HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին. «Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի առաջնորդների պայմանավորվածությունների շարունակման հետագա քայլերը։

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը ողջունում է Հայաստանի կողմից արվող դրական քայլերը։ Բայրամովի ընդգծմամբ՝ առաջիկա օրերին և շաբաթներին չի սպասվում որևէ արդյունք՝ այս գործընթացի հետ կապված։ «Իհարկե, կլինեն գործընթացի արդյունքներ, կձեռնարկվեն հաջորդող քայլեր։ Ադրբեջանական կողմն իր բարի մտադրություններն է հայտնել և ցուցադրում է ոչ միայն խոսքերով, այլև գործնականում։ Դա տեղի կունենա, երբ մենք հակառակ կողմից դրական քայլեր կտեսնենք»,- ընդգծել է Բայրամովը։

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ կարևոր է, որ Հայաստանը կարծիք է արտահայտել, որ Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ սկզբունքներն ընդունելի են Հայաստանի համար։ «Դա պարզ է դարձել նաև Բրյուսելի հանդիպման ժամանակ: <...> Մենք սա շատ կարևոր քայլ ենք համարում, և կան նախանշաններ այս ուղղությամբ աշխատանքների շարունակման համար»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Դեռ նախորդ ամիս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ՝ կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter