HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանով են թանկացել պարենային ապրանքները 

Հայաստանի սպառողական շուկայում 2022 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 7.4% գնաճ է գրանցվել, վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները։ Ինչպես սպասվում էր, գնաճի տեմպը արագացել է։

Եթե նախորդ տարվա նոյեմբերից որոշակի դանդաղում էր նկատվում և հույս կար, որ մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտը գնաճը կհասնի 4%-ի մակարդակին, ապա ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած խուճապն ու պարենային անվտանգության մասին մտահոգությունները հանգեցրին գնաճի տեմպի արագացմանը։

Համեմատության համար՝ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 6.5%:

Բանջարեղեն, ձուկ, հացաբուլկեղեն, ձավարեղեն. ամենաշատ թանկացած պարենային ապրանքները

 Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գրանցված 12-ամսյա գնաճը մարտին հիմնականում պայմանավորված է եղել սննդամթերքի թանկացմամբ, առավելապես բանջարեղենի, հացաբուլկեղենի, ձավարեղենի ու մսի գների բարձրացմամբ։

Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը Հայաստանում 12.8%-ով թանկացել են։

Գնաճի տեմպով առաջատարը բանջարեղենն է։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ բանջարեղենի գները միջինում 40.8%-ով ավելի բարձր են եղել։ Վերջին մեկ տարում ամենաշատը թանկացել են կաղամբը (282.4%-ով), ճակնդեղը (124.7%), կանաչ սոխը (121.4%), կարտոֆիլը (73.4%) և սխտորը (33.8%):

Մեր ուսումնասիրության համար հիմք ենք ընդունում այս տարվա և նախորդ տարվա նույն ամիսների համեմատությունը, քանի որ կոնկրետ բանջարեղենի մասով գների վրա ազդում է սեզոնայնության գործոնը, հետևաբար՝ իրական պատկերը ստանալու համար ճիշտ չի լինի համեմատել այս տարվա մարտը փետրվարի հետ։

Քանի որ բանջարեղենը սպառողական զամբյուղում էական կշիռ ունի, Վիճկոմիտեի հաշվարկներով՝ այս տարվա մարտին երկրում գրանցված 7.4% գնաճից 1.951 տոկոսային կետը միայն բանջարեղենն է «ապահովել»։ Առհասարակ սննդամթերքի ազդեցությունը գնաճի վրա կազմել է 4.8 տոկոսային կետ։

Այդ թվում, էական՝ 1.020 տոկոսային կետով ազդեցություն է թողել հացաբուլկեղեն և ձավարեղեն ապրանքախումբը։ Այն այս մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ թանկացել է միջինում 13.3%-ով։

Մասնավորապես հացի գները բարձրացել են 12.3%-ով, ալյուրինը՝ 10.8% և մակարոնեղենինը՝ 18.2%-ով։

Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գներն էլ բարձրացել են 16-37%-ով։

Ձուկն ու ծովամթերքը թանկացել են 30.2%-ով, սակայն քանի որ այս ապրանքախումբը մեծ կշիռ չունի պարենային զամբյուղում, հետևաբար այն ընդհանուր գնաճի վրա էական ազդեցություն չի թողել։

Փոխարենը միսը (խոշոր եջերավորների, խոզի և այլն) 0.897 տոկոսային կետով ազդել է գնաճի վրա։ Միսը այս ընթացքում թանկացել է 9.7%-ով։

Այս ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք պարենային հիմնական ապրանքախմբերի գների փոփոխությունները վերջին մեկ տարում։

Այստեղ կարելի է նկատել, որ միակ ապրանքախումբը, որի գծով գնանկում է գրանցվել, միրգն է։ Էժանացել են խնձորը, բանանը, նարինջն ու տանձը։

Ինֆոգրաֆիկան առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab)։

Բացի սննդամթերքը մարտին թանկացել են նաև ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները։ Մասնավորապես, ոչ պարենային ապրանքները 2022 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, թանկացել են միջինում 4.8%-ով, իսկ ծառայությունները՝ 3.3%-ով։

Նախորդ ամսվա՝ 2022 թվականի փետրվարի համեմատ պարենային ապրանքները թանկացել են 1%-ով, ծառայությունները՝ 1.7%-ով։

Գնաճի տեմպը Հայաստանում սկսեց արագանալ 2020 թվականի վերջից։ 2021 թվականի ընթացքում՝ մինչև նոյեմբեր, այն շարունակեց բարձրանալ։

Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ)՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով այս տարի սպասվում է համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում՝ տնտեսական անկում:

«Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային, այդ թվում՝ էներգակիրների և պարենային ապրանքների առանձին շուկաներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է, և ավելացել են գնաճային սպասումները»,- նշված է Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն» տեղեկագրում:

Մարտի 15-ին Կենտրոնական բանկը հայտարարեց, որ միանգամից 1.25 տոկոսային կետով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դա այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տալիս բանկերին, բանկերն էլ նույն գումարով վարկավորում են քաղաքացիներին։ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը որոշ ժամանակ անց, օրինակ՝ վեց ամիս, կարող է հանգեցնել վարկերի թանկացմանը, քաղաքացիների կողմից վարկերի ձեռքբերման ու սպառման կրճատմանը, որն էլ բերում է պահանջարկի կրճատմանը։ Պահանջարկի անկումն իր հերթին նպաստում է, որ գնաճի տեմպերը նվազեն։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի կտրուկ բարձրացումը ուղղակիորեն նշանակում էր, որ գլխավոր դրամատունը ապագայում բարձր գնաճ է կանխատեսում։

Սակայն, քաղաքացիների մեծ մասին չի հետաքրքրում ԿԲ-ի քայլերը, և նրանք պատկերացում էլ չունեն, թե ինչի համար է դա արվում։ Փոխարենը քաղաքացին ընդունում է ստացվող լուրերի առաջին ազդակները։

Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է սահմանափակել հացահատիկի արտահանումը, այդ թվում ՝ դեպի Հայաստան, պարենային անվտանգության մասին մտահոգությունները ստիպեցին քաղաքացիներին մեծ քանակով ալյուր, ձեթ, շաքարավազ ու այլ պարենային ապրանքներ գնել։ Արդյունքում առաջացավ ժամանակավոր դեֆիցիտ այդ ապրանքների նկատմամբ, գներ էլ բարձրացան։

Քաղաքացիների այս վարքագիծը միանգամայն բնական էր, քանի որ այդ ընթացքում կառավարությունը այդպես էլ չշտապեց հստակ տեղեկություններ տալ այն մասին, թե որքանով է Հայաստանը ինքնաբավ կամ այս պահին ապահով պարենային ապրանքների գծով։ 

Եվ, ահա, այդ խուճապի և գնաճային մյուս գործոնների ազդեցության թվային պատկերը արդեն երևում է մարտի վիճակագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter