HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը դեպքի վայրը չի լքել․ պաշտպան

Երեկ տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով ձերբակալված ոստիկանը դեռևս չի հարցաքննվել: Այսօր պատրաստվում է ցուցմունք տալ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ոստիկանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Վերջինս վստահեցնում է, որ իրենք աջակցելու են գործի քննությանը, ինչ եղել է՝ հայտնելու են, ձերբակալման դեմ բողոք չեն ներկայացրել և չեն պատրաստվում ներկայացնել:

«Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել: Դա պետք է տեղի չունենար: Մենք ցավակցում ենք հարազատներին: Որևէ մեկը չէր ցանկանա մահվան ելքով վրաերթ կատարել: Դա անզգուշությամբ է տեղի ունենում»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Չի հաջողվել փրկել նաև պտղի կյանքը:

Դեպքից հետո պարզ դարձավ, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը:

Բալոյանն այս պահին իր պաշտպանյալին վերագրվող կասկածանքի առնչությամբ շատ մանրամասներ չի հայտնում, բայց պնդում է, որ ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակներում:

«Այսինքն՝ երբ խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է տեսուչը, այդ դեպքում լուսացույցի աշխատանքը դադարում է. տեսուչն ինչպես կարգավորում է, այնպես էլ պետք է լինի երթևեկությունը: Ուղեկցման ընթացքում խաչմերուկներում տեսուչներ են եղել: Կրկնում եմ՝ երբ տեսուչն է ժեստերով և ազդանշաններով կարգավորում երթևեկությունն, այդ պահին լուսացույցով աշխատանքը չի գործում: Այսինքն՝ երթևեկության բոլոր մասնակիցները՝ ավտոմեքենաների վարորդները և հետիոտնները, պետք է ղեկավարվեն երթևեկությունը կարգավորող տեսուչի ժեստերով և ազդանշաններով»,- ասաց Բալոյանը:

Պաշտպանը չպատասխանեց հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել վթարը, ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել այն՝ նշելով, որ գործն այս պահին գտնվում է քննության սկզբնական փուլում, և նպատակահարմար չէ պատասխանել հարցերին՝ արդյոք վթարը ոստիկանի անուշադրության, թե՞ հղի կնոջ՝ երթևեկության կարգավորմանն ուղղված պահանջները չկատարելու հետևանք է:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել նաև դեպքի վայրը լքելու առթիվ, Բալոյանը պատասխանեց, որ ոստիկանը դեպքի վայրը չի լքել, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Թե ով է շտապօգնության մեքենա կանչել, պաշտպանը չգիտի, բայց ասում է, որ կնոջն արագ դրել են շտապօգնության մեքենայի մեջ, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն: Պաշտպանը դիտարկում է, որ այն իրավիճակներում, երբ վրաերթի հետևանքով անձը կոտրվածքներ ունի, նպատակահարմար է նրան անշարժ դիրքում թողնելը, որպեսզի նրան բուժօգնություն ցույց տան բժիշկները, ինչը, փաստորեն, ըստ պաշտպանի, արագ արվել է:

«Փորձում են ներկայացնել, իբրև ոստիկանը փախուստի է դիմել. այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց Բալոյանը և նշեց, որ հրամանատարի մեքենան բոլորին հայտնի է, նրա անձը՝ նույնպես:

Մեր հարցին՝ վարչապետի անվտանգությունն ապահովող մեքենան, վթարի պարագայում իրավունք կամ պարտականություն ունի՞ կանգնելու, Բալոյանը պատասխանեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող. դրա համար անհրաժեշտություն կա որոշակի փաստաթղթեր ուսումնասիրելու:

Լուսանկարում՝ Ռուբեն Բալոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter