HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապան քաղաքին մինչ օրս սպասարկել է ընդամենը մեկ շտապօգնության մեքենա

Շուրջ 37 հազար բնակիչ ունեցող Կապան քաղաքը մինչ օրս սպասարկել է ընդամենը մեկ շտապօգնության մեքենա։ Սյունիքի մարզկենտրոնին ու դրա կազմի մեջ մտնող նախկին բանավաններին եւ գյուղերին սպասարկող մեկ բրիգադի կազմում են մեքենայի վարորդը, բժիշկն ու բուժքույրը։

Քանի որ Կապանի ռելիեֆը բարդ է, իսկ թաղամասերն իրարից հեռու, ստացվում է հետեւյալ պատկերը․ եթե քաղաքի հարավային ծայրում գտնվող Վաչագան գյուղից կանչ լինի, բրիգադը մեկնի այնտեղ, իսկ հետո մի կանչ էլ գրանցվի, ասենք, Կապանի արեւմտյան ծայրամասից՝ Համլետավան գյուղից (այս երկուսի հեռավարությունը 16 կմ է), ապա Համլետավանի բնակիչը պետք է սպասի այնքան, մինչեւ Վաչագանում բրիգադը կսպասարկի քաղաքացուն ու կմեկնի երկրորդ կանչի հետեւից։ Էլ չենք ասում, թե ինչքան պիտի սպասի տվյալ անձը, եթե բարդություններ ծագեն, օրինակ՝ կարիք լինի հոսպիտալացնել Վաչագանում կանչ գրանցած քաղաքացուն։

2017-ին խոշորացման եղանակով Կապան քաղաքին է միացել Կապանի նախկին շրջանի 31 գյուղական համայնք (Կապանի նախկին շրջանում մեկ այլ փունջ է ձեւավորվել Քաջարան քաղաքի շուրջ, որին միացել է 4 գյուղական համայնք)։ Սա խոշորացումից առաջ եղած համայնքների թիվն է, այնինչ եթե վերցնենք ընդհանուր բնակավայրերի քանակը, ապա այսօր Կապան համայնքը ներառում է 38 բնակավայր՝ Կապան քաղաքն ու 37 գյուղ։ Բայց, ինչպես ասվեց, հենց ինքը՝ Կապանն էլ մասամբ կազմված է նախկին բանավաններից ու գյուղերից, որոնք իրարից բավական հեռու են։

Այսօր այս բոլորին սպասարկում է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն։ Վերջինիս տնօրեն Կարեն Մելքոնյանը «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մինչեւ կորոնավիրուսի համավարակը ԲԿ-ն շտապօգնության ծառայության աշխատանքները կազմակերպում էր 1,5 բրիգադով։ Մեկ բրիգադը նախատեսված էր Կապանի քաղաքի բնակչության համար (ըստ ԲԿ-ի տվյալների՝ 37.102 մարդ), իսկ կես բրիգադը (վարորդ + բուժքույր)՝ հեռավոր կանչերի՝ խոշորացված համայնքի կազմում ներառված գյուղեր մեկնելու (ըստ ԲԿ-ի տվյալների՝ հեռավոր կանչերի շահառու է 1726 մարդ)։ 

Եթե հարկ է լինում հիվանդին Գորիս կամ Երեւան տեղափոխել, ապա յուրաքանչյուր անգամ դա կատարվում է տնօրենի հրամանով հաստատված լրացուցիչ բրիգադով։

«Համավարակով պայմանավորված, չնայած այն հանգամանքին, որ պետության կողմից երաշխավորված գլոբալ բյուջեով հաստատված «Շտապօգնության ծառայություն» հոդվածով գումարները մնացին անփոփոխ, ընկերության միջոցների հաշվին սկսեցինք շտապօգնության ծառայության աշխատանքները կազմակերպել 2,5 բրիգադով՝ 2 բժշկական բրիգադ եւ 0,5 բրիգադ հեռավոր կանչերի համար։ Տեղափոխումներն իրականացվում էին նույն սկզբունքով։ Բացի վերոգրյալից՝ Քովիդ-19-ի առավել ծանր ամիսներին նաեւ աշխատում էր 3-րդ շտապօգնության բրիգադը՝ միայն քովիդով վարակված հիվանդների սպասարկման համար»,- ասում է Կարեն Մելքոնյանը։

«Հետքը» տեղեկություն էր ստացել, որ շտապօգնության ծառայությունը Կապան քաղաքում կրկին իրականացվում է մեկ մեքենայով՝ բժշկական բրիգադով։ Տնօրեն Մելքոնյանն ասում է, որ պատժառը համավարակի ավարտն է։ Ըստ այդմ՝ այս տարվա մայիսի 1-ից, հաշվի առնելով համավարակի ավարտը, ԲԿ-ն անցել է հին ռեժիմին՝ Կապանին շարունակել է սպասարկել շտապօգնության 1 բրիգադ, իսկ հեռավոր կանչերին՝ 0,5 բրիգադ։ Սակայն մայիսի 6-ին ԲԿ-ի տնօրենը հրաման է արձակել շտապօգնության ծառայություն իրականացնելու համար երկրորդ ֆելդշերական բրիգադ (վարորդ + բուժքույր) ստեղծելու մասին։

Կապանի բժշկական կենտրոնն ունի շտապօգնության 13 մեքենա, որոնցից սարքին է 11-ը։ Ներկայում շատպօգնության աշխատանքը կազմակերպվում է այդ 11-ից 8 մեքենայով, որոնք սպասարկում են թե՛ Կապան քաղաքը, թե՛ գյուղերը։ Շտապօգնության աշխատողները 24 հոգի են, նրանցից 4-ը ներքին համատեղությամբ հերթապահ բժիշկ են։ ԲԿ-ի տնօրենը հայտնել է, որ այս տարվա ընթացքում շտապօգնության ծառայությունում կրճատումներ չեն եղել, երկու վարորդ ազատվել են աշխատանքից իրենց նախաձեռնությամբ՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։

Արձագանքելով հարցին, թե արդյոք կրճատումից հետո շտապօգնության ծառայությունը կարողանում է լիարժեք կատարել իր գործառույթը, Կ․ Մելքոնյանը պատասխանել է․ «ՀՀ առողջապահության նախարարի հաստատած չափորոշիչների համաձայն՝ շտապօգնության կանչերի հաշվարկային նորմատիվը տարեկան 1000 բնակչի հաշվարկով 135 կանչ է, մեր դեպքում՝ տարեկան 5242 կանչ, իսկ օրական՝ 14,4 կանչ։ Շտապօգնության մեկ բրիգադը օրական պետք է սպասարկի 12-14 կանչ՝ հիմք ընդունելով, որ մինչեւ 20 կմ հեռավորությամբ ստացված կանչի առավելագույն տեւողությունը 1 ժամ է, իսկ 20 կմ-ից ավելը՝ 1,5 ժամ։ Նշված նորմատիվներով է ֆինանսավորվում մեր ընկերությունը՝ օրական մեկ բրիգադի հաշվարկով»։

Մեր աղբյուրը հայտնել էր, որ իրականում հաճախակի են դեպքերը, երբ Կապանը սպասարկող բրիգադը թղթի վրա նշված 12-14 կանչի փոխարեն օրական սպասարկում է 20 եւ ավելի կանչ, այսինքն՝ նախարարի հաստատած նորմատիվները չեն համապատասխանում իրողություններին։

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն գործում է Սյունիքի մարզպետարանի ենթակայությամբ։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին հարցրել էինք, թե արդյոք շտապօգնության մեքենաների կամ որ նույնն է՝ հերթապահող բրիգադների կրճատումից հետո առկա քանակը (ընդամենը 1 բրիգադ) բավարար է՝ բնակչությանը պատշաճ եւ որակյալ շտապօգնություն ցուցաբերելու համար։ Ի պատասխան սրա՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը փոխանցել է, որ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության մասնագետների եւ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինության հետ քննարկվել է ԲԿ-ի շտապօգնության ծառայության մեքենաների կրճատման հարցը։ Տնօրեն Կարեն Մելքոնյանը հայտնել է, որ այսօրվանից՝ մայիսի 23-ից, ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարի հրամանը շտապ բժշկական օգնության ծառայության չափորոշիչների մասին, որի պահանջների համաձայն՝ այսօրվանից Կապանի ԲԿ-ում շտապօգնության աշխատանքները կազմակերպվելու են 2 շուրջօրյա բրիգադով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter