HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամով. որոշվել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը

Որոշվել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը։ Այդ մասին այսօր, Ադրբեջանի ԱԳ մամուլի ծառայության փոխանցմամբ, Դուշանբեում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Իր ելույթում Բայրամովը կրկին հայտարարել է, որ Հարավային Կովկասում «հակամարտությունը մնացել է անցյալում» և ներկայում Ադրբեջանի գլխավոր խնդիրն է իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում «կյանքի վերականգնումը, երկարաժամկետ խաղաղության ու կայունության ապահովումը՝ տնտեսական ու հաղորդակցային կապերի վերականգնման ճանապարհով»։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքմանն ու երկու երկրի սահմանների սահմանազատման գործընթացին։ «Սրա հետ կապված ձեռնարկվել են խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի մեկնարկին ուղղված քայլեր, այդ թվում՝ որոշվել են երկու երկրի միջև սահմանների սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ չմանրամասնելով, թե ովքեր են նրանք։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը ԱՊՀ հարթակը կարևոր է համարում կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, երիտասարդների հետ աշխատանքի ոլորտներում համագործակցության համար։

Հիշեցնենք, նախօրեին Դուշանբեում կայացել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կկայանա Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքային խմբի հերթական նիստը, որը գլխավորում են երեք երկրների փոխվարչապետները։ 

Միրզոյանը նաև նշել էր, որ նույն օրերին արդեն կարող է կայանալ նաև սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը։

Լուսանկարը՝ Murad Orucov/Sputnik

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter