HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը

Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի պատասխան քայլեր այն դեպքում, երբ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը ստիպված կլինի դրան դիմել «իր ազգային անվտանգության համար առաջացող սպառնալիքները մեղմելու համար»։

«Ոչ Ռուսաստանի հավաստիացումները, որ բացակայում է Ֆինլանդիայի նկատմամբ թշնամական որևէ մտադրություն, ոչ մեր երկրների միջև բարիդրացիական ու փոխշահավետ համագործակցության երկար պատմությունը, չհամոզեցին Հելսկինկիին պահպանել ռազմական միավորման ուղենիշը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակն է «շարունակել Ռուսաստանի սահմաններին իր ընդլայնումը, ստեղծել մեր երկրի համար ռազմական սպառնալիքի ևս մեկ թև»։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ իրավիճակից կախված՝ կարձագանքեն «Ֆինլանդիայի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխությանը»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն և վարչապետ Սանա Մարին համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց աջակցությունն էին հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտի ներկայացմանը։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ պաշտպանական դաշինքը։ Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի։ Մենք հույս ունենք, որ ազգային մակարդակով քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ որոշմանը հասնելու համար, առաջիկա օրերին արագ կձեռնարկվեն»,- նշվում էր Նինիստոյի և Մարինի համատեղ հայտարարության մեջ։

«Հետք»-ը, հղում անելով ֆիննական խոշորագույն Helsingin Sanomat թերթին, գրել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան արդեն հաջորդ շաբաթ կարող են միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել: Ինչպես հայտնում էր Helsingin Sanomat-ը, անդամակցության հայտի համատեղ դիմումը դիտարկվում է որպես երկրների միջև համաձայնության նշան և ցանկություն՝ պաշտպանելու միմյանց։

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը մեկնաբանել էր նաև ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների անդամակցության պարագայում, «Ռուսաստանը կունենա ավելի մեծ թվով պաշտոնապես գրանցված հակառակորդներ»։

Չեզոք կարգավիճակ ունեցող Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ակտիվորեն սկսեց քննարկվել և քաղաքական օրակարգ մտավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ավելի վաղ նշվում էր, որ այդ երկրները հնարավոր է անդամակցության հայտ ներկայացնեն ամռանը։

Քարտեզը՝ Euronews-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter