HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը (լիազորությունները կասեցված են) երեք ամիս ազատազրկված լինելուց հետո  քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Դատավորին դիմավորելու համար քրեակատարողական հիմնարկի դիմաց դատավոր ու փաստաբաններ էին հավաքվել:

Դատավորը, հիշեցնենք,  մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ օրինական որոշում է կայացրել:

Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանին ազատ արձակելու մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին:

Պատշաճ ծանուցված լինելով՝ դատական նիստին մասնակցելը մեղադրյալի պարտականությունն է, դատավոր Բախշիյանը Մկրտչյանի բացակայությունը գնահատել է անհարգելի ու որոշել նրա նկատմամբ ընտրված ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը փոխել ավելի խիստով ու նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Ըստ ԱԱԾ-ի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում Մկրտչյանի նկատմամբ ճնշում է գործադրվել, որպեսզի նախկինում տված ցուցմունքը փոխի, այսինքն՝ հրաժարվի Փարամազյանի դեմ տված ցուցմունքից: Հենց այս հանգամանքն է գնահատվում որպես ծանր հետևանք: Բախշիյանի պաշտպանները պնդում են, որ, Մկրտչյանն, ըստ էության, ցուցմունք չի փոխել, նա դատական նիստի ընթացքում նախ ցանկություն է հայտնել ցուցմունք տալու, ապա հրաժարվել է ցուցմունք տալուց, հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Նույն օրը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, այսինքն՝ կալանավորելուց 14 օր անց, Բորիս Բախշիյանը որոշել է Մկրտչյանին կալանքից ազատ արձակել:

Նշենք, որ Բախշիյանի գործը մեծ աղմուկ է բարձրացրել իրավական համայնքում: Նրա խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդության քննության ժամանակ դատարանի դիմաց մեծ թվով դատավորներ, փաստաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ էին հավաքվել:  Այս հանրությունը համոզմունք ուներ, որ Բախշիյանի  նկատմամբ սկսված հետապնդումը կապված է նրա վարույթում մի քանի  հնչեղություն ունեցող գործերի՝ այդ թվում «Սիսական » ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի, Փարամազյանի գործերի առկայության հետ: Հատկանշական է նաև այն  հանգամանքը, որ դատախազությունը Մկրտչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք չէր ներկայացրել, սակայն մոտ մեկ ամիս անց դատավորի որոշումը ակնհայտ ապօրինի էր որակել ու քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ:

Նշենք, որ վերջին անգամ Բախշիյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև այսօր՝  մայիսի 7-ը և ԱԱԾ-ն կալանքի ժամկետը երկարացնելու նոր միջնորդություն չի ներակացրել, ինչի արդյունքում դատավորը, փաստորեն ազատ արձակվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter