
Բուչայի քաղաքապետի պնդմամբ՝ սպանվել է քաղաքում մնացած ամեն հինգերորդ բնակիչը
Կիևի մարզի Բուչա քաղաքում, ռուսական զորքի վերահսկողության տակ եղած ժամանակ, սպանվել է քաղաքում մնացած յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը։ Այդ մասին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հայտարարել է Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը։
Քաղաքապետի խոսքով՝ մինչև պատերազմը Բուչայում բնակվում էր 53 հազար մարդ։ Նրանցից 3000-ը քաղաքում էր, երբ այն անցավ ռուսական զինուժի վերահսկողության տակ։ Ֆեդորուկի ներկայացրած վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 400-ը։ «Հիմա սա մեռյալ քաղաք է»,- ասել է Ֆեդորուկը՝ հավելելով, որ 80%-ի պարագայում մահվան պատճառը հրազենային վիրավորումն է։
«Բոլոր տղամարդիկ ենթարկվել են խուզարկության և մերկացվել մինչև գոտկատեղ, որպեսզի պարզվի՝ արդյոք նա զինվորական է, թե խաղաղ բնակիչ։ Այնուհետ գործն անցել է ծաղրին ու տանջանքներին»,- պատմել է Բուչայի քաղաքապետը։ Ըստ նրա՝ քաղաքում բազմաթիվ աղջիկներ բռնաբարվել են, սակայն ճշգրիտ թիվ չի նշել՝ ընդգծելով, որ կանանց հետ հիմա աշխատում են հոգեբանները։
Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովն ապրիլի 15-ին հայտարարել էր, որ Կիևի մարզում հայտնաբերվել և դատական փորձագետներին է փոխանցվել 900 խաղաղ բնակչի մարմին, որոնք զոհվել են ռուսական վերահսկողության ժամանակաշրջանում։ Դիակներից 350-ը հայտնաբերվել էին Բուչայում։
Բուչայից ռուսական զորքերի դուրսբերումից հետո՝ ապրիլի 2-ին քաղաք էին մտել ուկրաինական զորքերը և թույլատրել միջազգային դիտորդների ու լրագրողների մուտքը։ Քաղաքի փողոցներում հայտնաբերվել էին խաղաղ բնակիչների մարմիններ, որոնց մի մասի ձեռքերը կապված էին։
Ռազմական հանցագործությունների հետաքննությամբ զբաղվում է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Սեփական հետաքննությունն են սկսել նաև ԵՄ անդամ ավելի քան 10 երկրներ, որոնց թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Էստոնիան, Լիտվան և Լեհաստանը։
Ֆրանսիան ապրիլի 11-ին Ուկրաինա է ուղարկել քննիչների առաջին խումբը, որը բաղկացած է դատական բժիշկներից և կրիմինալիստիկայի ու դիակների անհատականացման մասնագետներից։ Ֆրանսիացիները Կիևի մարզ են բերել ԴՆԹ-լաբորատորիա և հետազոտման ու դիակների ճանաչման համար նախատեսված այլ սարքավորումներ։
Մարտի 2-ին հետաքննություն է սկսել նաև Հաագայում միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Կարիմ Խանը։ Բուչա իր այցի ժամանակ նա ողջ Ուկրաինան անվանել էր «հանցագործության վայր»։
Լուսանկարը՝ Rodrigo Abd / AP / Scanpix / LETA
Մեկնաբանել