HY RU EN

Անի Հովհաննիսյան

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին փլուզվել է (լուսանկարներ)

Երեկ՝ կեսգիշերն անց, փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որը գտնվում է Թբիլիսիի հին քաղաքի կենտրոնում՝ Սերեբրյանիյ փողոցում։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը «Հետքին» ասաց, որ փլուզման պատճառը հավանաբար մայիսի 8-ին տեղի ունեցած երկրաշարժն էր և վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաքում անընդհատ տեղացող անձրևը։

Այս պահին վրացի բանվորների խումբը փորձում է եկեղեցու բակից դուրս բերել փլված հատվածի քարերն ու բեկորները։ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունից առաջնորդարանին տեղեկացրել են, որ պահպանված քարերը համարակալվելու են՝ վերականգնողական աշխատանքները վերսկսելու նպատակով։

Հիշեցնենք, 2002-ին Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով այրվել էին եկեղեցում պահվող մի շարք պարբերականներ: 2011-ին կատարվել էին Սուրբ Նշանի վերականգնման աշխատանքների նախագծային հաշվարկները: Այս տարի փորձում են նախագիծն ընդգրկել պետբյուջեում:

Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1703 թ., վերջին անգամ վերանորոգվել է 1780-ին։