
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ տոհմային անասնաբուծությունը զարգացնելու համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անասնաբուծական ոլորտի ղեկավարների մասնակցությամբ քննարկել են ԵԱՏՄ երկրների տոհմային անասնաբուծության մեջ միջազգային ստանդարտների և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման հարցերը։
Ուսումնասիրվել են մի շարք հարցեր, որոնցով և պայմանավորված է Միության պետությունների և հանձնաժողովի հետագա աշխատանքն ու համագործակցությունն անասնաբուծության ոլորտում։
«Այսօր տոհմային ապրանքների միասնական շուկայի ստեղծման վերաբերյալ հանձնաժողովի աշխատանքն առաջին հերթին ուղղված է փոխադարձ առևտրի հնարավոր սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև՝ արտադրությունը մեծացնելու և շուկան բարձրորակ տոհմային ապրանքներով հագեցնելու համար բարենպաստ պայմանների ապահովմանը»,- ասել է ԵՏՀ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Այնա Կուսաինովան։
Կողմերը որոշել են մշակել միջոցներ՝ ապահովելու ոլորտում ներմուծման փոխարինումը, ինչը, ըստ ԵՏՀ, կօգնի ստանալ անհրաժեշտ ցեղատեսակներ և ներմուծմանը փոխարինող արտադրություն՝ առաջին հերթին թռչնաբուծության ոլորտում:
Բացի այդ, հաստատվել է ԵԱՏՄ անասնաբուծություն հիմնական ոլորտների ցանկը, որտեղ նպատակահարմար է ներդնել Հնդկաստանի գյուղատնտեսական հետազոտությունների խորհրդի (ICAR) առաջարկություններն ու մեթոդները։
Սրա իրականացման համար պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան գործողությունների ծրագիր նախապատրաստել։
Նշենք, որ ICAR-ի առաջարկություններն արդեն իսկ հաշվի են առնվել Միության անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում, ինչպես նաև՝ անդամ պետությունների ազգային օրենսդրության մեջ:
Այնուամենայնիվ, ըստ ԵՏՀ փորձագետների, ԵԱՏՄ երկրների անասնաբուծության ոլորտում դեռևս կան մի շարք ուղղություններ՝ կապված արտադրողականության հաշվառման և վերահսկման, արտաքին գնահատման, բուծվող կենդանիների նույնականացման հետ, որոնք միջազգային մեթոդների ներդրում են պահանջում։
Այդ հարցերի լուծման համար անասնաբուծության ոլորտի ԵԱՏՄ ասոցիացիաները պատրաստակամություն են հայտնել մշակել անհրաժեշտ փաստաթղթերի նախագծեր։
Հավանության է արժանացել նաև «ԵԱՏՄ անդամ երկրների գյուղատնտեսական կենդանիների գենոմային ընտրության ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի նախապատրաստման նախաձեռնությունը։
Նշենք, որ անասնաբուծության մեջ գենոմային սելեկցիա ներդնելու հարցը սահմանված է Միության՝ գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն և բուծման աշխատանքների միասնականացման միջոցառումների մասին Համաձայնագրում։
ԵՏՀ փորձագետների կարծիքով՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացումը կխթանի ԵԱՏՄ երկրներում անասնաբուծության զարգացումը, կնվազեցնի ներմուծման կախվածության աստիճանը, կբարձրացնի բուծման արտադրանքի որակը, իսկ առաջադեմ տեխնոլոգիաները և ICAR ստանդարտները ոչ միայն կբարելավեն գնահատման ճշգրտությունն ու հուսալիությունը, այլև կապահովեն դրա արդյունքների ճանաչումը միջազգային մակարդակով:
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ.-ին նախատեսվում էր մշակել մեթոդաբանություն՝ գյուղատնտեսական կենդանիների տոհմային արժեքը գնահատելու համար, միասնականացնել սելեկցիոն-տոհմային աշխատանքները և ստեղծել տոհմային անասնաբուծության միասնական պահանջներ։
Մեկնաբանել