Բրյուսելում մեկնարկել է Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Երկկողմ բանակցությունների սկզբում Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին, այնուհետ արվել համատեղ լուսանկար։
Ինչպես հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:
Հանդիպման ձևաչափը տետատետ է, մասնակցում են միայն երկու առաջնորդները։
Սպասվում է, որ շուտով կմեկնարկի նաև եռակողմ հանդիպումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր երեկոյան Բրյուսելում կկայանա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա արդեն բրյուսելյան ձևաչափի թվով երրորդ հանդիպումն է, որից առաջինը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և շարունակվել 2022 թվականի ապրիլի 6-ին։
Մայիսի 22-ին կայանալիք հանդիպման մասին հայտնի էր դարձել միայն մի քանի օր առաջ։ Մայիսի 19-ին Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ «Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,- նշվում էր հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե քննադատություն կա, որ հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, Գրիգորյանը պատասխանել էր.
«Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետև Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում»։
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հանդիպումից հետո կտարածվի համատեղ հայտարարություն, թե՝ ոչ։
Լուսանկարը՝ արխիվային/ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել