Սերգեյ Լավրովի պնդմամբ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեղարկել են Մինսկի խմբի համանախագահությունը
Արևմուտքի փորձերը ԵԱՀԿ Մինսկի խմբից Ռուսաստանին բացառելու մասով անպատասխանատու են, ԱՄՆ-ն և Ֆրանսիան պարտրաստ են զոհաբերել Կովկասյան տարածաշրջանում կարգավորման շահերը։ РИА Новости-ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի (խմբ. ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) մասով, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հետագա ճակատագիրը»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով՝ «այդ խմբում ամերիկացի և ֆրանսիացի ռուսաֆոբիայով տառապող մեր այսպես կոչված գործընկերները, ձգտում են մերժել այն ամենը, ինչը վերաբերում է Ռուսաստանին: Նրանք չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք մեզ հետ չեն շփվելու այս ձևաչափում: Դա իրենց իրավունքն է: Եթե իրենք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Ղարաբաղում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում, սա իրենց ընտրությունն է: Ոչ միայն կոնկրետ այս հիմնախնդիրը, այլև մնացած բոլոր հիմնախնդիրները իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդն են դարձնում»։
Լավրովը նշել է, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները «ստիպում են բոլորին և ամեն ինչին դադարեցնել փոխգործակցությունը ցանկացած ձևաչափում, միայն այն պատճառով, որ ապացուցեն իրենց ունակությունը իրենց միակողմանի կամքը թելադրեն բոլորին և ամեն ինչին»։
«Ես նման մոտեցումը համարում են բացարձակ անպատասխանատու: <...> Դա մեր ընտրությունը չէ։ Եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան որոշել են այդ կերպ վարվեն, ապա, ինչպես ասվում է, Աստված իրենց դատավոր»,- հավելել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 4 ժամից ավելի տևած հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել