
ՌԴ ՊՆ․ խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ապրիլի 18-ի տեղեկագրում։
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախումբը հայտնել էր երկու խախտումների մասին։
Ապրիլի 15-ի տեղեկագրում ասվում էր, որ Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի հատվածում ադրբեջանական կողմը խախտել էր հաստատված շփման գիծը։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, միջոցներ է ձեռնարկում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշված էր խաղաղապահների տեղեկագրում։
Նույն միջադեպի վերաբերյալ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:
«Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր»,- ասվում էր տեղեկատվական շտաբի հաղորդագրությւնում։
Արդեն ապրիլի 16-ի ցերեկը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմն արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ապրիլի 17-ի տեղեկագրում էլ նշված էր, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական կողմից գրանցվել է հրադադարի խախտման մեկ դեպք, տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, իրավիճակը կարգավորել է»,- ասվում էր խաղաղապահների տեղեկագրում։
Խաղաղապահների այս հաղորդմանը Արցախի տեղեկատվական շտաբը չէր արձագանքել։
Լուսանկարը՝ արխիվային / © Նարեկ Ալեքսանյան, Հետք
Մեկնաբանել