HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի պնդմամբ՝ Պուտինը ներողություն է խնդրել Լավրովի խոսքերի համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելից ներողություն է խնդրել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար, որը հայտարարել էր, որ Ադոլֆ Հիտլերն ունեցել է «հրեական արմատներ»։ Այդ մասին BBC-ի փոխանցմամբ հայտարարել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։

Կրեմլից հայտարարել էին, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, սակայն չէին հիշատակել ներողության մասին։ «Բենեթը (հեռախոսազրույցի ընթացքում) ընդունել է Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել նրան հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքի հստակեցման համար»,- հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։

Համաձայն Կրեմլի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում «առաջնորդներն ընդգծել են Ռուսաստանի և Իսրայելի ժողովուրդների համար մայիսի 9-ի օրվա նշանակությունը»։ Պուտինը խնդրել է «Իսրայելում բնակվող վետերաններին փոխանցել առողջության և բարեկեցության մաղթանքները», իսկ Բենեթը «նշել Կարմիր բանակի որոշիչ ներդրումը նացիզմի դեմ հաղթանակի գործում»։  

Ռուսաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական սկանդալը առաջացել էր այն ժամանակ, երբ այդ երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ադոլֆ Հիտլերն ունեցել է «հրեական արյուն» և որ «ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։

«Կարող եմ սխալվել, բայց Հիտլերը ևս հրեական արյուն է ունեցել։ Դա բացարձակ ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են: Ինչպես մեզ մոտ են ասում, «ընտանիք չկա՝ առանց հրեշի» (հայերեն համարժեքը՝ «գյուղ չկա, որ շուն չլինի»- խմբ.)»,- ասել էր Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը խստորեն քննադատության էին ենթարկել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը։ 

Բենեթը հայտարարել էր, որ Սերգեյ Լավրովի խոսքերը սուտ են։ «Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Նրա խոսքերը սուտ են, իսկ դրանց նպատակը՝ սխալ։ Նման սուտը նախատեսված է նրա համար, որպեսզի հենց հրեաները մեղադրվեն պատմության մեջ իրենց իսկ դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործությունների մեջ՝ այդպիսով հանելով պատասխանատվությունը մարդասպանների և Իսրայելի ժողովրդին հետապնդողների վրայից»,- նշել էր Բենեթը։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ մեր օրերում չկա պատերազմ, որը նման լինի Հոլոքոստին կամ համեմատելի լինի դրա հետ։ «Անմիջապես պետք է դադարեցվի հրեա ժողովրդի Հոլոքոստի կիրառումը քաղաքական գործիքի տեսքով»,- հավելել էր Բենեթը։

Յաիր Լապիդի խոսքով՝ էլ Սերգեյ Լավրովի հայտարարություններն «աններելի են, վրդովեցուցիչ և կոպիտ պատմական սխալ»։ «Ասել, որ Հիտլերը հրեա է եղել, նույնն է, ինչ ասել, որ հրեաներն իրենք են իրենց սպանել։ Հրեաների դեմ ռասիզմի ամենացածր մակարդակը հրեաներին հակասեմիտիզմի մեջ մեղադրելն է»,- ընդգծել էր նա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը պահում է «Կիևի նեոնացիստական ռեժիմին աջակցելու» քաղաքական կուրս և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել «Հակասեմականության վերաբերյալ» վերնագրով հոդված, որն ուղղված է «Իսրայելի ԱԳՆ ղեկավարի հակապատմական հայտարարությանը»։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ «պատմությունը, ցավոք, գիտի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հետ հրեաների համագործակցության ողբերգական դեպքեր»։

«Ընդ որում, պատմական ողբերգությունը նրանում է, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ հրեաներ հանցագործություններին ստիպողաբար են մասնակցել, ապա իր արմատները շահարկող Վ. Զելենսկին միանգամայն լուրջ և միանգամայն կամավորաբար է դա անում։ Իր ծագմամբ քողարկվում է ինքը և ծածկում դրանով բնական նեոնացիստներին՝ իր ժողովրդի դահիճների հոգևոր և արյունալի ժառանգներին»,- պնդում էր ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը ևս ունի հրեական արմատներ, բայց նա «ևս «հաջողությամբ» քողարկում է իր երկրում «Վաֆֆեն ՍՍ»-ի (ՍՍ-ի զորքերի- խմբ.) վերականգնումը»։

Լուսանկարը՝ Yevgeny Biyatov/Sputnik/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter