HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախուրյան գետի վրա 6-րդ հէկի կառուցման համար կրկին հայտ է ներկայացվել

«Մուսահա» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն կրկին հայտ է ներկայացրել Ախուրյան գետի վրա հէկ կառուցելու համար։

Հիշեցնենք, որ 2021թ․ հոկտեմբերին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մուսահա» ՍՊԸ-ի` Ախուրյան գետի վրա նոր հէկ կառուցելու նախագծին:

Փորձաքննությամբ նշվել էր, որ Ախուրյան գետը գտնվում է ճգնաժամային վիճակում գետի գերշահագործման պատճառով: Ախուրյան գետի ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, փոքր հէկի աշխատանքն արդյունավետ չէ, քանի որ ջրի քանակը ճիշտ չէ հաշվարկված: Կա կոնֆլիկտ Ախուրյան գետի ջրօգտագործողների միջև: Չի վերահսկվում ոռոգման համար գետից վերցվող ջրառը և չի հաշվարկվում, թե ոռոգումից հետո որքան ջուր է մնում գետում փհէկի աշխատելու և գետի էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:

Այս անգամ ընկերությունը հիմնավորել է, որ փորք հէկը շահագործման ժամանակ որևէ խոչընդոտ չի առաջացնի՝ կապված գետից ջրառ կատարման հետ, քանի որ տվյալ հատվածից ոչ ոռոգման, ոչ ջրարբիացման և ոչ էլ այլ ջրօգտագործողներ ջրառ չեն իրականացնում, իսկ ինչ վերաբերվում է Ախուրյան գետի վրա գտնվող փոքր հէկերի ջրամատակարարման հետ կապված խնդիրներին, ապա Ախուրյան փոքր հէկը ջրառը իրականացնում է այդ փհէկերի ջրահեռացումից հետո։

Հէկը նախատեսվում է կառուցել Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրի վարչական տարածքում։ «Ախուրյան» հէկը տարեկան կարտադրի 17,77 մլն ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա։

Գյումրի համայնքի ավագանու արդեն նախկին անդամ Արտակ Ադամյանին է պատկանում «Մուսահա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 42.5 %-ը: Վերջինս նաև Ախուրյանի վրա շահագործում է «Մարմաշեն» հէկը: «Մուսահա» ՍՊԸ-ի 7,5 %-ը Արտակ Ադամյանի կնոջ անունով է՝ Մարինա Խաչատրյանի։ Մնացած 42,5 %-ը ընկերության տնօրեն, գյումրեցի Սաշա Անդրիասյանինն է, իսկ 7,5 %-ը նրա հետ նույն հասցեում հաշվառված Սիրանուշ Ամիրջանյանինը։

Արտակ Ադամյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ իրենք շատ փոփոխություններ չեն արել հայտում, ընդամենը շտկել են դիտողություններն ու բացթողումները՝ կապված ջրի ծավալների ու ձկնուղու հետ։ Իրենց նախատեսած հէկն առհասարակ որևէ կերպ չի առնչվում նախորդ հէկերի հետ։

Արտակ Ադամյանն ասաց, որ իրենք շուրջ 4 մլն դոլարի ներդրում են պատրաստվում անել այդ հէկում, ապահովել շուրջ 20-25 աշխատատեղով։

Հանրային առաջին լսումներն արդեն կայացել են, և բնակիչները դրական են արտահայվել։ Երկրորդ լսումները նախատեսված են մարտի 21-ին Ջրաձոր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ 

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter