HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախուրյան գետի վրա 6-րդ հէկը կկառուցվի․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ախուրյան գետի վրա 6-րդ հէկը կառուցելու «Մուսահա» ՍՊԸ-ի նախագծին։

Հիշեցնենք՝ 2021թ․ հոկտեմբերին ՇՄՆ-ն բացասական եզրակացություն էր տվել «Մուսահա» ՍՊԸ-ի` Ախուրյան գետի վրա նոր հէկ կառուցելու նախագծին: Փորձաքննությամբ նշվել էր, որ Ախուրյան գետը գտնվում է ճգնաժամային վիճակում գետի գերշահագործման պատճառով: Ախուրյան գետի ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, փոքր հէկի աշխատանքն արդյունավետ չէ, քանի որ ջրի քանակը ճիշտ հաշվարկված չէ: Կա կոնֆլիկտ Ախուրյան գետի ջրօգտագործողների միջև: Չի վերահսկվում ոռոգման համար գետից վերցվող ջրառը և չի հաշվարկվում, թե ոռոգումից հետո որքան ջուր է մնում գետում փհէկի աշխատելու և գետի էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:

Վերջին փորձաքննության ընթացքում նախնական գնահատման հայտը վերադարձվել է ընկերությանը՝ լրակազզման։ Լրամշակումներում հաշվի է առնվել նաև փորձաքննական գործընթացում ներգրավված փորձագետ-հիդրոլոգ Բ․ Զաքարյանի մասնագիտական եզրակացությամբ ներկայացված առաջարկությունները և դիտողությունները։ ՇՄՆ ստորաբաժանումների մասնագետների հետ համատեղ քննարկվել է «Ախուրյան փհէկ-2»-ի կառուցման նպատակահարմարությունը։

«Ամփոփելով գնահատման և փորձաքննության արդյունքները՝ կարելի է եզրակացնել, որ նախագիծը մշակվել է հէկերին ներկայացվող շինարարական նորմերին և բնապահպանական օրենսդրական պահանջներին համապատասխան»,- արձանագրված է վերջին եզրակացությամբ։

Այդուհանդերձ, «Մուսահա» ՍՊԸ-ին առաջադրվել են որոշ պահանջներ, որոնց կատարման պայմանով է տրվել դրական եզրակացությունը։

Մասնավորապես, մինչ գործունեության իրականացումն ընկերությունը պետք է ստանա նոր ջրթույլտվություն։

Կապսի ջրամաբարը 60 մլն խմ ծավալով կառուցելու դեպքում ջրօգտագործման թույլտվությունն անհրաժեշտ է վերանայել համապատասխանեցնելով ջրամբարի շահագործման ռեժիմին և ծավալին։

Բացի դրանից, շինարարության և շահագործման փուլերում հէկի ջրօգտագործման պայմանների կատարումը հսկելու համար, մինչև իրականացումն անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ջրօգտագործման ծավալների հաշվառման, դրանց առցանց տեղափոխման և հասանելիության ապահովման աշխատանքներ՝ ջրառի կետը ջրաչափական դիտակետով և կապարակնքված ջրաչափերով ապահովելու միջոցով։

Շահագործման փուլում, Ախուրյան գետի օգտագործվող գետահատվածում բնական միջավայրի և կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև բնապահպանական թողքերի ամսական ջրաքանակների ապահովման և վերահսկման համար, անհրաժեշտ է բնապահպանական թողքի կետն ապահովել ջրի մակարդակի ավտոմատ կառավարման և տվյալների առցանց հաղորդման ջրաչափական սարքավորումներով։

Գյումրի համայնքի ավագանու արդեն նախկին անդամ Արտակ Ադամյանին է պատկանում «Մուսահա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 42.5 %-ը: Վերջինս նաև Ախուրյանի վրա շահագործում է «Մարմաշեն» հէկը: «Մուսահա» ՍՊԸ-ի 7,5 %-ը Արտակ Ադամյանի կնոջ անունով է՝ Մարինա Խաչատրյանի։ Մնացած 42,5 %-ը ընկերության տնօրեն, գյումրեցի Սաշա Անդրիասյանինն է, իսկ 7,5 %-ը նրա հետ նույն հասցեում հաշվառված Սիրանուշ Ամիրջանյանինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter