HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքը կրկին 6 ամսով կերկարաձգվի

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ևս 6 ամսով երկարաձգել սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքը։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Հայաստանից սև և գունավոր մետաղների արտահանման արգելք սահմանելու մասին որոշումը կառավարությունն ընդունել էր դեռևս 2021թ․ հունվարի 14-ի նիստում։ Դրանից մեկ տարի անց՝ կառավարության 2022թ․ հունվարի 20-ի նիստում որոշվեց արտահանման արգելքը երկարաձգել ևս 6 ամսով՝ մինչև 2022-ի հուլիսի 25-ը։ Այժմ էլ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման արգելքը երկարաձգել կրկին 6 ամսով՝ մինչև 2023թ․ հունվարի 26-ը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021-ի հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 115․2 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 8.4 անգամ։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունը՝ օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը:

«Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սև մետաղների արդյունահանումը (չկան սև մետաղի բնական պաշարներ)՝ մետալուրգիական և մտաղամշակման ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»,- ընդգծում է էկոնոմիկայի նախարարությունը:

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter