HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատալիզատորների բիզնես կամ ինչպես աղտոտել շրջակա միջավայրը

Հիմնական բացահայտումները

  • Կատալիզատորները Հայաստանում զանգվածաբար վաճառվում են, քանի որ պարունակում են թանկարժեք մետաղներ։ 
  • Հայաստանում ավտոմեքենաներից կատալիզատորների գողության դեպքերը վերջին երեք տարում 15 անգամ աճել են։ 
  • Հայաստանից կատալիզատորների արտահանման ծավալները վերջին 10 տարվա ընթացքում քառապատկվել են։
  • Կատալիզատորների բացակայության պատճառով վտանգավոր նյութերը ներթափանցում են մթնոլորտ։ 2000-2017թթ. ընթացքում տրանսպորտից արտանետումներն աճել են ավելի քան 150%-ով:
  • Շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է կարգավորել ոլորտը և պարտադիր դարձնել տեխզննության ժամանակ կատալիզատորի առկայության ստուգումը։ Սակայն դա կիրառվելու է միայն 2020թ․-ից հետո ներմուծված մեքենաների դեպքում։
  • Էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին է փորձում լուծել խնդիրը՝ ժամանակավորապես արգելելով կատալիզատորների և կատալիզային թափոնների արտահանումը։ Ոլորտի պատասխանատուները, սակայն, հապաղում են, նախատեսվող կարգավորումները դեռ կյանքի չեն կոչվել։
  • Կատալիզատոր արտահանողներն էլ իրենց հերթին ընդդիմանում են սպասվող փոփոխություններին։

2022 թ․-ի հունվարի 24-ին՝ կեսօրին, երգիչ, երգահան Վահագն Ռաշի (Ռուշանյան) «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են կատալիտիկ չեզոքարարը (կատալիզատորը)։ Մեքենան կայանած է եղել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի մոտակայքում։

«Ի՞նչ կարգի անապահով երկրում պետք է ապրես, որ օրը ցերեկով Բաղրամյան պողոտայի ամենաբանուկ տեղից մեքենայիդ կատալիզատորը գողանան»,- ֆեյսբուքյան իր էջում դժգոհել է երգիչը՝ տեղադրելով մեքենայի խլացուցիչի լուսանկարը, որտեղից կտրված և հեռացված է կատալիտիկ չեզոքացուցիչը։

Երգչի գրառման տակ քննարկում է ծավալվել, և այլ օգտատերեր պատմել են իրենց մեքենաներից հանված կատալիտիկ չեզոքացուցիչների գողության դեպքերը։

Դավիթ Պեդանյանի մեքենայից նույնպես կատալիզատոր են գողացել ցերեկային ժամերին՝ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող իր տան դիմաց։ Դավիթը մեզ հետ զրույցում նշում է, որ տանն է եղել, երբ կատալիզատորը գողացել են։ Մեքենայի ազդանշանային համակարգը միացել է, սակայն դուրս գալիս չի նկատել, որ մեքենայից ինչ-որ բան է պակասել։ Կատալիզատորի բացակայությունը նկատել է միայն հաջորդ օրն առավոտյան, երբ մեքենայի շարժիչի ձայնը փոխվել է։

Ավտոտրանսպորտային միջոցների կատալիզային չեզոքարարները ապամոնտաժում են կամ գողանում, որովհետև դրանք թանկարժեք մետաղներ են պարունակում, հիմնականում՝ պլատին, պալադիում և ռոդիում։ Օրինակ՝ պլատինի մեկ գրամն այսօր արժե 32 դոլար, պալադիումինը՝ 67 դոլար, ռոդիումինը՝ 510 դոլար։

Կատալիզատորի միջոցով ֆիլտրվում են մթնոլորտ արտանետվող գազերը: Ավելի կոնկրետ, կատալիտիկ չեզոքարարը թույլ է տալիս էականորեն նվազեցնել արտանետվող բանած գազերի թունունակությունը։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը մեզ պարզաբանել է, որ կատալիտիկ չեզոքարար համակարգն իրականացնում է այնպիսի վնասակար նյութերի վնասազերծում, ինչպիսիք են ազոտի օքսիդները, ածխածնի մոնօքսիդը (CO շմոլ գազ) և քաղցկեղածին նյութեր հանդիսացող՝ թերայրված ածխաջրածինները։ Համակարգում պարունակվող թանկարժեք մետաղների շնորհիվ ազոտի օքսիդները տրոհվում են չեզոք ազոտի և թթվածնի, ածխածնի մոնօքսիդը փոխակերպվում է ածխաթթու գազի (CO2), իսկ թերայրված ածխաջրածինները վերածվում են ջրային գոլորշու։ 

ՀՀ-ում մթնոլորտային օդի արտանետումների 66,5 տոկոսը բաժին է ընկնում տրանսպորտին: Համաձայն Ջերմոցային գազերի ազգային կադաստրի վերջին՝ 2017թ․-ի հաշվետվության՝ ճանապարհային տրանսպորտի արտանետումները 2000թ.-ից շարունակ աճել են․ 2000-2017 թվականների ընթացքում ավտոճանապարհային տրանսպորտի արտանե­տում­ներն աճել են ավելի քան 150%-ով` երթևեկության ծավալների աճի հետևանքով, պայմանավորված կենսամակարդակի աճով: Բացառություն են միայն 2009թ., երբ տնտեսության անկումն անդրադարձել է նաև ավտոմոբիլային տրանսպորտի և, հետև­ա­բար, CO2 արտանետումների վրա և 2016թ., երբ նույնպես նկատվել է արտանետումների որոշակի նվազում։

Գողության ռեկորդ՝ 2021թ․-ին

Ավտոմեքենաներից կատալիզատորների գողության դեպքերի քանակով ռեկորդային է եղել 2021թ․-ը։ Ոստիկանությունը «Հետքին» հայտնել է, որ անցյալ տարի արձանագրվել է գողության 75 դեպք, մինչդեռ դրան նախորդող երկու տարվա ընթացքում գողության քիչ դեպքեր են գրանցվել․ 2020թ․-ին արձանագրվել է 7 դեպք, 2019-ին՝ 5։ Դրանից առաջ կատալիզատորների գողության դեպքեր ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի հաշվառումներում առկա չեն։

Ընդհանուր առմամբ, նախորդ երեք տարվա ընթացքում ավտոմեքենաներից կատալիզատորների գողության 87 դեպք է արձանագրվել։ Դրանցից բացահայտվել է ընդամենը 15-ը, այսինքն՝ 17 %-ը։  

 

Untitled infographic
Infogram

Ովքեր են զբաղվում կատալիզատորային թափոնների արտահանմամբ

Կատալիզատորային թափոններում պարունակած թանկարժեք մետաղների հաշվին որոշ գործարարներ տարիներ շարունակ կազմակերպել են իրենց բիզնեսը և զբաղվում են դրանց արտահանմամբ։ 

Պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է 2011-2021թթ.-ին Հայաստանից կատալիզատորային թափոններ և ջարդոններ արտահանող ընկերությունների ցանկը՝ ըստ նրանց արտահանած ծավալների մեծության՝ չնշելով ծավալները։ Առավել մեծ ծավալներով արտահանողների եռյակում են «Աշոտ Տիգրանյան» ԱՁ-ն, «Ալեքսանդր Խաչատրյան» ԱՁ-ն, «Գեվմագ» ՍՊԸ-ն։

Untitled infographic
Infogram

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՊԵԿ-ի տվյալներն արդեն հին են, քանի որ կատալիզատոր արտահանողների մի մասը դադարեցրել է գործունեությունը։ Օրինակ՝ նույն ՊԵԿ-ի հարկ վճարողների վերաբերյալ առցանց տվյալներով, ժամանակավոր դադարեցվել են «Սալյուտ -Մ» և «Տրանսմետալ» ՍՊԸ-ի աշխատանքները։ «Գեվմագ» ՍՊԸ-ն էլ այլևս չի զբաղվում արտահանմամբ։ 

Ռեկորդային արտահանում՝ 2021թ․-ին 

2021թ․-ը ռեկորդային է եղել ոչ միայն կատալիզատորների գողությունների, այլև արտահանման առումով։ 61,7 տոննա թանկարժեք մետաղներ պարունակող ավտոկատալիզատորների ջարդոն և թափոն, ավտոկատալիզատորների ջարդոն և թափոն, օգտագործված կատալիզատորների թափոններ են արտահանվել Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Լիտվա, ՌԴ և Իսպանիա։ 

 

Untitled infographic
Infogram

ՊԵԿ-ի տրամադրած տեղեկությունները ցույց են տալիս, որ Հայաստանից 2011-2021թթ.-ին թանկարժեք մետաղներ պարունակող օգտագործված ավտոկատալիզատորների ջարդոն և թափոն է արտահանվել առավելապես Գերմանիա, որոշ տարիների նաև Չեխիայի Հանրապետություն, Բելգիա, Ճապոնիա, Լիտվա, Լատվիա, ԱՄՆ և ՌԴ։ 2017-ից հետո արտահանման ծավալներն աճել են։

Խոշոր արտահանող համարվող Աշոտ Տիգրանյանը չցանկացավ բացահայտել, թե Եվրոպա ում կամ որ գործարաններին են կոնկրետ վաճառում։ «Մենք որպես թափոն տալիս ենք, անհատները տանում իրացնում են, թե հիմա իրենք ինչ են անում, չգիտեմ։ Մենք անհատների հետ պայմանագրեր ունենք, հանձնում ենք իրենց, իրենք տանում են, հատուկ ֆիրմաների են տալիս, կամ մեքենաշինական ընկերությունների, արդեն իրենք գիտեն»,- ասաց Աշոտ Տիգրանյանը։ 

Neon Maps
Infogram

Կատալիզատորներ արտահանում են նաև ոչ որպես ջարդոն, այլ աղացած՝ որպես փոշի։ Կատալիզատորներ արտահանող «Ավտոկադ» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը մեզ հետ զրույցում մանրամասն պատմեց, թե ինչպես է իրականում տեղի ունենում կատալիզատորի ընդունումը, գնահատումը և արտահանումը։

Կատալիզատորի արժեքը որոշվում է միմիայն հատուկ աղացով այն աղալուց և հատուկ սարքով պարունակությունը ստուգելուց և տվյալ օրվա լոնդոնյան բորսայում այդ մետաղների արժեքը հստակեցնելուց հետո։

ՊԵԿ-ից հետաքրքրվեցինք` արդյոք կատալիզատորների արտահանման մեզ տրամադրած տվյալներում ներառված է փոշին: ՊԵԿ Մաքսային վիճակագրության և տեղեկատվության բաժնի աշխատակից Նաիրա Նիկողոսյանը համապատասխան ճշգրտումներ անելուց հետո պատասխանեց, որ այս ծածկագրի մեջ հայտարարագրված փոշի չկա։ 

«Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգումը կատարվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով նախատեսված խմբին վերագրելու միջոցով։ «Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների մնացորդներ և ջարդոն, թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող այլ մնացորդներ և ջարդոն, որոնք, հատկապես, կիրառվում են թանկարժեք մետաղներ ստանալու համար» (ԱԳՏ ԱԱ 7112) ապրանքային դիրքում առանձնացված չէ «օգտագործված կատալիզատոր», «աղացած կատալիզատորների փոշի», «նոր կատալիզատոր» ապրանքատեսակները, իսկ ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական բազաներում ապրանքի նկարագիր դաշտում ոչ միշտ է լրացված ապրանքի ամբողջական անվանումը, հետևաբար հայցվող տեղեկատվության լիարժեք տրամադրումը հնարավոր չէ»,- գրավոր պարզաբանել է ՊԵԿ Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը

Եթե մեքենայի կատալիզատորը շարքից դուրս է եկել, այն պետք է անհապաղ հեռացնել․ «ՌոբԱրս»

«ՌոբԱրս» ՍՊԸ-ն կատալիզատորների վերջին տարիների խոշոր արտահանողներից է։ Գործում է Երեւանի Նոր Նորք համայնքում, Քոչարյան փողոցում, ընդունում է կատալիզատորներ։ 

«ՌոբԱրս» ՍՊԸ-ն կատալիզատորներն արտահանում է Եվրոպա։ «ՌոբԱրս» ՍՊԸ-ի աշխատակից Անդրանիկ Չոլագյան ասաց, որ, իր տեղեկություններով, իրենց ընկերությունն այդ թափոնները հանձնում է «Տոյոտա» գործարանին, որը վերամշակում և կրկին կատալիզատոր է արտադրում։

Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Արսենյանը կարծում է, որ պետությունը ոչ թե պիտի արգելի կատալիզատորների արտահանումը, այլ արգելք սահմանի առանց կատալիզատորի մեքենաներով երթևեկելու վրա։ Այսինքն՝ պետք է պարտադիր պայման դարձնել տեխզննության ընթացքում կատալիզատորների առկայության ստուգումը, դրանց բացակայության դեպքում էլ` տուգանք կիրառել։

Անցյալ տարի էկոնոմիկայի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հրապարակել էր որոշման նախագիծը, որով առաջարկվում էր արտահանման ժամանակավոր արգելք սահմանել ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։

«ՌոբԱրսի» ներկայացուցիչ Արմեն Արսենյանը նախագծի տակ մեկնաբանություն է գրել` նշելով, որ ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքի սահմանումը չի կարող նպաստել ՀՀ-ում մթնոլորտային օդի աղտոտվածության նվազմանը: Նա երկու հիմնավորում է բերել.

1․ Ավտոմեքենան որոշ ժամանակ օգտագործելուց (մասնավորապես ՀՀ-ում անորակ բենզինի առկայության և մեծ թվով գազով աշխատող մեքենաների պայմաններում) հետո խլացուցիչների կերամիկական կատալիզատորները շարքից դուրս են գալիս, որոնք վերանորոգման ենթակա չեն։ 

2․Եթե մեքենայի կատալիզատորը շարքից դուրս է եկել, պետք է այն անհապաղ հեռացնել, հակառակ դեպքում մեքենան անհնար կլինի վարել։ 

Գործարար Արթուր Սարգսյանը 2021թ․-ին իր բիզնեսը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխել։ Այստեղ 2022թ․ հունվարին հիմնադրել է «Ավտոկատ» ՍՊԸ-ն և Այնթափի ճանապարհին կատալիզատորների հեռացման, ընդունման և նորոգման սրահ բացել։ 

«Փակելով կամ արգելելով` ոչ մի օգուտ չենք ստանա, բացի վնասից։ Էս բնագավառում աշխատում են մարդիկ, որոնք գումար են աշխատում, իրենց ընտանիքներին կարողանում են ապահովել»,- ասում է Արթուր Սարգսյանը։

Նա ևս պնդում է, որ մեքենայի կատալիզատորը ժամանակի ընթացքում, բենզինով աշխատելով` 100 հազար կմ-ն անցնելուց հետո, գազով աշխատելու դեպքում՝ 50 հազար կմ-ն անցնելուց հետո իր դերը կորցնում է, սկսում է փչանալ։ Իսկ շարքից դուրս եկած կատալիզատորն ազդում է մեքենայի աշխատանքի, մասնավորապես՝ շարժիչի վրա։ Իրենք հեռացնում են ոչ պիտանի կատալիզատորները, գնում են հաճախորդից ու այն արտահանում ՌԴ։

satellite-small.jpg (1.12 MB)

«Հիմա մարդիկ որ կատալիզատորը հանում են, ի՞նչ անեն, թափե՞ն»,- հարցնում է Արթուր Սարգսյանը և նշում, որ մեքենաներից հեռացված կատալիզատորները որպես թափոն աղբավայրեր կամ այլ տեղ տանելու դեպքում շրջակա միջավայրը կրկին աղտոտվում է։ Արթուր Սարգսյանը կարծում է, որ հեռացված կատալիզատորները չթափելու և միջավայրն աղտոտելու փոխարեն իրենք այն արտահանում են և հանձնում վերամշակող գործարաններին: «Ավտոկատը», մասնավորապես, հանձնում է Կրասնոյարսկում (ՌԴ) գործող «Красцветмет» գործարանին։

«Եթե արգելում են մի բան, ուրեմն թող մի ուրիշ տեղ բացեն, որ մարդիկ էս գումարը չշպրտեն ուղղակի։ Մենակ արգելելով հնարավոր չէ, պիտի լուծում լինի»,- ասում է Արթուրը։

Ինչ անեն մեքենաների սեփականատերերը, եթե կատալիզատորն իսկապես շարքից դուրս է եկել և չի ծառայում նպատակին։ Արթուր Սարգսյանն ասում է, Հայաստանում նոր կատալիզատոր չի ճարվում, եթե պատվիրեն, բավական թանկ արժե՝ 1000-2000 դոլարի սահմաններում։ Տեղադրվող փոխարինիչները կարճ են ծառայում, և շուտով կրկին փոխելու անհրաժեշտություն է առաջանում։

Պահեստամասեր վաճառող մի քանի կետերից հետաքրքրվեցինք, թե ինչ արժեն բնօրինակ կատալիզատորները, և արդյոք մարդիկ պատվիրում են նորերը։ «10 տարի առաջ «Օպել»-ի վարորդ էր եկել, հարցնում էր, նայեցինք՝ 1500 դոլարի չափ էր, դրանից հետո ոչ մեկ չի հարցրել, ոչ էլ մենք երբևէ ներմուծել ենք»,- պատասխանեց պահեստամասերի աշխատակից Արան։

ՊԵԿ-ից էլ հարցրել էինք, թե վերջին 10 տարվա ընթացքում ավտոմեքենաների որքա՞ն նոր կատալիզատոր է ներմուծվել ՀՀ և որ երկրներից։ Պարզվում է՝ որևէ տվյալ նոր կատալիզատորի վերաբերյալ ՊԵԿ-ում չկա։ Ինչպես պատասխանել է ՊԵԿ-ը՝ ըստ առկա ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների՝ 2011-2022թթ ընթացքում ապրանքի նկարագիր դաշտում «նոր կատալիզատոր» լրացված անվանումներով ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։

«Եթե ուզում են, որ շրջակա միջավայրը չաղտոտվի, տեխզննման ժամանակ պետք է սահմանեն CO-ի մակարդակ, ու եթե արտահանած օդում մակարդակն ավելին է, էդ ավտոն տեխզննում չանցնի, եթե պակաս է, ինչ կարևոր է՝ կատալիզատորը վրան է, թե վրան չէ։ Մեր հավաքած կատալիզատորը չի հասկացվում` վրան է, թե չէ, նենց ենք անում, որ ճիշտ է աշխատում մեքենան, մեքենայի ուղեղը ճիշտ է աշխատում»,- խոսքը եզրափակում է «Ավտոկատ» ՍՊԸ-ի հիմնադիրը։

Ինչ փոփոխություններ են նախատեսվում ոլորտում

Շրջակա միջավայրի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին փոփոխություններ առաջարկեց Կառավարության որոշման մեջ` նվազեցնելու օդի աղտոտվածությունը, որն առաջանում է ավտոմեքենաների կատալիզատորների (կատալիզային չեզոքարարների) հեռացման հետեւանքով։ Եթե տեխզննության ժամանակ հայտնաբերվի, որ ավտոտրանսպորտային միջոցը չունի կատալիզային չեզոքարար, ապա տրանսպորտային միջոցի համար տեխզննում անցնելու կտրոն չի տրամադրվի, և այն կհամարվի տեխզննում չանցած մեքենա։ Փոփոխությունների փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ կարգավորումը վերաբերում է 2020թ․-ից հետո ներմուծված տրանսպորտային միջոցներին։

Նախագծերի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ին ընդունած «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականն արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դեր արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում։

Շրջակա միջավայրի նախարարության նախագիծը, սակայն, այս պահին հանված է շրջանառությունից։ Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունը հայտնել է, որ նախագիծը գտնվում է լրամշակման, այն է՝ շահագրգիռ պետական մարմիններից առաջարկությունների ստացման փուլում՝ հաշվի առնելով խնդրի համալիր կարգավորման անհրաժեշտությունը։ 

Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանի խոսքով` կառավարության որոշման փոփոխությունը ենթադրում է, որ տեխզննման կայանում ստուգեն կատալիզատորի ամբողջական առկայությունը, դրա սարքին լինելը։ Սակայն ներկայում տեխզննման կայանները չունեն համապատասխան սարքավորումներ։ Հետևաբար, նախագծի լրամշակման նպատակը նաև այդ և նմանատիպ հարցերը կարգավորելն է։

«Նախագիծը լրամշակվում է, փորձում ենք ներառել բոլոր արատավոր ոլորտները, որոնք կարող են կապ ունենալ արատավոր գործընթացների հետ»,- ասում է Արթուր Ղավալյանը։

Մեր դիտարկմանը, թե ինչպես պիտի անպիտան կատալիզատորները  փոխարինեն նորերով, եթե դրանք երբեմն մեքենայից թանկ են, Արթուր Ղավալյանը պատասխանեց․ «Ավելի թանկ է բնակիչների առողջությունը և կյանքը»։

Էկոնոմիկայի նախարարությունը ևս որոշ մեխանիզմներ է մշակել` արգելելու կատալիզատորները որպես թափոն արտահանելը։

2021թ․ օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նոր փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկել է ժամանակավոր՝ 6-ամսյա արգելք կիրառել ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման համար։ Նախագիծը, սակայն, դեռևս Կառավարության որոշում չի դարձել։

Այդուհանդերձ, արտահանող Աշոտ Տիգրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարվա հունվարի 25-ից արգելանքը դրվել է, և իրենց թույլ չեն տվել արտահանել։ Մինչ այդ, այս տարի մեկ անգամ կարողացել են արտահանել։ Թե ինչի հիման վրա է արգելանքը դրվել, փորձեցինք պարզաբանում ստանալ նախագիծը մշակող մարմնից։

Էկոնոմիկայի նախարարությանը մարտի 21-ին գրավոր հարց ուղղեցինք, թե ինչ ընթացք է ստացել իրենց առաջարկած նախագիծը։ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մարտի 24-ին պատասխանել է, որ նախագծի լրամշակված տարբերակը մարտի 23-ին սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Խոշոր արտահանողների ցանկում եղած Աշոտ Տիգրանյանն ասում է, որ արտահանողները բացասական են տրամադրված նախատեսված փոփոխություններին, քանի որ ունեն իրենց մասնագիտական կարծիքը, և, իր բնորոշմամբ, «վիրահատական նշտարով» այդ հարցին մոտենալը ճիշտ չէ։

«Պատկան  մարմինները պիտի մասնագիտական քննարկումներ կազմակերպեն, որպեսզի խելացի որոշումներ կայացնեն, ամենահեշտ տարբերակն արգելանք դնելն է, էդ ոլորտում բավականին մեծ աշխատողներ կան, որոնք իրենց հացի խնդիրը դրա միջոցով են լուծում»,- ասում է Աշոտ Տիգրանյանը։

Թե որքան աշխատատեղի մասին է խոսքը, Տիգրանյանը հստակ թիվ չկարողացավ ասել, բայց նշեց, որ գրեթե բոլոր տեխսպասարկման կետերում այդ գործն անում են, և խոսքը մի քանի հազար մարդու մասին է։

Աշոտ Տիգրանյանի կարծիքով, պետք է մտածել ոչ թե արգելելու, որը ամենահեշտ ճանապարհն է, այլ մեքենաների հետագա շահագործումը կազմակերպելու մասին, քանի որ կատալիզատորը ժամանակի ընթացքում շարքից դուրս է գալիս։

«250 հազար մեքենա որտեղի՞ց է նոր կատալիզատոր դնելու։ Այսօր այդքան շահագործող ունենք, որոնց 80-90 % չունի կատալիզատոր, և տարեկան 30-40 հազար ներմուծում է կատարվում, որտեղից են այդքան կատալիզատոր բերելու։ Նոր ներմուծվող մեքենաների վրա հնարավոր է պարտադիր պայմանը դնել, բայց որ ընդհանուր բոլորը ունենան և տեխզննում չանցնեն, չեմ պատկերացնում ոնց է լինելու»,- ասում է արտահանողը։ 

ՇՄՆ ներկայացուցիչ Արթուր Ղավալյանի տվյալներով, Հայաստանում իսկապես մեքենաների շուրջ 90 տոկոսը չունի կատալիզատոր։ Խնդիրը կարգավորվելու է նախ ներմուծված մեքենաներում չեզոքարարների բացակայության սահմանափակումներով, միաժամանակ ձևավորվելու է բնապահպանական մշակույթ, և մարդիկ հակված չեն լինելու գոնե սարքին կատալիզատորները ապամոնտաժել և մի քանի հազար դրամ գումարի համար վաճառել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter