HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ադրբեջանի կազմում Արցախը մեկ ապագա ունի` ցեղասպանություն. Արցախի խորհրդարանի պատասխանը Երևանին

«Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է»:

Այս մասին Արցախի Հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը` արձագանքելով Հայաստանի խորհրդարանում վերջին երկու օրերին արտահայտած մտքերին: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը կոչ է անում իջեցնել ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը: Այսօր էլ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ տարիներ առաջ շրջանառության մեջ դրված թեզը, թե Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի, ըստ իրեն ճիշտ չէ:

«Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել: Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար: Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց, մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար, և մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,-հայտարարեց Արցախի խորհրդարանի նախագահը:

Պատգամավորները հեղինակել էին հայտարարության նախագիծ, որը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:

«Հայաստան-Ադրբեջան «խաղաղության օրակարգով» Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը: Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից»,-ասաց պատգամավորը:

Մոսիյանի համոզմամբ` ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված  ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնել: Պատգամավորը հայաստանյան գործընկերներին կոչ արեց չշեղվել Հայաստանի Գերագույն Խորհրդի 1992 թվականի հուլիսի ութի որոշման ուղեգծից, իսկ ՌԴ ղեկավարությանը` արցախահայության համար «խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները»: Արցախի խորհրդարանի պատգամավորներն իրենց հայտարարությամբ նաև կոչով դիմեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին` անկախ առկա տարաձայնություններից ջանքեր գործադրել պահպանելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն ասաց, որ հայտարարության նախագիծը միաձայն ընդունվել է հանձնաժողովի կողմից` կոչ անելով կողմ քվեարկել:

ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի խոսքով` այսօր երկար, պերճաշուք ելույթների ժամանակը չէ:

«Եկել է մեր ժամը: Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները ՀՀ-ի վզի են փաթաթում «խաղաղության պայմանագիր», որն Արցախի համար համարժեք է մահվան դատավճռին: Ավելի ցածր կարգավիճակով Արցախը Արցախի վերջն է, Հայաստանի վերջն է: Մենք դիմում ենք Հայաստանի ժողովրդին, սփյուռքին, ողջ հայ ժողովրդին, ժամն է համախմբման` հանուն հայրենիքի փրկության: Մենք հայտարարում ենք համահայհական կոնսոլիդացիա»,-ասաց Բաղունցը:

Նա կոչ արեց յուրաքանչյուրին, ում համար հայի արժանապատվությունը լոկ խոսքեր չեն, կանգնել Արցախի կողքին և հռչակել իրեն Արցախի քաղաքացի:

«Իսկ քաղաքակիրթ աշխարհը թող կրկին ցեղասպանություն կատարի արդեն 10 միլիոնանոց արցախահայության դեմ»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հայտարարեց, թե այն անձը կամ անձինք, ովքեր պնդում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, պետական հանցագործներ են:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց «քաղաքական ճարտասանությունների և աճպարարությունների փոխարեն» հստակ պատասխանել հարցին, թե ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում:

«Արդյոք դա նշանակում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, արդյոք այսպես կոչված խաղաղության օրակարգը Արցախն Ադրբեջանին բռնակցել է նշանակում:  Խոսում եք Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների մասին` առանց հստակ հայտարարելու, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու: Եթե Ադրբեջանի կազմում եք պատկերացնում այդ իրավունքները, ապա ոչ իրավունքների, ոչ էլ ազատությունների մասին այլևս խոսելու կարիք չկա: Չի լինելու Արցախում ապրող հայը, որի իրավունքները պետք է երաշխավորել, սա ապացուցման կարիք չունեցող պարզ ճշմարտություն է և վերջ»,-եզրափակեց Ստեփանյանը:

Նիստին ներկա էր նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ում խոսքով Արցախը գտնվում է պատմության ամենաբարդ ժամանակահատվածում:

«Վճռվում է ոչ միայն Արցախի, այլ հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը: Խոսելով Արցախի կարգավիճակի մասին, պետք է նշել որ մենք նշաձողեր այլևս չունենք, մենք ունենք կարմիր գծեր, և այդ կարմիր գծերի խախտումը կբերի ողբերգության: Ադրբեջանի կազմում Արցախը մեկ ապագա ունի` ցեղասպանություն: Հայրենիքը կորցնելու ենք, այ սա իսկապես այսպիսի ապագա ունենք: Արցախի կորստից հետո չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու»,-ասաց Բաբայանը:

Պատգամավորների հեղինակած հայտարարության նախագիծը միաձայն ընդունվեց: Նշենք, որ 33 պատգամավորից բացակա էին երկուսը, այն էլ ԱԺ նախագահի խոսքով, հարգելի էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter