HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Իշխանությունը փորձում է բիրտ մեթոդներով հարաբերվել լրագրողների եւ լրատվամիջոցների հետ». Աշոտ Մելիքյան

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Լրագրողների հանդեպ բռնություններ. այսօր Մամուլի ազատության օրն է» թեմայով քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձավ երեկ ընդդիմության ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելուն։

Նրա խոսքով՝ 2018թ.-ի իրականացված հեղափոխությունից հետո հնչեցված խոսքերի եւ այսօր իրականացվող գործողությունների մեջ «սարի ու ձորի տարբերություն կա»։ Այն մոտեցումները, այն սկզբունքները, որոնք հռչակվել էին 2018թ.-ի հեղափոխության ընթացքում, կամաց-կամաց նահանջում են, իշխանությունն ավելի շատ փորձում է բիրտ մեթոդներով հարաբերվել լրագրողների եւ լրատվամիջոցների հետ»,- նշեց Մելիքյանը։

Անդրադառնալով «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության զեկույցին, որտեղ նշված է ՝ Հայաստանում մամուլի ազատությունը անկում է ապրել, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ անկումն ամբողջ աշխարհում է՝ խոսքի ազատության առումով։ «2018-ից հետո չորս տարիները կարելի է երկու մասի բաժանել, երբ կար բավականին ազատ դաշտ լրագրողների գործունեության համար։ Երկրորդ կեսը, ցավոք, այլ ուղղությամբ է տանում. տեսնում ենք բազմաթիվ գործողություններ, տեսնում ենք միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնք խոսում են մեզ մոտ հետընթացի մասին, խոսքը խորհրդարանում լրագրողների սահմանափակումների մասին է նաեւ, կան մտահոգող զարգացումներ»,- ասաց Նավասարդյանը։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ գրեթե չի կասկածում, որ ուժայինները հստակ հրահանգ են ստացել լինել կոշտ։

Անդրադառնալով ոստիկանական բարեփոխումներին, ասաց, որ դրանք պրակտիկ դաշտում ոչ մի արդյունք չեն տվել եւ նկատելի չեն գործողություններ, որոնք համադրելի են բազմաթիվ ձեռնարկների հետ, որոնք մշակվել են միջազգային կառույցների հետ՝ լուրջ ֆինանսական ծախսերի միջոցներով։

Նրա խոսքով՝ ոչ միայն ձեռնարկներում պետք է գրված լինի՝ ինչ անի ոստիկանը ակցիաների ժամանակ, ինչպես վարվի լրագրողների հետ, այլեւ պետք է կիրառվի։ Երեկ ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների մասին խոսելով՝ Նավասարդյանն ասաց, որ քաղաքական հրահանգները մնում են գերակա։ 

Հիշեցնենք, որ երեկ մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որտեղ դատապարտել են ընդդիմության ակցիայի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունները։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ վարչապետը վերադառնա անկեղծ զրույցներին, բաց ու թափանցիկ գործելաոճին, մամուլի ասուլիսներին, ինչպես անում էր հեղափոխությունից հետո։

Նրա խոսքով՝  իշխանության կողմից իրականացված վերջին օրենսդրական փոփոխությունները կատարել են ոչ թե միջազգային փորձի ուսումնասիրությունից ելնելով, այլեւ սեփական քաղաքական նպատակներից ելնելով եւ իրենց պատկերացումների հիման վրա. ինչպես պետք է օրենքը փոխվի, որ հարմար լինի իրենց աշխատել։ «Օրենքը չի կարելի պատկերացումների հիման վրա փոխել, ուսումնասիրություն է պետք, քննարկումներ են պետք, ընդհանուր եզրակացության է պետք գալ, փորձաքննության է պետք ուղարկել»,- նշեց Մելիքյանը։ Մելիքյանի խոսքով՝ պետք է իշխանության իրականացրած ռեգրեսիվ փոփոխությունների շղթան կանգնեցնել։

Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ հիմնական մարտահրավերները գալիս են թվային դարաշրջանից, քանի որ տեղեկատվական դաշտում գործողների թիվը անսահման մեծացել է, եւ ցանկացած մարդ տեղեկությունների փոխանակման մաս է կազմել։ Պրոֆեսիանալ եւ ավանդական, կայացած լրատվամիջոցները միշտ չէ, որ առավելություններ ունեն խաղացողների հետ, բայց նոր խաղացողների համար որեւէ սկզբունք գոյություն չունի, նրանց գործունեությունը օրենսդրական մակարդակում կարգավորումներ չունի։

Նույն ստանդարտների բացակայությանը միանում են ավանդական լրատվամիջոցները եւ կանգնում են մեծ խնդրի առաջ։ Նավասարդյանի խոսքով՝ այն երկու տարիները որոնք եղել են, չեն օգտագործվել հիմնարար կարգավորումներ ստեղծելու համար։

Աշոտ Մելիքյանը հիշեցրեց մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը  կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ստորագրված հուշագրի մասին։ Այն ստորագրել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն։ Նպատակն է մշակելու ԶԼՄ դաշտի զարգացման հայեցակարգ, որից կբխեն հետագա օրենսդրական բարեփոխումները։

Նորից անդրադառնալով երեկ ակցիայի մասնակիցների նկատամամբ ոստիկանության իրականացրած գործողություններին՝ Նավասարդյաննն ասաց, որ պետք է ունենալ այնպիսի ձեռնարկներ ուժային կառույցների համար, որը ոչ թե ձեւական բնույթ կկրի, այլեւ ակցիաների ընթացքում կկիրառվի, իսկ չկիրառվելու դեպքում կլինի պատասխանատվություն։

Համեմատելով մինչեւ հեղափոխությունը ակցիաների ժամանակ կիրառված բռնությունները՝ խաղաղ ցուցարարների, լրագրողների նկատմամբ, Աշոտ Մելիքյանն ասաց, որ թեեւ նման մասշտաբային գործողություններ երեկվա ակցիայի ժամանակ չի կատարվել, բայց բնույթը նույնն է, եւ չի բացառում, որ իրադարձությունների թեժացման պարագայում կկիրառվեն։

Եզրափակելով խոսքոը՝ նշեց, որ կամ իշխանությունը կգործի 2018թ.-ի որդեգրած սկզբունքներին ու մոտեցումներին համապատասխան կամ կամաց-կամաց հետընթաց կապրենք եւ կզրոյանան այն սկզբունքները, որոնք 2018-ին ձեռք էին բերվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter