HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի նախարարությունը Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղային հանքերևակումն ուսումնասիրելու դրական եզրակացություն է տվել

Շրջակա միջավայրի նախարարությունը Սիսիանի հանքային շրջանի Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում հետախուզական աշխատանքներ կատարելու նախագծին դրական եզրակացություն է տվել: Մայիսի 5-ն նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է այն: 

Փորձագիտական մի քանի ընդհանուր պահանջներ են առաջադրվել այդ ուսումնասիրությունը նախաձեռնող «Գեո սերվեյ» ՍՊԸ-ին: Այդ պահանջները բխում են շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությունից և այդ ոլորտին առնչվող կառավարության որոշումներից: 

Իսկ պատճառաբանական մասում նշվել է, որ Սյունիքի մարզի Շենաթաղ համայնքի վարչական շենքում իրականացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակայությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեությանը: Փորձաքննական գործընթացին մասնակցել են ՇՄՆ ստորաբաժանումները , ինչպես նաև առողջապահության, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, Կադաստրի կոմիտեն: 

Հանքերևակումը գտնվում է Շենաթաղ գետի վերին հոսանքում, Կարա-կայա (Սևքար) լեռան հարավային լանջին: Ուսումնասիրվող տարածքն ընդգրկելու է 313 հա: 

Հիշեցնենք` իրական շահառուների հայտարարագրում, որպես իրական շահառու, ներկայացված է Սերգեյ Վրեժի Օթարյանը: Վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նոնա Օթարյանի եղբայրն է:

Նոնա Օթարյանը 2018թ. խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ԲՀԿ ցուցակով Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում: Վերջինս նաև «Իրավազոր» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիրն է: Նոնա Օթարյանի հայրը՝ Վրեժ Օթարյանը ևս ԲՀԿ անդամ է, և եղել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների՝ Ավանի 1-ընտրատարածքի 13-րդ տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ:

«Գեո սերվեյ» ՍՊԸ-ի տնօրենը Նոնա Օթարյանի ամուսինն է` Վահե Մալխասյանը: Նույն անձը նաև Ազատեկի ոսկու հանքավայրի ստորգետնյա եղանակով շահագործելու հայտ ներկայացրած «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի տնօրենն է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter