HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վճռաբեկ դատարանը բավարարեց մարզպետի բողոքը. ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել օրենքը

Ապրիլի 28-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Արմավիրի նախկին մարզպետ (այժմ՝ փոխվարչապետ) Համբարձում Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը՝ «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին աշխատանքի վերականգնելու գործով վերաքննիչ դատարանի որոշումը: Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ քաղաքացիական դատարանները հօգուտ աշխատանքից ազատված տնօրենի էին դատական ակտ կայացրել՝ պատճառաբանելով, որ մարզպետը նրան ապօրինի է աշխատանքից ազատել: Սակայն, Վճռաբեկ դատարանը որոշել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել Աշխատանքային օրենսգրքի համապատասխան նորմերը:

«Հետք»-ը գրել էր, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պատերազմի օրերին աշխատանքից ազատել էր «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Աստղիկ Մխիթարյանին՝ մի շարք խախտումների և նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ:

Աստղիկ Մխիթարյանը դիմել էր դատարան և 2021թ. փետրվարի 12-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Մխիթարյանի հայցադիմումն ընդդեմ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի: Դատարանն անվավեր է ճանաչել մարզպետի որոշումը՝ Ա. Մխիթարյանին տնօրենի պաշտոնից ազատելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Դատարանը վճռել էր Աստղիկ Մխիթարյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ տնօրենի պաշտոնին, ինչպես նաև Արմավիրի մարզպետարանից հօգուտ Աստղիկ Մխիթարյանի բռնագանձել վերջինիս փաստացի աշխատանքի վերականգնելու օրը միջին աշխատավարձի չափով հաշվարկվող հարկադիր պարապուրդի գումարը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պարտվել էր նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որտեղ վիճարկում էր «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աստղիկ Մխիթարյանին աշխատանքի վերականգնելու առաջին ատյանի դատարանի վճիռը:

Աստղիկ Մխիթարյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի միջև աշխատանքային պայմանագիրը կնքվել էր 24.07.2019թ.: Աստղիկ Մխիթարյանը նույն օրն էլ նշանակվել էր «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:

Աստղիկ Մխիթարյանը դատարան ներկայացրած հայցադիմումում նշել էր, որ 2020թ. սեպտեմբերի 17-ին հրավիրվել է Արմավիրի մարզպետարան, որտեղ մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, բանավոր կերպով ներկայացնելով կոլեկտիվի կողմից եկած մի քանի դիմում-բողոքների բովանդակությունը, իրեն ստիպել են ազատման դիմում գրել: Ըստ Մխիթարյանի՝ հակառակ դեպքում սպառնացել են, որ «ամենալուրջ կերպով կկանգնի օրենքի առջև»: Աստղիկ Մխիթարյանը նշել էր, որ նույն սպառնալիքները կրկնել էր նաև Արմավիրի մարզպետն իր առանձնասենյակում՝ նշված անձանց ներկայությամբ:

Ա. Մխիթարյանը դատարանին հայտնել էր, որ նույն օրը աշխատանքից ազատման դիմում գրելու առաջարկ էր արել նաև մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում մարզպետը կհեռացնի: Նշված սպառնալիքների ազդեցությամբ Աստղիկ Մխիթարյանը 18.09.2020թ. աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այնուհետև սթափվելով՝ 22.09.2020թ. աշխատանքից ազատման դիմումը հետ վերցնելու վերաբերյալ նոր դիմում է ներկայացրել, ինչից հետո նշված անձանց կողմից արժանացել է նախատինքների:

Տնօրենի՝ աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնելուց մեկ օր հետո՝ Արմավիրի մարզպետի՝ 23.09.2020թ. թիվ ՄՈ/398-2020 որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ 2020թ. սեպտեմբերի 23-ից 25-ը դպրոցում իրականացրել է մի խումբ աշխատակիցների և ծնողների կողմից բերված փաստարկների իսկության ուսումնասիրություն: Կազմվել է ուսումնասիրության արդյունքների մասին արձանագրություն, որում Աստղիկ Մխիթարյանին  վերագրվել են մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է, որ տնօրենը պատշաճ չի կատարել իր կողմից արձակված հրամանների ներքին հաշվառումը և պահպանումը, ինչպես նաև արձակված հրամանների մասին պատշաճ չի իրազեկել դրանց հասցեատերերին: Դպրոցի որոշ աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս և աշխատանքային պայմանագիրը լուծելիս թույլ է տրվել Աշխատանքային օրենսգրքի նորմերի խախտումներ: Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանն աշխատանքի է ընդունել համապատասխան կրթություն և որակավորում չունեցող անձանց: Վերջինս խախտումներ է թույլ տվել ուսումնական տարվա պլանը հաստատելու առնչությամբ:

Ըստ արձանագրության, Աստղիկ Մխիթարյանը կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցում հիվանդ երեխաների մեկուսացումն ապահովելու համար դասասենյակ կամ տարածք չի առանձնացրել, կազմակերպության մուտքերի մոտ ջերմաչափեր չեն եղել: Դպրոցում իրականացվել է ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարում:

Արձանագրությամբ Աստղիկ Մխիթարյանին վերագրված յուրաքանչյուր խախտման վերաբերյալ վերջինս ներկայացրել է գրավոր բացատրագիր՝ հերքելով արձանագրության մեջ նշված խախտումների առկայությունը:

Արմավիրի մարզպետի 13.10.2020թ. թիվ ՄՈ/420-2020 որոշումը, ըստ որի՝ Աստղիկ Մխիթարյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:

Պայմանագրի լուծումը պատճառաբանվել է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող Ա. Մխիթարյանի կողմից աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք կատարված լինելու հիմքով՝ վկայակոչելով կազմված արձանագրությունում նշված խախտումները: Բացի այդ, ազատման հիմք է հանդիսացել նաև մարզպետի կողմից Ա. Մխիթարյանի նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքը:

Դատարաններում Աստղիկ Մխիթարյանի ներկայացուցիչները հիմնավորել էին, որ տնօրենի աշխատանքային գործառույթների կազմում ուսումնադաստիարակչական գործառույթը ներառված չէ: Այսինքն՝ Աստղիկ Մխիթարյանը՝ որպես կազմակերպության տնօրեն, կատարել է բացառապես վարչական աշխատանք, իսկ արձանագրության բովանդակությունը վկայում է այն մասին, որ դրանում նշված խախտումներից և ոչ մեկը չի վերաբերում ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացմանը:

Այդ ժամանակ մարզպետ Համբբարձում Մաթևոսյանը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել: Վճռաբեկ դատարանի երեք դատավորներ՝ Տիգրան Պետրոսյանը (եղել է զեկուցողը), Սուրեն Անտոնյանը և Արտակ Բարսեղյանը բողոքը վարույթ ընդունելու հարցին դեմ են քվեարկել: Բողոքը վերամակագրվել է դատավոր Արսեն Մկրտչյանին, որպես զեկուցող: 

2022թ. ապրիլի  28-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Վճռաբեկ բողոքը և բեկանել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021թ. որոշումը և փոփոխել այն՝ մերժելով Աստղիկ Մխիթարյանի հայցը՝ մարզպետի 13-10-2020թ. թիվ ՄՈ-420-2020 որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին:

Ուշագրավն այն է, որ վարույթ ընդունելու հարցին դեմ քվեարկած դատավոր Տիգրան Պետրոսյանը ստորագրել է Վճռաբեկ դատարանի որոշումը, որով բեկանվել է ստորադաս դատարանի որոշումը: Այլ կերպ ասած՝ դեմ է եղել բողոքը վարույթ ընդունելուն, սակայն կողմ է եղել մարզպետի բողոքը բավարարելուն:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դպրոցի տնօրենը հանդիսանում է որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող: Հետևաբար տնօրեն Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տրված արարքներն իրենց համակցության մեջ բավարար են եղել այն հետևությունն անելու համար, որ դրանք իրենց բնույթով անհամատեղելի են եղել դպրոցի տնօրենի աշխատանքը շարունակելու հետ, քանզի, ըստ էության, խաթարել են հանրակրթական դպրոցի տնօրենի վրա օրենքով դրված պարտականությունների կատարման էությունը և նպատակը՝ արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը:

Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ նկարագրված խախտումներից երեխաների կրթությունն ու դաստիարակությունը համապատասխան կրթություն և որակավորում չունեցող անձանց վստահելը, հիգիենայի պարագաներով դպրոցն ապահովելու և դպրոցի մաքրության պարտականությունը երեխաներին և նրանց ծնողներին սեփական միջոցներով և ուժերով կատարելուն պարտադրելը հակասում են բարոյականության համընդհանուր նորմերին և բացասաբար են ազդում երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացի վրա, ինչպես նաև նսեմացնում են երեխաների և նրանց ծնողների արժանապատվությունը:

«Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ստորադաս դատարանները սխալ են գնահատել Դպրոցի տնօրենի կողմից թույլ տրված խախտումների բնույթը, քանի որ, ի թիվս այլ խախտումների, վերոգրյալները հանդիսանում են ուսումնադաստիրակչական գործառույթներ իրականցնող աշխատողի կողմից թույլ տրված այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են տվյալ աշխատանքը շարունակելու հետ, հետևաբար դրանք բավարար հիմք են աշխատողի հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար»,- նշված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ:

Նշենք, որ Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածը սահմանում է աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter