HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետը պահանջում է մինչև մայիսի 28-ը մարզի գլխավոր ճանապարհները մաքրել մետաղական ջարդոններից

Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհների երկայնքով դեռ պահպանվում են 90-ականներից մնացած կրպակները, որոնք դարձել են օգտագործման համար ոչ պիտանի: Դրան ավելանում են նաև ավտոմեքենաների մետաղական ջարդոնների կույտերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը համայնքի ղեկավարներին հորդորում է մինչև մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, երբ տարբեր վայրերից մարդիկ են գալիս Սարդարապատի հուշահամալիր, գլխավոր ճանապարհները մաքրել «աչքի համար ոչ հաճո» տեսարաններից:

Արմավիրի մարզպետը համայնքների ղեկավարներից պահանջեց ներկայացուցիչներ ուղարկել ջարդոնների հավաքման տարածքներ և անհատական զրույցներ ունենալ դրանց սեփականատերերի հետ: Անհրաժեշտության դեպքում աշխատանքներին կներգրավվեն նաև ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները՝ ճանապարհներից անպետք գույքը հեռացնելու համար:

«Սեղմ ժամկետներում, հատկապես՝ ամենակենտրոնական և տեսանելի հատվածներից պետք է հեռացնեն ջարդոնը կամ պարսպապատեն տարածքը: Յուրաքանչյուր տնտեսվարողի հետ ունեցեք հստակ պայմանավորվածություն ժամկետների առումով: Հաշվի առնելով, որ առջևում մայիսի 28 ունենք՝ կարևոր եմ համարում մինչ այդ արդյունքներ ունենալը»,- մայիսի 6-ի մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ որոշ հատվածներում մետաղի ջարդոնները համայնքապատկան հողատարածքների վրա են կուտակված, և հնարավոր չէ այդ տարածքը պարսպապատել: Մեծամորի համայնքապետն էլ հավելեց, որ որոշ դեպքերում հնարավոր է՝ լայն տարածում գտած կապույտ տոպրակներով տարածքն առանձնացնեն, ինչը ևս տգեղ է:

«Կապույտ պալատկա չէ: Եթե հողն իրեն է պատկանում, տեսականորեն հնարավոր է պարսպապատել, հողի կատեգորիան թույլ է տալիս, թող պարսպապատի: Կամ՝ թող ինքը որոշի, թե ոնց է անում, կարևորը, որ այդ ճանապարհին նման պատկերներ չլինեն»,- ասում է Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բացի մետաղական ջարդոններից պետք է ճանապարհներից վերացնել «աչքին ոչ հաճո» այլ շարժական օբյեկտները ևս:

Պատկերը տխուր է հատկապես Փարաքարից Արմավիր գնացող միջպետական նշանակության ավտոճանապարհին: Հին կրպակներից, ավտոմեքենաների ջարդոններից բացի, շինարարարակն աղբի կուտակումներ են լինում: Այս հարցին «Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է:

Դեռևս երկու տարի առաջ ավտոմեքենաների ջարդոնների դեմ կոշտ միջոցառումներ իրականացնելու քայլեր նախաձեռնեց Էջմիածնի համայնքապետարանը, սակայն ապարդյուն:

«Ինչ ա նշանակում մայրուղու վրա բերում ժանգոտ բուտկա են դնում, ինչի՞ համար: Դոմիկ են դնում՝ 1952 թվի փլատակների տակից դուրս հանած: Չպիտի թողեք, որ տեղադրեն: Ուզում են տեղադրել, թող օրինական ճանապարհով դիմեն, նորմալ պատրաստեն»,- ավելացրեց Է. Հովհաննիսյանը:

Մարզպետարանի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ Գևորգ Գևորգյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարել Փարաքարից Սարդարապատի հուշահամալիր տանող ավտոճանապարհների մերձակա տարածքներում: Նշված ճանապարհահատվածում մետաղի ջարդոնի ընդունման և հնամաշ մեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվում է 22 տնտեսվարող: 

«Քննարկումների արդյունքում, նշված տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել մետաղի ջարդոնի վերածված մեքենաների թափքերի և այլ մետաղական կոնստրուկցիաների հանձման գործընթացը: Իսկ այն մեքենաների թափքերը, որոնք պարունակում են ավտոպահեստամասեր, տեղափոխել ավելի հեռու՝ կենտրոնական ճանապարհներից ոչ տեսանելի տարածքներ»,- ասում է Գ. Գևորգյանը:

Բաժնի պետն էլ իր հերթին համայնքների ղեկավարներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել նշված աշխատանքների կատարումը, անհրաժեշտության դեպքում ընդունել միջամտող վարչական անհատական իրավական ակտեր և ոստիկանության հետ համատեղ տնտեսվարող սուբյեկտներին պարտավորեցնել այդ տարածքները պարսպապատել: Հետևողական լինել այդ տարածքների հողերի օգտագործման նպատակային նշանակության համապատասխանության գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter