HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«38 օրվա մեջ մի րոպե անգամ չեմ մտածել, որ տղաս փորձանքի մեջ է». Հարություն Նիկոլյանը զոհվել է Թաղավարդի դիրքերում

«Զանգում, ասում էր` մա՛մ, հանգիստ ու հպարտ եղի՛, տղեդ պատմություն ա կերտում: Մենք հանգիստ էինք, որ իրեն բան չի պատահի, զանգելիս էնպես էր խոսում, որ չէինք էլ կասկածում, որ կարող է ինչ-որ դժվարության մեջ ա»,- պատմում է 44-օրյա պատերազմում զոոհված Հարություն Նիկոլյանի մայրը՝ Գայանե Նիկոլյանը։

Պատերազմի առաջին օրից մինչ զոհվելու օրը՝ նոյեմբերի 3-ը, Հարությունը  հարազատներին ասել է, որ Ստեփանակերտում է, ապահով վայրում, դիրքեր չի գնում։ 

Այնինչ սեպտեմբերի 27-ից եղել է Հադրութում, Ջրականում (Ջաբրայիլ), Վարանդայում (Ֆիզուլի), Մարտունիում։

Վերջին անգամ զանգահարելիս՝ նոյեմբերի 3-ին, մայրը պայթյունի ձայներ է լսել, որդուն հարցրել է, թե ի՞նչ ձայներ են, Հարությունը հանգստացրել է մորն ու ասել, որ Ստեփանակերտում ինչ-որ գործարանի մոտ է և լսվող ձայները հաստոցների ձայներ են։ 

Հարությունը զոհվել է նոյեմբերի 3-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի դիրքերում։ 

Հարություն Նիկոլյանը ծնվել է 2001 թվականին Երևանում։ Նա ծառայում էր Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական պաշտպանական շրջանում (հայտնի է որպես ՑՕՐ զորամաս

Հարությունը հետևակի մարտական մեքենայի հրամանատար էր։ Ծառայության առաջին 6 ամիսներն անցկացրել է Արմավիրի ուսումնական զորամասում, ապա տեղափոխվել Ստեփանակերտ։ Կոչումով կրտսեր սերժանտ էր։

Հարությունը շատ էր սիրում կարդալ։ Ծառայության ընթացքում քրոջը՝ Արուսյակին, անընդհատ խնդրում էր, որ գրքեր ուղարկի։ Վերջին անգամ զանգահարելիս խնդրել է Աստվածաշունչ ուղարկել, քանի որ իր ունեցածը կորցրել է։

Նոյեմբերի 1-ին Հարությունը ծնողների հետ խոսելիս խնդրել է ծանրոց ուղարկել՝ 2 դանակ, ձեռնոց և Աստվածաշունչ։ Ծնողներն ուղարկել են, բայց ծանրոցը Հարությունին չի հասել։ 

«Օրերը անցնում էին, մենք մտածում էինք շուտ ավարտվի էս ամեն ինչը, հաշվում էինք, հետո վերջին օրերին մտածեցինք՝ դե որ էսքան ժամանակ ոչինչ չի եղել, ուրեմն մեր տղան ողջ-առողջ մեզ կհասնի։ էդ 38 օրվա մեջ ես մի րոպե անգամ չեմ մտածել, որ Հարութը փորձանքի մեջ ա, կամ տեղը լավ չի, ինքն իրեն նենց էր պահում, որ նույնիսկ մտքներովս չանցներ»,-պատմում է Գայանեն։ 

Նոյեմերի 3-ին մայրը երկրորդ անգամ է զանգահարել որդուն։ Հարությունի հետ կապի դուրս գալ չի հաջողվել։ Գայանեն զանգահարել է Հարությունի ընկերոջը՝ Սուրենին։ Սուրենն ասել է, որ ընկերներից Արմանը վիրավորվել է, Հարությունը գնացել է Արմանին օգնության։ 

Այդ ժամանակ Սուրենն արդեն իմացել է Հարութի զոհվելու մասին, բայց Գայանեին այդ լուրը չի կարողացել հայտնել։ Ժամեր անց Գայանեն նորից  է զանգահարել, Սուրենն ասել է, որ Հարությունը դեռևս չի վերադարձել, հետո Սուրենի հեռախոսն անհասանելի է դարձել։

«Էդ գիշեր, որ ես իրենից լուր չունեի, հազար միտք էր գալիս գլխիս, ամենավատ բաները մտածում էի, ծնողի մտքով ո՞նց տենց բան կանցնի, բայց ասում էի՝ Աստվա՛ծ ջան, մի հատ մինի վրա ոտքը դնի, ավելի լավ ա, քան գերի ընկնի, հանկարծ տղուս չտանեն, չխոշտանգեն»,- հիշում է մայրը։

Հարությունի հայրը՝ Արմենը ու Գայանեի քրոջ ամուսինը գնացել են Գորիս՝ նրան որոնելու։ 

Սկզբում Գայանեին ասել են, որ որդին ծանր վիրավոր է ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ 

Ի վերջո, նրա աճյունը եղել է Մարտունու դիահերձարանում, նոյեմբերի 5-ին հանձնվել է ծնողներին։ Հարազատներին սկզբում ասել են, որ Հարությունի ստացած վիրավորումը գլխի շրջանում է եղել, բայց մայրն ասում է՝ որդու գլխին, ոչ մի վնասվածք չի եղել։ Զինակից ընկերներն ասել են, որ Հարությունը զոհվել է հարվածային ալիքից։ 

«Բոլորն ավելի շուտ էին իմացել, քան ես։ Գալիս հավաքվում էին մեր տանը, հարազատ- բարեկամները, ես ասում էի՝ խի՞ եք եկել, խի՞ եք հավաքվում։ Դե արդեն պարզ էր, չէի ուզում հավատալ»,- ասում է Հարությունի մայրը։

Առաջարկել են Հարութին հուղարկավորել Եռաբլուրում, հարազատները չեն համաձայնել։ Նա հուղարկավորված է Էրեբունիում։

«Մենք ամեն օր նրան բարի լույս ու բարի գիշեր ենք ասում, ամեն Աստծո օր։ Եռաբլուրը մեզ համար հեռու է, ուզում էինք, որ Հարութը մեզ մոտ լինի»,- ասում է մայրը։

Հարությունը փոքր տարիքից ըմբշամարտով էր զբաղվում, ուներ բազմաթիվ մրցանակներ։ Դպրոցում գերազանց էր սովորում։

Որոշել էր պատմաբան դառնալ։ Բանակ զորակչվելուց առաջ ընդունվել էր Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Ծառայությունից վերադառնալուց հետո, պիտի սկսեր ուսումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter