HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր ու պայծառ օրեր էր երազում իր ու իր նմանների, բոլորիս համար». «Հովազ 1» դիրքի Վահեն

44-օրյա պատերազմից օրեր առաջ էր: Լեռնագոգում էինք՝ Էմին Մկրտչյանի պատմությունը լսելու ու գրելու համար: Էմինն ու ավագ եղբայրը՝ Վահեն, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) խմբակներ էին հաճախում եւ ակտիվ մասնակիցներից էին:

Վահեն արդեն 14 ամսվա ծառայող էր: Տանն ամենուր նրա լուսանկարներն էին: Այդ օրը պայմանավորվեցինք, որ հանդիպելու ենք Վահեի զորացրվելուց հետո՝ 2021-ի ամռանը: Սակայն պատերազմն ամեն բան փոխեց:

Այդ օրը Հասմիկ Մուրադյանի թխած գաթայի հոտը լցվել էր տուն: Դա, կարծես, երջանկության բույր լիներ, որ տարրալուծվել էր Լեռնագոգի նրանց տան անկյուններում: Այն այլեւս նույնը չի լինելու: Հիմա ներկան Վահեի մասին հուշերի ջերմատան ապակիներից դուրս է, որի սառնությունը չի կարող լցվել ներս: Իսկ ջերմատան ներսում անցյալի հիշողություններն են ու զգացումները՝ հպարտության, ուրախության, ոգեւորության:

2018-ի սեպտեմբերի 1-ի նախօրեին Հասմիկն արդուկել էր Վահեի վերնաշապիկը եւ գուցե Վահեից ոչ պակաս անհանգիստ էր: Վահեն ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժին: Հաջորդ օրը երկուսով համալսարան էին գնացել: Երբ համալսարանում առաջինկուրսեցիներին ծանոթացնում էին լսարաններին, Հասմիկը խմբի վերջում աննկատ քայլում էր, փորձում լուսանկարներ անել: Մայրն ասում է՝ Վահեն, ասես, թույլ տվեց, որ ինքն ապրեր այդ հպարտության զգացումը, եւ եթե նրանց խմբի հետ էլ համընթաց քայլեր, հաստատ վատ չէր զգա:

Քանի որ Հասմիկը եւս սովորում էր, դասերից հետո հաճախ էր գնում համալսարանի բակ, սպասում որդուն, որ հետո միասին տուն գնային: Հիմա այդ բակն ու համալսարանի միջանցքներում Վահեի մասին հիշողություններն են, որոնք նրան ավելի շատ են ցավեցնում:

Վահեն համալսարանում բանավեճի խմբի անդամներից էր: Համակուրսեցիները պատմել էին, որ հաճախ էր դասերից հետո նրանց պահում գրադարանում՝ բանավեճի թեմաները քննարկելու, հանձնարարություններ տալու: Երբ մի անգամ պատճառաբանել էին, թե սոված են, տուն են ուզում գնալ, հաջորդ օրը տոպրակով ուտելիք էր տարել, դրել սեղանին, ապա ասել, թե «էս ձեզ ուտելիք, էլ մահանա չբռնեք»:

«Հեղափոխության ժամանակ դպրոցական էր, եւ շատ ակտիվ էր, աշակերտական խորհրդի նախագահն էր։ Ասում էր՝ հեղափոխություն է, մի լավ բան պիտի կատարվի էս երկրի համար։ Լուսավոր ու պայծառ օրեր էր երազում իր ու իր նմանների, բոլորիս համար: Ի՞նչ գիտեինք, որ պայքարում էին, որ իրենց դեմ դուրս գային,- ասում է մայրը, ապա հոգոց հանում, հազիվ լսելի ձայնով շարունակում,- պայծառ ապագա էր ուզում… ընդամենը: Լավ ու լուսավոր, քաղաքակիրթ երկիր էր ուզում…»:

2019 թ. հուլիսի 24-ին Վահեն զորակոչվել է բանակ: Հասցրել էր քննությունները հանձնել, եւ բարձր միավորների շնորհիվ ուսման վարձը զեղչվել էր: Մինչեւ զորակոչվելը անհամբեր սպասում էր ուղեգրին, նույնիսկ զինկոմիսարիատ էր գնացել, հետաքրքրվել, թե երբ են զորակոչելու: Ուզում էր, որ ընկերների հետ գնար, վերադառնար, որպեսզի հետո էլ նույն կուրսում սովորեր:

Վահեն ծառայում էր Քարվաճառում: Ծառայությունից գոհ էր: Ծնողներն ասում են՝ Հայաստանի քարտեզն էր ուզել եւ գրքեր, այնտեղ նույնիսկ անգլերեն էր պարապում զինվորներից մեկին: Երբ ձմռանը արձակուրդ էր գնացել, մեծ տոպրակով գրքեր էր բերել:

Ծառայակիցները Վահեին «շտաբի պետ» էին ասում:

«Սանիկս լավ կոշկակար է, պատերազմից մի քանի օր առաջ մի լավ բատինկա էր կարել, ասեց՝ կուղարկես Վահեին, ես էլ ուղարկեցի։ Վահեից սկսել էին հարցնել, թե բա որտեղի՞ց, ո՞վ է ուղարկել: Ռազվոդին կանգնած էին, վաշտի հրամանատարն ասել էր՝ էս բատինկեքը չհագնես, ասել էր՝ ո՞նց չհագնեմ, ախր քավորս կարել է, պապաս ուղարկել: Էդ պահին կամանդիրը կողքով անցնելիս է եղել, ասել է՝ սպա, էդ ի՞նչ խոսակցություն է զինվորների հետ, ասել է՝ Մկրտչյանը մի հատ բատինկա է հագել, որը չի թույլատրվում, հրամանատարն էլ պատասխանել է, թե բա ասում եք «շտաբի պետ», դե թող ինքն էլ հագնի»,- պատմում է հայրը՝ Արմեն Մկրտչյանը, հետո շրթունքներն սկսում են դողալ, վիշտը կծիկ դարձած սեղմում է կոկորդը: Նա ձեռքերով փակում է դեմքը: Մենք լռում ենք, եւ այդ լռությունը ծանր շղթաների պես է:

Սեպտեմբերի 29-ին վերջին անգամ են խոսել Վահեի հետ: Դրան նախորդող երկու օրերին ոչ մի լուր չունեին նրանից: «Երբ խոսեցի Վահեի հետ, ասեց՝ մամա, ի՞նչ ա պատահել, դու չգիտես, որ մենք ամենաբարձր տեղում ենք՝ 3600 մետր ա, էդքան բարձր տեղ ո՞նց կհասնեն: Ձայնի մեջ ո՛չ տագնապ, ո՛չ անհանգստություն կար, կրակոցների ձայներ էլ չկային: Շատ համոզիչ էր խոսում, երբեք էդքան համոզիչ չէր իր ձայնը: Ասեց՝ մամա, նոր հաց կերանք, նստած ենք արեւի տակ: Ինքն էլ ուզում էր իմանալ, թե մենք ինչ գիտենք, ինչ են ասում»,- պատմում է Հասմիկ Մուրադյանը: Այդ օրը կեսօրին Վահեն երկրորդ անգամ է զանգել նրան: Տանը հյուր ունեին այդ պահին: «Ասեց՝ զանգել եմ, որ չասես՝ չի զանգում, համ էլ կապ կար: Ասեցի՝ զգույշ կլինես, շատ խառն է: Ասեց՝ մամ, դու ի՞նչ գիտես, ասեցի՝ Վահե, ձեր դասարանի Գոհարիկի եղբայրը՝ Դավիթն է զոհվել: Ասեց ՝ մամա, չասեիր, էլի: Շատ ափսոսանքով ասաց: Դժվար էր ասելն ինձ համար, բայց ասեցի, որ իմանա, թե ամեն ինչ ինչքան լուրջ էր, եթե իրենց ինչ-որ տեղ տանեին, իմանար, պատրաստ լիներ, զգույշ լիներ»,- ասում է Հասմիկը:

Իրականում Վահեենք մարտերի մեջ են եղել այդ ժամանակ, իսկ տնեցիները ոչինչ չեն իմացել այդ մասին:

«Վահեենց երկու հրամանատարները, ովքեր ծանոթ էին տեղանքին, վիրավորվել էին: Գումարտակի հրամանատարը պատմել էր, որ «Հովազ 1» դիրքից Վահեն բոլոր տղերքին դուրս էր հանել, ինքն էլ ջղայնացել էր, ասել՝ ստեղ գոնե քո գիտությունը ցույց մի տուր, Վահեն ասել էր՝ էս խրամատի տեղը սխալ ա, սխալ տեղ են մտել: 62 հոգու դիրքից հանել էր, ու 5 րոպե հետո էդ դիրքը գետնին էր հավասարվել: Էդ խառը վիճակին հրահանգներ է տվել, թե որտեղ փորեն խրամատ, ինչ անեն: Առաջին երկու օրը նահանջել էին, դիրքեր էին տվել: Առաջին դիրքը հենց Վահեն էր տվել, հրամանատարը ջղայնացել էր վրան, ինքն ասել էր՝ զոհեր կտայինք, եթե չնահանջեինք: Դրանից մի քանի ժամ անց այդ դիրքը հետ էին վերցրել»,- պատմում է հայրը՝ Արմեն Մկրտչյանը:

Սեպտեմբերի 29-ի գիշերը Վահեն զոհվել է «Բայրաքթարի» հարվածից: Նա այդ օրն իրենց դիրքի միակ զոհն էր: Հետմահու արժանացել է Մարտական ծառայության մեդալի, իսկ նախքան պատերազմը պարգեւատրվել էր «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Մոր հետ խոսելիս կատակել էր, թե մինչեւ բանակից վերադառնալը մի 5 մեդալ էլ կստանա ու կրծքին կամրացնի, ինչպես պատերազմի մասնակից պապիկները:

Պատերազմից առաջ Վահեին ցանկանում էին տանել Արմավիր՝ սերժանտական կուրսերի: Առաջինը հենց նրա անունն էին կարդացել, բայց գումարտակի հրամանատարը թույլ չէր տվել՝ ասելով, որ նա իր լավ զինվորն է, ում ուզում են, թող տանեն՝ բացի նրանից: Ծնողները նույնիսկ զինվորական ծանոթներ էին գտել՝ փորձելով հրամանատարին համոզել, որ Վահեին թույլատրի մասնակցել կուրսերին: Բայց նա ասել էր, թե «դուք էլ եք զինվորական, ձեր լավ զինվորին կթողնե՞ք գնա»:

«Չգիտենք հիմա, թե ինչի հետ կապենք, ում մեղադրենք: Էդ հրամանատարը մեր տուն եկավ մի օր, չեմ հիշում, թե ոնց խոսեցի, ասեցի՝ որ թողնեիր Վահեն գնար, կարող ա էսպես չլիներ, երկու անգամ հնարավորությունը եղել էր գնալու: Ձայն չհանեց: Հնարավոր է, որ ինքն էլ իր մոտ պահեց Վահեին՝ մտածելով, որ լավ լինի։ Հա, ծնող ենք, չարացած ենք խոսում: Կարող է հրամանատարն էլ մտածում էր՝ իր մոտ կպահեր, որ լավ լիներ»,- ասում է մայրը: Մենք դարձյալ լռում ենք, ու օդի մեջ կսկիծը խտանում է:  

Հասմիկը սեղանին է դնում Վահեի ստեղծագործությունների սեւագրերը: Բանակ գնալուց առաջ որոշները մաքրագրել էր, որոշներն էլ վերադառնալուց հետո պիտի աներ: Մինչեւ հիմա Վահեի գրասեղանին են բացված գրքերն ու սեւագրերը, ինչպես թողել էր զորակոչվելուց առաջ: Ամեն անգամ մայրն զգուշությամբ վերցնում է գրասեղանի փոշին, որի վրա որդու մատնահետքերն են:

Համալսարանում Վահեն ադրբեջաներեն էր սովորում: Տնեցիները նրան խնդրել էին, որ բանակում չասի այդ մասին, որպեսզի հնարավոր հատուկ առաջադրանքի չուղարկեն:

«Վահեն լավ դիվանագետ կդառնար»,- ասում է մայրը՝ սենյակի հեռավոր կետերին նայելով: Ու կարծես, ժապավենի պես նրա աչքի առաջ է հայտնվում որդու ուսանողական կյանքի միակ տարին: Մի քանի ամիս Վահեն կամավորության սկզբունքով աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում, մտածում էր՝ համալսարանն ավարտելուց հետո դրսում կրթությունը շարունակելու եւ հմուտ դիվանագետ դառնալու մասին:

Լուսանկարները՝ Մկրտչյանի ընտանեկան արխիվից, Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter