեջ է գտնվում, 30 %-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, իսկ 10-ը՝ Վահե Գզրարյանին, որը նաև ընկերության տնօրենն է։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Կառավարությունը 90 մլն դրամ էր հատկացրել Սիմոնյանի համար BMW մակնիշի մեքենայի ձեռքբերման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter