HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Օնիքսումը» Հայաստանում 9 մլն դոլար է ներգրավել իր ցանցում․ 11 անձի մեղադրանք է առաջադրվել

«Օնիքսում» ընկերությունը Հայաստանում իր գործունեության ընթացքում ենթադրյալ ֆինանսական բուրգում ներգրավել է 9 միլիոն 188 հազար դոլարին համարժեք դրամական և գույքային այլ միջոցներ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հատնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Հիշեցնենք՝ այս ընկերության գործունեության վերբաերյալ «Հետքը»-ը հոդված էր հրապարակել դեռևս 2019 թվականի դեկտեմբերին։ Պարզել էինք, որ «Օնիքսում» կազմակերպության աշխատանքի սխեման շատ նման է ֆինանսական բուրգի։ Հյուրանոցային փաթեթի ձեռքբերման քողի տակ կազմակերպությանը անդամակցող յուրաքանչյուր մարդու եկամուտը պայմանավորված է նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

11 անձի մեղադրանք է առաջադրվել, 500 անձ ունի տուժողի կարգավիճակ

«Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ Հայաստանում երկու քրեական գործ էր հարուցվել, որոնցից առաջինը 2018թ․ նոյեմբերին՝ Քննչական կոմիտեում, իսկ երկրորդը՝ 2020թ․ փետրվարին՝ Ազգային անվտանգության ծառայությունում։ Այժմ այդ քրեական գործերը միացվել են իրար և քննվում են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։

Ինչպես «Հետքին» հայտնել է Քննչական կոմիտեն, 2017 թվականին կազմակերպված հանցավոր խումբը Հայաստանում հիմնել է «Vodanet British LTD» անունով գործող ենթադրյալ ֆինանսական բուրգի մասը, որի համակարգողները առանց իրավական ձեռնարկատիրական գործունեության ներգրավվել են 12 հազար ներդրողի, որոնցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ցանցի բացահայտումից հետո «Vodanet British LTD» բուրգի համակարգողները վերակազմակերպվել և շարունակել են գործել «Օնիքսում» անվան ներքո։ Կազմակերպության դիտավորյալ գործողությունների հետևանքով՝ ենթադրյալ ֆինանսական բուրգում ներգրավել է 9 միլիոն 188 հազար 590 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական և գույքային այլ միջոցներ։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի ընթացքում տուժող է ճանաչվել 500 անձ։ 11 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 189․1 հոդվածի 3-րդ մասին 1-ին և 3-րդ կետերով սահմանված հանցագործությունները կատարելու համար (կազմակերպված խմբով ֆինանսական բուրգում առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք ներգրավելը)։

Քննչական կոմիտեն նպատակահարմար չի գտել հրապարակել նախաքննությանն առնչվող այլ տեղեկություններ։

Արցախում «Օնիքսումը» իր ցանցում ներգրավել է 350 միլիոն դրամ

2019 թվականից սկսած «Օնիքսումի» ցանը տարածվել է նաև Արցախի Հանրապետությունում։ Արցախի գլխավոր դատախազությունը, պատասխանելով «Հետքի» հարցմանը, նշել է, որ կազմակերպությունը հյուրանոցային փաթեթների ամրագրման առցնաց ծառայություններ մատուցելու անվան ներքո ներգրավել է մոտ 500 քաղաքացու, որոնցից յուրաքանչյուրի նյութական օգուտ ստանալը եղել է բացառապես նոր անձանց ներգրավելու և նրանց կողմից գումար ներդնելու դեպքում։ Այս սխեմայով Արցախում «Օնիքսումը» ներգրավել է շուրջ 350 միլիոն դրամ, որը կանխիկ կամ այլ արժույթի փոխակերպելու եղանակով փոխանցվել է ենթադրյալ ֆինանսական բուրգի առավել բարձր դիրքում գտնվող անձանց։

ԱՀ քրեական օրենսգրքի 197․1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը) հարուցված քրեական գործի վարույթը 2020թ․ սեպտեմբերի 27-ին կասեցվել է՝ երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով։ 2022թ․ ապրիլի 20-ին գործի վարույթը վերսկսվել է և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործի հետագա նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեին հանձնարարելու առաջարկությամբ։ 

Արցախում հարուցված քրեական գործով ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, տուժողի կարգավիճակ ևս որևէ մեկին չի տրվել, իսկ ընկերության հասցրած նյութական վնասների չափերը դեռևս պարզվում են։

Հ․Գ․ հարկ է նշել՝ չնայած «Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ գրեթե 4 տարի է, ինչ քրեական գործ է քննվում, տարբեր մարդկանց մեղադրանք է առաջադրվում, այնուամենայնիվ կազմակերպություն հենց այս պահին էլ շարունակում է իր գործունեությունը Հայաստանի և Արցախի հանրապետություններում և հարյուրավոր քաղաքացիների նյութական վնաս հասցնում։

Մեկնաբանություններ (3)

Արշակ Ադամյան
Օնիքսումի մասին ձեր հոդվածները ցնդաբանություն են։ Հազարավոր մարդիկ booking.com-ով են հյուրանոցային համար ամրագրում, հազարավորն էլ՝ onyxum.com-ով և իրենց վճարած գումարի դիմաց ստանում համարժեք ծառայություն։ Ի՞նչ տարբերություն, կարո՞ղ եք ասել։ Ես չեմ իմացել մի դեպք, որ կազմակերպությունը փողը վերցնի և հանգիստ չտրամադրի։ Ցույց տվեք գոնե մեկ հոգու, եթե ձեզ համարում եք հետաքննող լրագրող։ Ես ինքս էլ լրագրող եմ, և գիտեմ, որ չկա լրագրություն՝ առանց փաստի։ Իսկ եթե ուղղակի ձեր ամսական նյութերի քանակն ապահովելու համար եք երբեմն-երբեմն վերհանում այս թեման, դա ուրիշ հարց է։ Ուղղակի այդ դեպքում «Հետք»-ի հանդեպ ընկալումը փոխվում է։ Ես ինքս իմ ընտանիքով չորս անգամ հանգստացել եմ Ջերմուկի Ջերմուկ հոթելում, ևս երկու անգամ՝ Դիլիջանի Դիլջան ռեզորթում։ Իսկ ցանցային մարկետինգի ու ֆինանսական բուրգի տարբերությունը հասկանալու համար, օրինակ, կարելի է մեկ անգամ կարդալ ՀՀ Կենտրոնական բանկի վերլուծությունները։ Եթե իրոք հիմնվում եք փաստերի վրա, կարծում եմ, հարկ կհամարեք կարդալ․ ահա, հետևյալ հղմամբ բացեք «Ֆինանսական բուրգերի վերաբերյալ​​» հոդվածը և կարդացեք «Ցանցային մարկետինգի մոդելով գործող ֆինանսական բուրգեր» գլուխը 4-րդ էջում՝ https://www.cba.am/Storage/AM/downloads/FDK/Annual%20Reports/Analysis_on_pyramids_arm.pdf
Արման Պողոսյան
Հարգելի գորՀարգելի գործընկերներ, եղեք ավելի պրոֆեսիոնալ, ճշտեք ամեն ինչ հետո նոր հրապարակեք թվացիալ կասկածները կամ մեղադրանքները։ Մի պահ փորձենք տրամաբանենք, թե ինչ է նշանակում 500 անձ համարվել է տուժող, ոնց է համարվել տուժող, գնել է փաթեթ իր սեփական օգտագործման համար ու համարվել է տուժո՞ղ, չեք կարծում որ տրամաբանությունից դուրս է, օրինակ որ հիմա խանութից գնեք հեռախոս պետք է ասեք Դուք տուժել ե՞ք, չէ որ Ձեր օգտագործման համար եք գնել։ Իսկ ինչ մնում է ենթադրյալ հյուրանոցային փաթեթներին, կհիասթափեցնեմ Ձեզ ասելով որ ենթադրյալ չի, ես անձամբ իմ ընտանիքիս հետ գնացել եմ հանգստացել եմ ու շատ գոհ եմ, որ Օնիքսում ընկերությունը պատճառ դարձավ, որ ես էլ ինձ լիարժեք մարդ զգամ, թե չէ ինչ է առավոտից երեկո միայն աշխատում ենք, հանգստի մասին չենք մտածում, հիմա որ ուրիշ տուրիստականներից գնեք Ձեր հանգստի փաթեթը, բա ինչի՞ չեք անհանգստանում որ չեք խաբվելու, բա որ Ձեզ վատ զգացիք, Ձեր գումարը 100% վերադարձնում են հետ, թե 51% որպես բարեխիղճ վերադարձ նորմալ եք գտնու՞մ, բա որ լավ ինֆորմացվեք, կիմանաք որ Օնիքսում ընկերությունում եթե տվյալ մարդը չցանկացավ համագործակցել իր հետ 21 օրվա ընթացքում, չօգտագործաց փաթեթի 100% գումարը հետ է վերադարձնում։ Բա սրա մասին ինչի՞ չեք գրել։ Մի փոքր էլ մանրամասնեմ սովորական տուրիստականների և Օնիքսում ընկերության տարբերությունը։ Տուրիստականներից օգտվելիս Ձեզ միայն հուշ է մնում տարբեր երկրներից բերած սառնարանի մագնիսները եվ մի քանի հատ լուսանկարներ, իսկ Օնիքսում ընկերության հաճախորդներին հնարավորություն է տրվում գումար վաստակել, ուղղակի եթե հաճախորդին դուր է գալիս տվյալ հյուրանոցը, որը ամրագրել է Օնիքսում ընկերության միջոցով, ստացել է վաուչեր՝ հաստատող փասթաթուղթ և բարձրակարգ հանգիստ է ունեցել, պետք է խորհուրդ տա իր շրջապատին որ օգտվեն փորձված ու բարձրորակ ծառայությունից։ Որտե՞ղ տեսաք մարդկանց ներգրավում, օրինակը այլ ֆորմատով բերեմ տրամաբանեք․ օրինակ դուք որ շոր ու կոշիկ եք գնում խանութից, հարցնում են չէ՞ Ձեզ շրջապատող մարդիկ թե որտեղի՞ց եք գնել տվյալ ապրանքները, Դուք էլ մատնանշում եք այդ խանութները ու պոտենցիալ հաճախորդ եք ուղղարկում։ Խանութի տերը վաճառում է ապրանքը ու գումար աշխատում, իսկ Ձեզ այդտեղից ոչինչ, իսկ Օնիքսում ընկերությունը արժևորում է իր գոհ հաճախորդի խոսքը և դրա դիմաց պարգևատրում։ Եվ այսպես բիզնես 0 դրամով, քանի որ ինչ փաթեթ որ գնել եք մինչև վերջի լուման օգտագործում եք Ձեր բարձրակարգ հանգիստը վայելելու վրա։ Իսկ Օնիքսում ընկերությունը գործում է ու էլի շարունակելու է գործել, քանի որ իմ պես մարդիկ գիտեն, որ իր գործը արդար է և ազնիվ, իսկ ինչի մինչև օրս չի փակվել, քանի որ չկա ապացույց իր անօրինական լինելու վերաբերյալ։ ԾԱՆՈՒՑՈՒՄ․ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՆՄԵՂ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆՐԱ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՉԷ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ՝ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌՈՎ։
Թամարա
Onyxum կազմակերպության տրամադրած փաթեթներով հյուրանոցային գիշերներ ենք ամրագրել և անձամբ ինքս իմ ընտանիքով հանգիստ եմ անցկացրել Հռոմում, Փարիզում, Գենտում(Բելգիա) , Ջերմուկ ռեզորթում և վերջին ամրագրումը՝ 07.05.22-08.05.22-ը Բրյուսելի Marriott հյուրզնոցում . Մեկ գիշերվա համար ամրագրել ենք 13 բարձրակարգ համարներ։ նկար ուղարկելու հնարավորություն եթե տաք ապագույցները կուղարկեմ։ Կարծում եմ հոդված գրելուց առաջ պետք է ամբողջությամբ ուսումնասիրություն անեք , լրագրողը նաև վերլուծություն պետք է անի՝ ՝ ուսումնասիրելով բոլոր կողմերին։ Կարող եմ ձեզ հեռախոսահամար ուղարկել Բրյուսելի Մարիոտ հյուրանոց զանգահարելու համար։ Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ձեր խմբագրությանը ոչ վստահելի վերաբերմունք է ձևավորում։ Պատրաստ եմ հարցազրույցի եթե կցանկանաք ճշտել ինֆորմացիան ։ էլ հասցես գրել եմ Հարգանքներով՝ Թամարա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter